ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվեցին «ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի համատեղ քննարկումները


ԱԺ մշտական հանձնաժողովներում ավարտվեցին «ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի համատեղ քննարկումները

  • 04-11-2013 16:42:10   | Հայաստան  |  Տնտեսություն
 
1 / 3

Նոյեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում քննարկվեց «ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված արդյունաբերության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկ համակարգի եւ բնական պաշարների, սակագնային քաղաքականության, տնտեսական մրցակցության պաշտպանության, կադաստրի ոլորտների եկամուտներն ու ծախսերը, ինչպես նաեւ եկամուտների ձեւավորումը, հարկային եւ մաքսային քաղականությունը:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրեց նշված բնագավառների բյուջետային հատկացումների ընդհանուր պատկերը՝ տեղեկացնելով, որ ոլորտներին հատկացվելիք գումարների աճը հիմնականում պայմանավորված է աշխատավարձերի, ինչպես նաեւ գազի ու էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմամբ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը անդրադարձան համապատասխան ոլորտների բյուջետային ֆինանսավորմանը եւ ծրագրերին:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրեց եկամուտների ձեւավորման պատկերը, հարկային եւ մաքսային քաղականությունը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծախսային ծրագրերի համար 2014 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 2,382.5 մլն դրամ: Ծախսերը ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի համեմատությամբ ավել է 530.0 մլն դրամով: Մասնավորապես նախատեսվում է իրականացնել «Աջակցություն ՓՄՁ սուբյեկտներին», «Զբոսաշրջության աջակցության ծառայություններ», «Որակի ենթակառուցվածքների բարեփոխում», «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայություններ», «Պետական աջակցություն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացմանը», «ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցություն» ծրագրերը:

Քաղաքաշինության ոլորտին 2014 թվականին նախատեսվում է հատկացնել 13,183.1 մլն դրամ: Այդ միջոցներից ՀՀ քաղաքաշինության նախարարության ապարատի պահպանման համար նախատեսվում է 766.1 մլն դրամ, կրթական հաստատությունների հիմնանորոգման եւ շինարարության համար՝ 9,645.0 մլն դրամ, մարզական օբյեկտների հիմնանորոգման եւ շինարարության համար՝ 855.0 մլն դրամ: Բացի այս ծրագրերից գումարներ են նախատեսվում նաեւ մշակութային օբյեկտների շինարարության, հուշարձանների ամրակայման, նորոգման եւ վերականգնման, զոհված (մահացած) եւ առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների անօթեւան ընտանիքներին բնակարանով ապահովման եւ բնակարանային պայմանների բարելավման, վարչական օբյեկտների հիմնանորոգման եւ շինարարության համար:

Էներգետիկայի եւ բնական պաշարների ոլորտներին 2014 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 13,358.8 մլն դրամ: Ընթացիկ ծախսերին հատկացված միջոցներն ուղղվելու են «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծման ծառայություններ», «Ընդերքի մասին տեղեկատվության տրամադրման ծառայություն» ծրագրերի իրականացմանը: Միաժամանակ էներգետիկայի ոլորտում նախատեսվում է շարունակել եւ իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային եւ դրամաշնորհային միջոցներով ծրագրեր:

Տրանսպորտի եւ կապի ոլորտներին 2014 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 82,182.2 մլն դրամ: Ընթացիկ ծախսերի համար հատկացված միջոցները մասնավորապես ուղղվելու են «Ավտոճանապարհների պահպանում եւ շահագործում», «Մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային պահպանում, ընթացիկ պահպանում եւ շահագործում», «Հեռահաղորդակցության եւ կապի կանոնակարգման ծառայություններ», «Երկաթուղու շինարարություն» փակ բաժնետիրական ընկերությանը սուբսիդիայի տրամադրում», «Ուղեւորափոխադրումներից ստացված վնասի դիմաց «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սուբսիդիայի տրամադրում», «Հայաստանի Հանրապետության համայնքային բյուջեներին նպատակային հատկացումների, սուբվենցիաների տրամադրում» ծրագրերի իրականացմանը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին եւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին նախատեսվում է հատկացնել համապատասխանաբար 525 մլն եւ 290 մլն դրամ, որոնք հիմնականում պահպանման ծախսեր են:

Անշարժ գույքի կադաստրի ոլորտում իրականացվող քաղաքականությունը 2014թ. ուղղված է լինելու ՀՀ-ում անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման համակարգի զարգացմանը խոչնդոտող գործոնների վերացմանը եւ ՏՏ կիրառման բարձր մակարդակով համակարգի ձեւավորմանը:

2014 թվականի համար իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 5.2 տոկոսի չափով, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների եւ արդյունաբերության ճյուղերի աճերը: Աճի կանխատեսումը հիմնված է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականությամբ պայմանավորված բարեփոխումների իրականացման, գործարար միջավայրի բարելավման, մասնավոր եւ օտարերկրյա ներդրումների ավելացման ենթադրությունների վրա: Ի դեպ, արդյունաբերությունում իրական աճը կանխատեսվում է 7 տոկոս, գյուղատնտեսությունում` 5 տոկոս, շինարարության եւ ծառայությունների ոլորտներում, համապատասխանաբար 3 տոկոս եւ 5.2 տոկոս, իսկ արտադրանքի հարկերը (հանած սուբսիդիաներ)` 5 տոկոս:

Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեն կկազմի՝ եկամուտների գծով? 1 134.4 մլրդ դրամ, ծախսերի գծով` 1 244.9 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)? 110.5 մլրդ դրամ:

Պետական բյուջեի հարկային եկամուտները եւ պետական տուրքերը 2014 թվականի համար ծրագրվել են 1,092.3 մլրդ դրամի չափով:

Ավարտվեցին «ՀՀ 2014թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի համատեղ քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը տեղեկացրեց, որ առաջիկա երեք օրերի ընթացքում ԱԺ մշտական հանձնաժողովները կարող են հրավիրել իրենց ոլորտներին վերաբերող գերատեսչությունների ղեկավարներին, ստանալ բյուջեի վերաբերյալ իրենց մտահոգող հարցերի պատասխանները, որոնց հիման վրա էլ այդ ընթացքում կամփոփվեն քննարկումները եւ կներկայացվեն գրավոր առաջարկներ: 

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play