Ավարտվում են մայրաքաղաքի բակերի բարեկարգման աշխատանքները


Ավարտվում են մայրաքաղաքի բակերի բարեկարգման աշխատանքները

  • 22-10-2013 18:23:26   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի զարգացման 2013թ-ի ծրագրերի շրջանակում արդեն ավարտական փուլում են մայրաքաղաքի բակերի համալիր բարեկարգման ու նոր այգիների և պուրակների ստեղծման աշխատանքները: 


Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ Չարբախ թաղամասի Շիրակի 12 և 14 հասցեի շենքերի բակում բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է հերթական նորաստեղծ հանգստի գոտին: 


Շուրջ 6000 քմ տարածք զբաղեցնող հատվածում կառուցվել է նոր պուրակ: Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին մայրաքաղաքն օրեցօր առավել հարմարավետ դարձնելու համար՝ թաղամասի բնակիչները նշել են, որ նորաստեղծ հանգստի գոտու տարածքը տասնամյակներ շարունակ եղել է ամայի ու անբարեկարգ: Իսկ այսօր, ընդամենը մի քանի ամսում, բնակիչների հանգստի կազմակերպման համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները: 


Տարածքի բարեկարգման շրջանակում տեղադրվել են գեղարվեստական ձևավորմամբ բետոնե սալեր, եզրաքարեր, կառուցվել է փոքրիկ շատրվանային համալիր: Բնակիչների հանգիստը հավուր պատշաճի կազմակերպելու նպատակով տարածքը կահավորվել է նստարաններով, զրուցարաններով, անցկացվել է արտաքին լուսավորության և ոռոգման նոր համակարգ: Հանգստի գոտին ձևավորվել է նաև ծաղկային կոմպոզիցիաներով: 


Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բնակիչների հետ միասին գնահատելով կատարած աշխատանքները, մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանի որդեգրած քաղաքականության հիմնանպատակը Երևանի համաչափ զարգացման ապահովումն է, և որ բարեկարգման ծրագրերը հետևողականորեն շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև մայրաքաղաքի բոլոր բակերը լինեն բարեկարգ: 


<<Հերթական աշխատանքային շրջայցերից մեկի ժամանակ, երբ այցելեցինք այստեղ, բնակիչները դիմեցին բակի բարեկարգման հարցով: Տարածքն ամբողջությամբ զբաղեցված էր ապօրինի բոստանային տարածքներով ու ավտոտնակներով: Այդ տարածքներն օգտագործող բնակիչների հետ տարված բանակցությունների արդյունքում այսօր ունենք նման հրաշալի հանգստի գոտի, որը ծառայում է բակի բոլոր բնակիչներին: Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն բնակիչներին, ովքեր իրենց իսկ նախաձեռնությամբ օգնեցին մեզ ազատել բակային տարածքն ու իրականացնել համալիր բարեկարգման աշխատանքներ>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: 

 
Շրջայցի շրջանակում վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Չեխովի 31/1, Եղիշե Թադևոսյան 15/1, 5/7 և Արշակունյաց 47 շենքերի բակային տարածքներ, որտեղ ևս այս տարվա ծրագրով բակերի համալիր բարեկարգման աշխատանքներ են իրականացվել: 


Ծրագրի շրջանակում բարեկարգված բոլոր բակերը կահավորվել են մանկական խաղահրապարակներով, նստարաններով ու զրուցարաններով, ինչպես նաև ապահովվել են նոր արտաքին լուսավորության համակարգով և ոռոգման ցանցով: Օգտվելով առիթից՝ բնակիչներն իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել քաղաքապետին՝ երկար տարիներ անուշադրության մատնված իրենց բակային տարածքները բարեկարգելու սպասված ծրագրի համար: 


Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին մեկ անգամ ևս շեշետել է, որ քաղաքապետարանի տարեկան ծրագրերը կազմվում են հիմնականում հենց բնակիչների կողմից առաջադրվող առաջնահերթություններով, որոնց հիմքում նախ և առաջ դրված է հարմարավետ մայրաքաղաք ունենալու հիմնանպատակը: 


<<Յուրաքանչյուր տարի շուրջ 400 բակեր, այգիներ ու պուրակներ ենք կառուցելու մայրաքաղաքում: Մենք խոստացել ենք մեր բնակիչներին, որ բոլոր այն բակերը որոնք դեռևս անբարեկարգ են, անպայման ընդգրկվելու են բարեկարգման մեր ծրագրերում: Առաջիկա չորս տարիների ընթացքում փորձելու ենք բարեկարգել մայրաքաղաքի բոլոր բակերը և հանձնել մեր բնակիչների տնօրինմանը>>,- նշել է քաղաքապետը: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play