Աղավնաձորում կսկսվեն խաղողի մեծածավալ մթերումները


Աղավնաձորում կսկսվեն խաղողի մեծածավալ մթերումները

  • 09-10-2013 16:21:11   | Վայոց ձորի մարզ  |  Տնտեսություն

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հոկտեմբերի 9-ին հանդիպեց Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղում խաղողի մթերումների հետ կապված բողոքի ցույց իրակականացնող գյուղացիներին, որից հետո այդ հարցը կարգավորվեց: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: «Վերամշակողներն ու գյուղացիները պայմանավորվածություն ձեռք բերեցին, որ վաղվանից արդեն կսկսվեն մեծածավալ մթերումները»,- ասաց Մակարյանը: Գյուղատնտեսության փոխնախարարը նշեց, որ կողմերը փոխշահավետ գնի շուրջ են պայմանավորվել՝ կիլոգրամի համար 200 ՀՀ դրամ:
Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղում գյուղացիները խաղողի մթերումների և դրա գնի շուրջ բողոքի ցույցի էին դուրս եկել՝ սպառնալով փակել ճանապարհը: Դեպքի վայր էր մեկնել ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: Քննարկում է անցկացվել խաղող մթերող  խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն