Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Համաշխարհային Բանկի Ինստիտուցիոնալ Զարգացման Հիմնադրամի ներկայացուցիչներին


Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Համաշխարհային Բանկի Ինստիտուցիոնալ Զարգացման Հիմնադրամի ներկայացուցիչներին

  • 19-11-2013 17:45:15   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհային Բանկի Ինստիտուցիոնալ Զարգացման Հիմնադրամի (IDF) Դրամաշնորհի միջոցով ֆինանսավորվող «Սննդամթերքի անվտանգության կարողությունների զարգացման» ծրագրի միջազգային փորձագետ Բրայան Միլթոնին: 
Հանդիպմանը մասնակցում էին նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի կայուն զարգացման բաժնի գործառնությունների պատասխանատու Արուսյակ Ալավերդյանը և ՀՀ ԳՆ Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը: 
Սույն ծրագիրն ուղղված է սննդամթերքի անվտանգության ոլորտի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Ծրագրի նպատակն է աջակցել սննդամթերքի անվտանգության ապահովման ժամանակակից համակարգի ստեղծմանը` հիմնվելով միջազգային չափանիշների և լավագույն փորձի վրա: Աջակցությունը լինելու է շարունակական, որը նաև խթան կհանդիսանա սննդամթերքի անվտանգության ոլորտում հետագա բարեփոխումների իրականացման համար: «Սննդամթերքի անվտանգության կարողությունների զարգացման» ծրագիրը մեկնարկել է 2012 թ. հոկտեմբերի 30-ին և կտևի 3 տարի:
Ծրագիրն ունի երկու ուղղություն` բաղադրիչ 1-ն իրենից ներկայացնում է սննդամթերքի անվտանգության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում, իսկ բաղադրիչ 2-ը` տեխնիկական կարողությունների զարգացում:
Հանդիպման ընթացքում ծրագրի պատասխանատուները նախարարին ներկայացրեցին կատարված աշխատանքները, ծրագրի ընթացքն ու անելիքները:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կարևորել է աշխատանքային այս հանդիպումը և պարոն Միլթոնին հաջողություններ է մաղթել հետագա աշխատանքում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play