Մոսկվայում են Երևանի Ավան և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարները


Մոսկվայում են Երևանի Ավան և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարները

  • 27-11-2013 14:53:55   | Ռուսաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության կազմում Մոսկվա այցելած Երևանի Ավան և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարները հանդիպումներ են ունեցել Մոսկվայի Հյուսիսային և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարների հետ: 


Ողջունելով Երևանից ժամանած գործընկերոջը՝ Վլադիսլավ Բազանչուկը մասնավորապես նշել է, որ, առանձնակի կարևորելով երկու քաղաքների միջև դինամիկ զարգացող և տարեցտարի ընդլայնվող հարաբերությունները, առավել քան ամուր հիմք են ստեղծում քաղաքների վարչական միավորների միջև ևս հարաբերությունները խորացնելու և փոխշահավետ համագործակցություն ծավալելու համար: 


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդելության և համագործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը նկատել է, որ 2005-2006 թվականներին Մոսկվայի և Երևանի վարչական շրջանների միջև ծավալած փոխգործունեության շրջանակում արդեն իսկ կյանքի են կոչվել տնտեսական, սոցիալական, ինչպես նաև կրթական ուղղվածության մի շարք ծրագրեր և սույնը հաշվի առնելով  վստահություն է հայտնել, որ այսուհետ ևս համագործակցությունը կլինի արդյունավետ:


Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի և Մոսկվայի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար  Վիկտոր Ֆուերի հետ հանդիպման շրջանակում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ընդլայնելու առկա համագործակցության ծրագրի շրջանակում իրականացվող ծրագրերի ծավալները: Կողմերը մասնավորապես պայմանավորվել են գործուն աջակցություն ցուցաբերել Երևանի թիվ 8 և Մոսկվայի թիվ 1305 դպրոցների միջև փորձի փոխանակման ծրագիրը կյանքի կոչելու հարցում:


Հանդիպումների շրջանակում Երևանի Ավան և Կենտրոն վարչական շրջանների ղեկավարները գործընկերների հետ քննարկել են նաև տարբեր ոլորտներում համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման հեռանկարներն ու այդ համատեքստում կարևորել Երևանի և Մոսկվայի քաղաքապետերի կողմից ստորագրվելիք Երևան-Մոսկվա 2014-2016 թվականների համագործակցության ծրագրով նախատեսված վարչական երկու շրջանների համագործակցության նոր հնարավորությունները: 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ կողմերի պայմանավորվածության համաձայն՝ համագործակցության ծրագրի ստորագրումից հետո առավել կհստակեցվեն գործակցության ուղղություններն ու, ըստ այդմ, կձեռնարկվեն համապատասխան քայլեր:

 

 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play