Վարչապետը հանձնարարել է ՀՀ կառավարության նիստի օրակարգ ներառել «նոր սերնդի» ՀԴՄ-ների ներդրման ժամկետի երկարաձգման հարցը


Վարչապետը հանձնարարել է ՀՀ կառավարության նիստի օրակարգ ներառել «նոր սերնդի» ՀԴՄ-ների ներդրման ժամկետի երկարաձգման հարցը

  • 30-10-2013 18:02:00   | Հայաստան  |  Տնտեսություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը:
Հաստատված օրակարգի համաձայն՝ նիստում զեկուցվել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ: 
Հաջորդ հարցով քննարկվել են շրջանառության հարկի ներդրման վերաբերյալ ՀՀ մարզերում և Երևանում իրականացված մոնիթորինգի արդյունքները, որոնք ամփոփված էին փոքր և միջին բիզնեսի հարկային դաշտի վերաբերյալ վերլուծության մեջ: Այս համատեքստում, մասնավորապես, արծարծվել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում՝ դրույքաչափի վերաբերյալ փոփոխություն կատարելու հարցը: Ծավալվել  է մտքերի փոխանակություն, որի ընթացքում խորհրդի անդամներն իրենց առաջարկություններն ու դիտարկումներն են հնչեցրել քննարկվող խնդրի առնչությամբ: Ամփոփելով կառավարության ղեկավարը հանձնարարել է կազմակերպել առանձին քննարկում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Նիստում նաև անդրադարձ է եղել «նոր սերնդի» ՀԴՄ-ների ներդրմանը վերաբերող խնդիրներին: Ներկայացվել է, որ անհրաժեշտ է երկարաձգել ՀՀ կառավարության սեպտեմբերի 5-ին ընդունված որոշմամբ սահմանված ժամկետը, համաձայն որի՝ ԱԱՀ վճարողները պարտավոր էին ներդնել «նոր սերնդի» ՀԴՄ-ները ս.թ նոյեմբերի 1-ից, ինչպես նաև անհրաժեշտ է 500 մլն ՀՀ դրամից ցածր իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար սահմանել առավել ցածր արժեք: Քննարկման արդյունքում ժամկետը մեկ ամսով հետաձգելու և առավել ցածր արժեք սահմանելու նպատակով վարչապետը հանձնարարել է հարցը ներառել ՀՀ կառավարության՝ ս.թ հոկտեմբերի 31-ին նախատեսված նիստի օրակարգ:
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play