Խորհրդակցություն՝ մարզպետների մասնակցությամբ


Խորհրդակցություն՝ մարզպետների մասնակցությամբ

  • 25-10-2013 11:02:07   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը  հոկտեմբերի 24-ին մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունն անցկացրեց, որի ընթացքում քննարկվեցին  մարզերում իրականացվող ծրագրերի ընթացքին, 2014թ. բյուջետավարման գործընթացին, աշնան գյուղատնտեսական աշխատանքներին առնչվող հարցեր:
Զեկուցվեց հողօգտագործողներին աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գնով ազոտական պարարտանյութի եւ դիզվառելիքի բաշխման ծրագրերի ընթացքը: Նշվեց, որ արդեն բաշխվել է  նախատեսված պարարտանյութի հիմնական մասը` շուրջ 93 տոկոսը, դիզվառելիքի բաշխման գործընթացը շարունակվում է: Ընթացքում են նաեւ աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխման եւ  դրա դիմաց գումարների հավաքագրման աշխատանքները:  Փոխվարչապետը մարզպետներին հորդորեց ծրագրերի արդյունավետ իրականացումն ապահովելու համար անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Գյուղատնտեսության նախարարությանը:
Խորհրդակցությանը եւս մեկ անգամ քննարկվեցին 2014թ. պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների հաշվարկման սկզբունքների, ինչպես նաեւ  2014թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ պայմանավորված` համայնքային ենթակայության հիմնարկների համար անհրաժեշտ միջոցների նախատեսման հետ կապված հարցեր:
Փոխվարչապետը նշեց, որ պետք է հաշվարկները կատարվեն այնպես, որպեսզի  աշխատավարձերի գծով պարտքերի կուտակման ռիսկ չառաջանա:
Ա. Գեւոգյանն անդրադարձավ նաեւ աշխատավարձերի պարտքեր ունեցող համայնքների խնդրին: Աշխատավարձի պարտքեր են կուտակվել Գեղարքունիքի եւ Արմավիրի մարզերում:  Փոխվարչապետը մարզպետներին առաջարկեց աշխատել պարտք ունեցող համայնքների ղեկավարների հետ`անթույլատրելի համարելով ընթացիկ պարտքերի կուտակումը:
 
Քննարկվեցին նաեւ կառավարության ս.թ.  սեպտեմբերի 19-ի N 1105  որոշման իրականացման հետ կապված հարցեր: Որոշմամբ մարզերին ՀՀ կառավարության  պահուստային ֆոնդից հատկացվել է 500 մլն  դրամ` հրատապ խնդիրների լուծման եւ համայնքային նշանակության ծրագրերի համաֆինանսավորման նպատակով:
Զեկուցվեց, որ մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով նախատեսված աշխատանքները հիմնականում կատարված են, կատարողականը կազմում է 94 տոկոս: 
Խորհրդակցությանը տեղեկություններ ներկայացվեցին նաեւ  Հայաստանի մարզերի եւ ԼՂՀ վարչական շրջանների համագործակցության ծրագրերի կատարման մասին:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնումենոր Ա. Գեւորգյանը մարզպետներին հորդորեց ակտիվորեն աշխատել ԼՂՀ-ի գործընկեր շրջանների հետ եւ իրականացնել նախանշված բոլոր աշխատանքները: Քննարկվեցին ընթացիկ այլ հարցեր եւս:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play