Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին


Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին

  • 19-11-2013 16:58:11   | Հայաստան  |  Տնտեսություն

 




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին: Հանդիպմանը մասնակցում էր նաև Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին:
«Ուրախ եմ հանդիպման և համագործակցության հեռանկարները քննարկելու հնարավորության համար: Մենք կարևորում ենք մեր հարաբերությունների խորացումը և ընդլայնումը: Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ մեր համագործակցությունն արդյունավետ է եղել», - նշել է Տիգրան Սարգսյանը:
Հենրի Քերալին շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար՝ նշելով. «Երկրի գործընկերության ընթացիկ ռազմավարությունը բավական լավ ընդունվեց ՀԲ գործադիր խորհրդի կողմից, որը բարձր գնահատեց ՀՀ կառավարության՝ տնտեսության մրցունակության բարձրացման ուղղությամբ վերջին տարիների աշխատանքները: Արդյունքում նախատեսվում է տարեցտարի ավելացնել աջակցության ծավալը, ինչը վկայում է ՀՀ կառավարության հանդեպ Համաշխարհային բանկի ունեցած վստահության մասին: Նման հաջողության համար ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ձեր թիմին և առաջիկա չորս տարում ևս ակնկալում ենք շարունակել մեր հաջող գործընկերությունը»: 
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության հետ Երկրի գործընկերության 2014-2017 թթ. ռազմավարությունը: Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ կառավարություն–Համաշխարհային բանկ առաջիկա չորս տարվա համագործակցության առաջնահերթություններին, պայմանավորվածություն ձեռք բերել առանձին ուղղությունների հստակեցման վերաբերյալ: 
 

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play