Երևանի քաղաքապետը կարևորել է մայրաքաղաք Վիլնյուսի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները


Երևանի քաղաքապետը կարևորել է մայրաքաղաք Վիլնյուսի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

  • 06-11-2013 15:43:39   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասի հետ: Ողջունելով հյուրին և ընդգծելով երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական հարաբերությունները՝ քաղաքապետը կարևորել է լիտվական քաղաքների և, մասնավորապես, մայրաքաղաք Վիլնյուսի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:  



<<Երևանի և Վիլյուսի հետ գործընկերային կապերի խորացման և քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման լայն հեռանկարներ կան: Այդ ուղղությամբ Երևանը մշտապես բաց  և պատրաստակամ է համագործակցելու: Իսկ Երևանում ձևավորված բարենպաստ ներդրումային դաշտը փոխշահավետ համագործակցության զարգացման լավ հնարավորություն է ընձեռում>>,- հատկանշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար՝ Էրիկաս Պետրիկասը, առիթից օգտվելով, նախ շնորհավորել է Տարոն Մարգարյանին Երևանի 2795-ամյակի կապակցությամբ, ապա նշել, որ իրենք ևս շահագրգիռ են Երևանի հետ առկա համագործակցության  շրջանակների  առավել ընդլայնմամբ: 


<<Այն զգալի և տեսանելի փոփոխությունները, որոնք կատարվում են Երևանում, գնահատելի են: Եվ, ըստ այդմ, պետք է քայլեր ձեռնարկենք Երևանի հետ գործակցությունն էլ ավելի ամրապնդելու և խորացնելու ուղղությամբ>>,-նշել է ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպանը, նաև առաջարկել է քննարկել Երևանում Լիտվայի հրապարակ ունենալու հնարավորությունը:
Տարոն Մարգարյանը, մեկ անգամ ևս վերահաստատելով քաղաքապետարանի մոտեցումները, հատկանշել է, որ հոկտեմբերին Երևանում կայացած Եվրոպայի Խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողովին Վիլնյուսի քաղխորհրդի քարտուղարի մասնակցությունը ևս մեկ խոսուն օրինակ է, որ երկու մայրաքաղաքների միջև առկա է հարաբերությունները խորացնելու և զարգացնելու ցանկությունը։ Իսկ Երևանում Լիտվայի հրապարակ ունենալու գաղափարին ի պատասխան, քաղաքապետն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ և քննարկել հարցը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ կողմերը քննարկել են նաև Վիլնյուսի հետ քույր քաղաքների հռչակման մասին համաձայնագիր հետ կապված հարցեր:

 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play