Ա. Գեւորգյանը մասնակցել է Սյունիքի մարզի ներդրումային համաժողովին


Ա. Գեւորգյանը մասնակցել է Սյունիքի մարզի ներդրումային համաժողովին

  • 11-11-2013 19:22:08   | Սյունիքի մարզ  |  Տնտեսություն

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Սյունիքի մարզ, Կապանում ներկա գտնվեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Սյունիքի մարզպետարանի կողմից կազմակերպված` մարզի ներդրումային համաժողովի բացմանը:
Եռօրյա համաժողովի նպատակը գործարար շրջանակներին, դոնոր կազմակերպություններին, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներին մարզի տնտեսության ոչ լեռնահանքային հատվածի ներդրումային հնարավորությունների ներկայացումն է: Համաժողովին մասնակցում են նաեւ պետական, տարածքային եւ տեղական մարմինների ներկայացուցիչներ, միջազգային եւ տեղական փորձագետներ: Նման համաժողով առաջին անգամ է անցկացվում, եւ կազմակերպիչներն ակնկալում են, որ նոր ներդրումները կօգնեն դիվերսիֆիկացնել մարզի տնտեսությունը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր եւ եկամտի աղբյուրներ:
Իր բացման խոսքում փոխվարչապետը ողջունեց համաժողովի անցկացման նախաձեռնությունը` հույս հայտնելով, որ այն հաջողություն կարձանագրի, եւ հետագայում հնարավոր կլինի այդ փորձը կիրառել նաեւ մյուս մարզերում: Ա. Գեւորգյանը նշեց, որ Սյունիքի մարզը զարգացման մեծ ներուժ ունի, եւ հեռանկարային են հատկապես այն ոլորտները, որոնց վերաբերյալ քննարկումներ են ծավալվելու համաժողովի ընթացքում:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից նշում են, որ համաժողովի ընթացքում կքննարկվեն գյուղմթերքի արտադրության եւ վերամշակման, անասնապահության, ինչպես նաեւ զբոսաշրջության զարգացման հեռանկարներն ու այս ոլորտներում նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:  
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play