«Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ը բանակցություններ է վարում բոլոր ուղղություններով թռիչքներն ավելացնելու ուղղությամբ


«Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ը բանակցություններ է վարում բոլոր ուղղություններով թռիչքներն ավելացնելու ուղղությամբ

  • 27-11-2013 13:54:29   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը նոյեմբերի 25-ին կայացած մամուլի ասուլիսում միտք է հայտնել` իբր <Զվարթնոց> միջազգային օդանավակայանում գործող սակագները բարձր են, եւ դա իր անդրադարձն է ունեցել <Արմավիայի> սնանկացման վրա: Այս ամենն ասվում էր արդարացնելու համար պետական արտոնություններից օգտվող <ազգային փոխադրող> ունենալու անհրաժեշտությունը` ի հակադրություն <Բաց երկնքի> քաղաքականության, որը հավասար պայմաններ է ենթադրում բոլոր ավիաընկերությունների համար:
 
Կուզենայինք հիշեցնել պարոն Սաֆարյանին, որ Հանրային Խորհրդի առաջարկությունից հետո ՀՀ կառավարությունը վարձեց ՄաքՔինզի խորհրդատվական ընկերությանը` ՀՀ ավիացիոն քաղաքականության վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն ստանալու նպատակով: ՄաքՔինզի ընկերությունը, որն օդային փոխադրումների բնագավառում ամենահեղինակավոր խորհրդատվական ընկերություններից մեկն է աշխարհում, ավելի քան 3 ամիս անցկացրեց Հայաստանում` ուսումնասիրելով Հայաստանի ավիացիոն շուկան:
 
Այս ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ կառավարությունը որոշեց ազատականացնել Հայաստանի օդային փոխադրումների ոլորտն ու հայտարարեց <Բաց երկնքի> քաղաքականության անցնելու մասին: ՄաքՔինզին եզրակացրեց` ՀՀ տնտեսությունը կշահի, քանի որ տուրիզմի զարգացումը կհանգեցնի ՀՆԱ-ի աճի:
 
Ինչ վերաբերում է օդանավակայանի ենթադրյալ բարձր սակագներին, ապա ՄաքՔինզի ընկերությունը հայտարարեց, որ սակագները բարձր չեն և համապատասխանում են մատուցվող որակյալ ծառայություններին: Ուստի ասել, թե այս կամ այն ավիաընկերությունը սնանկանում է օդանավակայանի բարձր սակագների պատճառով ուղղակի անհիմն է և պարզունակ: 
 
Պարոն Սաֆարյան, դուք ցանկացած ժամանակ կարողեք հանդիպել մեզ հետ և մենք պատրաստակամ ենք պարզաբանել, որ Արմավիա ընկերության սնանկացումը կապ չունի օդանավակայանի սակագների հետ: 
 
Ներկայումս <Արմենիա> միջազգային օդանավակայաններ> ընկերությունը ակտիվ բանակցություններ է վարում ավիաընկերությունների հետ` բոլոր ուղղություններով թռիչքներն ավելացնելու ուղղությամբ: Հավելյալ թռիչքների մի մասն արդեն իրականացվում են, մի մասն արդեն հայտարարվել են հաջորդ ամառվա համար, և դեռ շատերի մասին կհայտարարվի մինչև ընթացիկ տարվա վերջ: Արմենիա միջազգային օդանավակայաններ ընկերությունը նաև սերտ կապի մեջ է <Էյր Արմենիա> տեղական ավիաընկերության հետ և փորձում է լավագույն պայմանները ստեղծել վերջինիս հաջողության համար:
 
Դեռևս մեկ ամիս է, ինչ ՀՀ կառավարությունը քաղաքացիական ավիացիայի բնագավառում նոր քաղաքականություն է որդեգրել, ուստի կխնդրեինք պրն. Սաֆարյանին չխոչընդոտել` հնարավորություն տալով շուկայում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերին (Կառավարություն, օդանավակայան, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն,             Տուրիզմի վարչություն,  Ազգային Մրցունակության Հիմնադրամ) գոնե մի որոշ ժամանակ աշխատել <Բաց երկնքի> քաղաքականության զարգացման ուղղությամբ: 
 
<Արմենիա> Միջազգային Օդանավակայաններ> ՓԲԸ
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play