Վրացական կողմը համաձայնել է Հայաստանյան կարտոֆիլը փորձաքննել 3-րդ երկրում


Վրացական կողմը համաձայնել է Հայաստանյան կարտոֆիլը փորձաքննել 3-րդ երկրում

  • 20-11-2013 13:25:24   | Հայաստան  |  Տնտեսություն
 
Լուսանկարում` Աբրամ Բախչագուլյան
 
«Կարտոֆիլի գորշ փտում առհասարակ չկա Հայաստանում»,- «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Արմինե Սուքիասյանը` հիշեցնելով, որ վրացական կողմից վերջին շրջանում պարբերաբար նման մեղադրանքներ են հնչում:
 
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ` վրացական աղբյուրների հայտարարությունների համաձայն,  հերթական անգամ հետ է ուղարկվել մեր երկրից արտահանված կարտոֆիլի 467 տոննա խմբաքանակը` դարձյալ գորշ փտում վարակի հայտնաբերման պատճառաբանությամբ:
 
«Վերջին խմբաքանակի հետ կապված ասեմ, որ ոչ թե 467 տոննա է, այլ 350 տոննայի կարգի է, և ոչ թե հետ են ուղարկել, այլ այս պահին Սադախլոյի անցակետում 14 մեքենա կանգնած է, սպասում են լաբորատոր փորձաքննության պատասխաններին»,- ասաց Արմինե Սուքիասյանը` միաժամանակ հայտարարելով, որ այս պահին հետ վերադարձված կամ մերժված խմբաքանակ չկա:
 
Արմինե Սուքիասյանը նաև տեղեկացրեց, որ երեկ երեկոյան ՍԱՊԾ պետ Աբրամ Բախչագուլյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԳՆ Պարենի ազգայն գործակալության պետի հետ, առաջարկել համատեղ լաբորատոր փորձաքննություն իրականացնել որևէ 3-րդ երկրում:
 
«Քանի որ մենք տեսնում ենք, որ նախորդ անգամ իրենք եկան, այստեղ ասացին ամեն ինչ նորմալ է, բայց նորից խնդիր է առաջանում, մեր կողմն էլ վստահ է, որ այդ հիվանդությունը մեր կարտոֆիլի հետ կապ չունի, երեկ գիշերվա հեռախոսային բանակցությունների արդյունքներով` վրացական կողմը համաձայնել է 3-րդ երկրում փորձաքննություն իրկանացնելու մեր առաջարկին»,- նշեց ՍԱՊԾ մամուլի քարտուղարը:
Ի դեպ, նշենք, որ 3-րդ երկիրն, ամենայն հավանականությամբ, կլինի ՌԴ-ն:
 
Հիշեցնենք` հոկտեմբերին Վրաստանն արդեն նման հայտարարությամբ հանդես եկել էր` ասելով, որ 500 տոննա նույն վարակով վարակված կարտոֆիլը հետ է վերադարձվել Հայաստան:
 
Դրանից հետո՝ նոյեմբերի 8-ին, ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը հանդես եկավ պարզաբանմամբ, թե 500 տոննա կարտոֆիլը Վրաստանից հետ վերադարձնելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նրա խոսքով` ամբողջ տարվա ընթացքում այդ երկրից վերադարձվել է 220-230 տոննա, իսկ կոնկրետ այդ դեպքում՝ ընդամենը 50 տոննա:
 
Ավելին՝ վերադարձված կարտոֆիլը մեր երկրում փորձաքննության ենթարկելուց հետո, ըստ ՍԱՊԾ-ի ներկայացուցչի, պարզվել է, որ այն վարակված չէ: 
 
Եվ ահա պաշտոնական այս հայտարարությունից 2 շաբաթ անց իրավիճակը նույնությամբ կրկնվում է: 
 
Ի դեպ, Արմինե Սուքիասյանը նաև տեղեկացրեց, որ նախորդ հայտարարությունից հետո մինչ օրս ՀՀ-ից Վրաստան օրական մի քանի տոննա կարտոֆիլ է արտահանվել:
 
 
Հեղինակ` Նելլի Դանիելյան
 
Լուսանկարը՝ Hetq.am-ի
 

http://www.pastinfo.am/hy/node/27323

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play