ՀՀ կառավարություն. ՀԴՄ-ները ձեռք կբերվեն առավել բարենպաստ պայմաններով


ՀՀ կառավարություն. ՀԴՄ-ները ձեռք կբերվեն առավել բարենպաստ պայմաններով

  • 31-10-2013 18:56:07   | Հայաստան  |  Տնտեսություն
ՀՀ կառավարությունը ՊԵԿ Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակին թույլատրել է 2012 թ. արդյունքներով 58.35 միլիոն դրամից մինչև 500 միլիոն դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին ՀԴՄ-ների իրացման գին սահմանել առավելագույնը մինչև 280 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), 2012 թ. արդյունքներով 58.35 միլիոն դրամից պակաս իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին ՀԴՄ-ների իրացման գին սահմանել առավելագույնը մինչև 150 հազար դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): Գրասենյակին հանձնարարվել է հարկ վճարողների կողմից ձեռք բերված ՀԴՄ-ների արժեքի գների տարբերությունն օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձնել հարկ վճարողներին: Այսպիսով, 58.35 միլիոն դրամից մինչև 500 միլիոն դրամ շրջանառություն ունեցող և մինչև 58.35 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ԱԱՀ վճարող համարվողների համար սահմանվում են ՀԴՄ-ների ձեռքբերման ավելի ցածր գներ: Բացի այդ, վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ գործարարներին մեկ ամիս ժամանակ պետք է տալ, որպեսզի նրանք հասցնեն ՀԴՄ-ներ ձեռք բերել նոր գներով: «Այս որոշմամբ մենք փաստորեն կատարում ենք մեր խոստումը, - հավելել է վարչապետը: - Մենք խոստացել էինք, որ փոքր և միջին ձեռնարկություններին ավելի էժան ենք տրամադրելու իրենց ՀԴՄ-ները: Այսօր մենք մեր խոստումը կատարում ենք` ասելով, որ ինքնարժեքից 30 տոկոս ավելի էժան ենք տալիս ի հաշիվ այն բանի, որ խոշորների համար ավելի բարձր գին ենք սահմանել: Հիմա այդ մարդկանց պետք է մեկ ամիս ժամանակ տանք, որ կարողանան ձեռք բերել այդ մեքենաները: Հաջորդ խնդիրը, որ մշտապես բարձրացնում են և իմ կարծիքով արդարացիորեն, այն է, որ մեզ մեղադրում են, որ Հայաստանում կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք կարող են այս ՀԴՄ-ները ավելի էժան ներմուծել: Մենք հայտարարել ենք, որ ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, որը կարող է այս սարքավորումներից ավելի էժան բերել և այդ սարքավորումները կհամապատասխանեն մեր կողմից սահմանված չափանիշներին, ապա նրանք կարող են դրանով զբաղվել և որևիցե մեկը չկա, որ կարող է դիմել ու մերժվել: Դրա համար ՊԵԿ-ին հանձնարարվում է, որ բոլոր այդպիսի դիմողներին ընդունի և նրանցից պահանջի, որ ներկայացնեն իրենց առաջարկները: Մենք, բնականաբար, ՀԴՄ-ները սիրով ձեռք կբերենք նրանցից, ովքեր ավելի էժան կբերեն»:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play