ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հանձնեց անվանական կրթաթոշակներ


ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը հանձնեց անվանական կրթաթոշակներ

  • 10-10-2013 16:32:11   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հոկտեմբերի 10-ին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից սահմանված ամենամյա անվանական կրթաթոշակների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի ռազմական ուսումնական հաստատությունների և բուհերի ռազմահոգեբանական ֆակուլտետների գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների միջև անցկացնել ինտելեկտուալ մրցույթ, որի հաղթողներն արժանանում են Գարեգին Նժդեհի, Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի և Վազգեն Սարգսյանի անվան կրթաթոշակների։ Այս տարի այս մրցանակներ ստացան Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանող Նոբլերտ Նազարյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանող Գրիգոր Կորկոտյանը, ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սան Վահագն Գրիգորյանը և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ուսանող Գևորգ Հարությունյանը: Կրթաթոշակներն ուսանողներին հանձնեցին Աշոտ Նավասարդյանի այրին՝ Հասմիկ Նավասարդյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը: Մի շարք ուսանողների տրվեցին նաև խրախուսական մրցանակներ: 
Իր ողջույնի խոսքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը նշեց, որ հատուկ ուշադրության են արժանանում գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողները, հատկապես, եթե նրանք պետք է համալրեն ՀՀ զինված ուժերը: Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ կրթաթոշակները կրում են այն մարդկանց անունները, որոնք անգնահատելի դեր են ունեցել մեր հայրենիքի կայացման գործում: 
Առաջին՝ Գարեգին Նժդեհի անվան մրցանակը հանձնեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նա շեշտեց, որ միջոցառումը քաղաքական բնույթ չի կրում: Նրա խոսքով՝ թե՜ Գարեգին Նժդեհը, թե՜ Անդրանիկ Մարգարյանը, թե՜ Վազգեն Սարգսյանը, թե՜ Աշոտ Նավասարդյանը Հայաստանի հանրապետական կուսակցության սեփականությունը չեն, նրանք վեր են նեղանձական, խմբակային սահմաններից և պատկանում են ողջ ժողովրդին։ 
Անդրանիկ Մարգարյանի անվան մրցանակը հանձնեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Վերջինս նշեց, որ միջոցառմանը մասնակցում է ոչ որպես քաղաքապետ, այլ որպես Անդրանիկ Մարգարյանի որդի: 
Աշոտ Նավասարդյանի անվան մրցանակը հանձնելով՝ վերջինիս այրին՝ Հասմիկ Նավասարդյանը, իր շնորհավորական խոսքում կոչ արեց երիտասարդներին պահպանել մեր այդքան դժվարությամբ ձեռք բերած անկախությունը: 
Եզրափակիչ խոսքում Կ. Ավագյանը հույս հայտնեց, որ հետագա տարիներին գերազանց առաջադիմությամբ ուսանողների թիվն այնքան շատ կլինի, որ դժվարություն կառաջանա ընտրության հարցում: Նշենք, որ կրթաթոշակառուները մեկ ուսումնական տարվա ընթացքում ամեն ամիս կստանան 25000-ական դրամ կրթաթոշակ: 
 
 
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play