Մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները


Մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները

  • 19-11-2013 16:53:18   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևան քաղաքի զարգացման ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են բարեկարգվել, կանաչապատվել ու կահավորվել բակային տարածքները: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին մասնակցել է նորակառույց հերթական երկու բակերի և ֆուտբոլի փոքր խաղադաշտերի հանդիսավոր բացմանը: 


Իսակովի  36/2 և 36/3 շենքերի բնակիչների հավաստմամբ՝ համալիր բարեկարգված բակը անխնամ է եղել խորհրդային տարիներից սկսած: Օգտվելով առիթից՝ նրանք իրենց գոհունակությունն են հայտնել Տարոն Մարգարյանին` ընդգծելով, որ երկար տարիներ են սպասել իրենց երեխաների համար խաղահրապարակ ու միաժամանակ հանգստի գոտի ունենալուն, և այսօր այդ երազանքն իրականություն է դարձել: 


Բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալապատվել ճեմուղիները, տեղադրվել են նստարաններ, զրուցարաններ, փոքրիկների համար կառուցվել են մանկական խաղահրապարակներ: 


Դեռևս գարնանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել էր նաև այս բակային տարածք: Լսելով բնակիչների առաջարկները՝ քաղաքապետը հանձնարարել էր դրանք ևս ներառել բարեկարգման այս տարվա ծրագրում: Ըստ այդմ, հանգստի գոտու վերածված բակային տարածքն ամբողջությամբ ձևավորվել ու կահավորվել է բնակիչների առաջարկների հիման վրա: 


Քաղաքապետը շրջել է բակում և բնակիչների հետ միասին գնահատել կատարված աշխատանքները: Զրուցելով բնակիչների հետ՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ մայրաքաղաքի բակերի բարեկարգման ծրագիրը լինելու է շարունակական և հետևողականորեն իրականացվելու է բոլոր վարչական շրջաններում:


 <<Մայրաքաղաքի վարչական շրջաններում հիմնականում ավարտին են մոտենում բակերի համալիր բարեկարգման այս տարվա աշխատանքները: Ծրագիրը լինելու է շարունակական, և 2014թ.-ի ծրագրերով ևս մենք արդեն նախատեսել ենք բակերի բարեկարգման աշխատանքներ: Ինչպես խոստացել ենք մեր բնակիչներին, յուրաքանչյուր տարի շուրջ 400 բակ ենք բարեկարգելու և աշխատանքները շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչև երևանյան բոլոր բակերը դառնան բարեկարգ ու հարմարավետ>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: 


Օհանովի 34 և 36 շենքերի բակում ևս օրը տոնական ու սպասված էր: Այստեղ էլ հանդիսավորությամբ բնակիչների տնօրինմանն է հանձնվել գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար ֆուտբոլի փոքր խաղադաշտով կահավորված ու արտաքին լուսավորությամբ ապահովված հանգստի գոտին: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բակերի բարեկարգման աշխատանքներն իրականացվել են ինչպես համայնքային միջոցների հաշվին, այնպես էլ մասնավոր ներդրողների մասնակցությամբ, ինչը ևս քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է:


 <<Ողջունելի է, որ մայրաքաղաքի որոշ բակային տարածքներ բարեկարգվում են նաև մասնավոր ընկերությունների և անհատների աջակցությամբ: Մասնավորապես այս բակը Երևանի ավագանու անդամ Արթուր Պետրոսյանի հետ համատեղ է բարեկարգվել: Քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը միշտ պատրաստ են աջակցելու Երևանի բարեկարգմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին, ու կոչ կանեի բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն հանդես գալ նման նախաձեռնությամբ, առանց վարանելու դիմել մեզ ու իրենց մասնակցությունն ունենալ մեր սիրելի Երևանի բարեկարգման գործում>>,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:




Հատկանշական է, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում էլ սիրով են արձագանքել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին, և շահագործման հանձնված բոլոր նոր բակային տարածքները հիմնականում կառուցվել են նախկինում ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղերում:




 <<Օգտվելով առիթից՝ շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր այն բնակիչներին, ովքեր կամավոր այս տարածքները հանձնեցին թե քաղաքապետարանին և թե անհատներին՝ բակերը բարեկարգելու համար>>,- նշել է քաղաքապետը: 

 
Անդրանիկի 64, 66 և 68 շենքերի բակում կառուցված մինի ֆուտբոլի և բասկետբոլի խաղադաշտն էլ արդեն իսկ ծառայում էր իր նպատակին: Քաղաքապետի այցելության պահին մարզասեր երեխաներն իրենց ուժերն էին չափում բասկետբոլ մարզաձևում: 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play