Երևանի քաղաքապետարանն ունի օբյեկտիվորեն գնահատված ֆինանսական համակարգ


Երևանի քաղաքապետարանն ունի օբյեկտիվորեն գնահատված ֆինանսական համակարգ

  • 23-10-2013 13:24:10   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Համաշխարհային բանկի անմիջական և գործնական աջակցությամբ ու օժանդակությամբ քաղաքապետարանի  ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության գնահատման արդյունքների ամփոփման աշխատաժողովը։ Քաղաքապետարանի հանրային ծախսերի և ֆինանսական հաշվետվողականության վերլուծությունն (PEFA)  իրականացվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի ֆինանսական կառավարման համակարգի գնահատման առաջին փորձն է։  


Երևանի քաղաքապետի տեղակալ  Վահե Նիկոյանը Երևանի քաղաքապետի անունից շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափփիին  համատեղ և արդյունավետ աշխատանքի համար։ 

<<Երևանի քաղաքապետարանն այսօր արդեն ունի օբյեկտիվորեն գնահատված ֆինանսական համակարգ։ Հաջողված այս ծրագիրը Երևանի քաղաքապետարանի և Համաշխարհային բանկի ուղղակի համագործակցության առաջին քայլն է, և մենք լիահույս ենք, որ համագործակցությունը լինելու է ավելի ընդգրկուն։ Աշխատանքների արդյունքում PEFA-ի ցուցանիշային միավորների հիման վրա մենք նախանշել ենք այն ուղղությունները, որոնք անհրաժեշտ են Երևանի ֆինանսական կառավարման բարեփոխումների ծրագրի լրամշակման, ինչպես նաև հաշվետվողականության կատարելագործման համար։ Այս ամենը իրականացվել է այն կարևոր նպատակով, որ քաղաքապետարանն ընդհանրապես, իսկ քաղաքի ֆինանսական կառավարման համակարգերը հատկապես, լինեն օրինակելի, շահարկումներից զերծ և համապատասխանեն այս բնագավառի միջազգային լավագույն փորձին և որպես արդյունավետ գործիք ծառայեն քաղաքի ֆինանսական կառավարման համակարգի ռազմավարական ծրագրի իրականացմանը>>,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։ 


Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափփին ընդգծել է, որ ծրագրի արդյունավետությունը լավ գործակցության արդյունք է։  
<<Մայրաքաղաք Երևանն իր դերակատարմամբ բացառիկ նշանակություն ունի Հայաստանի ընդհանուր կառավարման համակարգում, քանզի այստեղ են կենտրոնացած երկրի բնակչության և տնտեսվարողների հիմնական և որոշիչ մասը: Իրականացված ծրագրի նպատակը PEFA-ի կատարողական ցուցանիշների չափման շրջանակում Երևան համայնքի ֆինանսական հաշվետվողականության գնահատումն էր, նրա ուժեղ և թույլ կողմերի վերհանումը, վերլուծությունը։ Այս գնահատականները կարող են ծառայել որպես կարևոր գործիք՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան բարեփոխումների համար>>,- նշել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափփին։ 
Համագործակցության արդյունքում կողմերն ակնկալում են, որ բանկը, կստանձնի Երևանի քաղաքապետարանի համար կարևոր այս բարեփոխումների աջակցության  առաջատարի դերը և բացի բանկի ուղղակի և գործնական մասնակցությունից, այս կարևոր գործընթացի շուրջ կհամախմբվեն նաև այլ շահագրգիռ կազմակերպություններ, որոնց օժանդակությամբ Երևանի քաղաքապետարանը ձեռնամուխ կլինի հաջորդ՝ բարեփոխումների գործնական իրականացման  փուլին։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play