Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ


Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ

  • 26-11-2013 18:37:43   | Շիրակի մարզ  |  Տնտեսություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: 
Այցի առաջին կանգառը մարզի Պեմզաշեն համայնքն էր, որտեղ կառավարության ղեկավարը մասնակցել է վերակառուցված մանկապարտեզի շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Տիգրան Սարգսյանը ողջունել և շնորհավորել է համայնքի բնակիչներին այդ առիթով. «Սա ՀՀ նախագահի նախընտրական խոստումն էր, որն ի կատար ածվեց: Դեռևս շատ անելիքներ կան, կոնկրետ նաև ձեր համայնքում, որովհետև մանկապարտեզի պահանջարկը երեք անգամ գերազանցում է այն հնարավորությունը, որ այսօր ընձեռվում է: Դա նշանակում է, որ ծրագրերը պետք է լինեն շարունակական, և ևս մեկ անգամ բոլորիդ շնորհավորում եմ առաջին քայլի համար»: Վարչապետը շրջել է սենյակներով, ծանոթացել երեխաների համար ստեղծված պայմաններին ու հարմարություններին, զրուցել և լուսանկարվել փոքրիկների հետ: 1960 թ. կառուցված մանկապարտեզի շենքի վերանորոգման ծրագրի ընդհանուր արժեքն է 76.171.019 ՀՀ դրամ: Շինարարական աշխատանքները, որոնք իրականացվել են «Շինկարկաս» ՍՊԸ-ի կողմից, մեկնարկել են 2012 թ. նոյեմբերին և ավարտին հասցվել 2013 թ. օգոստոսին: Պեմզաշեն համայնքի մանկապարտեզի շենքի վերաբացմանը ներկա էր նաև Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին: 
Պեմզաշենից ուղևորվելով Շիրակի մարզկենտրոն Գյումրի՝ գործադիրի ղեկավարը շրջայց է կատարել Գյումրու տեխնոպարկի տարածքում, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին: Նշվել է, որ շինաշխատանքների հիմնական մասն արդեն իրականացվել է, և մինչև տարեվերջ այն կհանձնվի շահագործման: «Այսօր Գյումրու տեխնոպարկն ամբողջությամբ հագեցած է ծրագրերով: Մի շարք միջազգային կառույցներ արդեն հայտ են ներկայացրել տեխնոպարկում գործունեություն իրականացնելու համար, այնպես որ տեխնոպարկի ծրագիրը 2014 թ. ամբողջությամբ կիրականացվի: Գյումրիում տեխնոպարկի կայացման մեր խոստումները և ՏՏ ոլորտում առաջընթաց ապահովելու ծրագրերն իրականություն են դառնում: ՏՏ ոլորտի տասնյակ ձեռնարկություններ այսօր սպասում են, թե երբ ենք տեխնոպարկի շենքը հանձնելու շահագործման: Բացի այդ, տեխնոպարկի ծառայություններից կարող են օգտվել նաև երիտասարդները, այսինքն՝ այն կլինի մեծ, հզոր տեղեկատվական կենտրոն, որը լավագույնը կդառնա Հայաստանում», - լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է վարչապետը: 
Հաջորդիվ Տիգրան Սարգսյանն այցելել է Գյումրիում բացված ռուսական գրքի տուն, որը ծառայում է որպես գրքի վաճառքի ու մշակութային կենտրոն և ունի հայ-ռուսական մշակույթին ու պատմությանն առնչվող մեծածավալ գրականություն: Կառավարության ղեկավարը հետաքրքրվել է կենտրոնի գործունեությամբ, զրուցել սաների հետ, ապա գրառում կատարել հյուրերի համար նախատեսված մատյանում:
Հայաստանի երկրորդ մայրաքաղաք կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Սարգսյանը եղել է նաև Գյումրու ՀՀ ԳԱԱ Ա. Նազարյանի անվան երկրաֆիզիկայի և ինժեներիայի Սեյսմաբանության ինստիտուտում, որի կիսակառույց շենքը վերակառուցվում է Գյումրի քաղաքի վերականգնման ծրագրի շրջանակում: Նախագծային լուծումներով շենքն ունի փորձարարական և լաբորատոր աշխատասենյակներ, հանդիսավոր հավաքների և գիտաժողովների համար նախատեսված սրահ, սարքավորումների տեղադրման և շահագործման համար հարմարեցված նկուղային մասնաբաժին: Շինաշխատանքները նախատեսվում է ավարտել 2014 թվականին: Վարչապետն այցելել է նաև Գ.Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի և Գյումրու քաղաքապետարանի նախկին շենքեր, ինչպես նաև ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Գյումրի քաղաքի տարածքային բաժին: Այս կապակցությամբ վարչապետը լրագրողներին տեղեկացրել է, որ նշված շինություններ դիտայցի նպատակն է ուսումնասիրել նշված տարածքները՝ պետական գերատեսչությունները ռացիոնալ տեղաբաշխելու և պետական ծառայությունները հասանելի դարձնելու համար: 
Կառավարության ղեկավարի այցը Շիրակի մարզ եզրափակվել է Գյումրու «Սամարիթեր վերականգնողական կենտրոն» ՓԲԸ այցելությամբ, իսկ այնուհետև՝ մասնակցությամբ ճաշատեսակների համտես-ցուցահանդեսին Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում:

 

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play