Տեղի ունեցավ «Մարզական Պոլիտեխնիկ» միջոցառումը՝ նվիրված ԵրՊԻ-ՀՊՃՀ 80-ամյա հոբելյանին


Տեղի ունեցավ «Մարզական Պոլիտեխնիկ» միջոցառումը՝ նվիրված ԵրՊԻ-ՀՊՃՀ 80-ամյա հոբելյանին

  • 29-11-2013 17:09:08   | Հայաստան  |  Սպորտ
ԵրՊԻ-ՀՊՃՀ-ն իր 8 տասնամյակների պոլիտեխնիկական հարուստ տարեգրությունը կերտել է ոչ միայն ճարտարագիտության և ճշգրիտ գիտությունների, այլև արվեստի ու մարզաշխարհի բնագավառների ակնառու նվաճումներով։ Պոլիտեխնիկցիները փայլել և փայլում են սպորտային բնագավառի խոշոր ձեռքբերումներով ու հաղթանակներով։  
Նոյեմբերի 28-ին ՀՊՃՀ Մեծ դահլիճում (2-րդ մասնաշենք) տեղի ունեցավ «Մարզական Պոլիտեխնիկ» միջոցառումը՝ նվիրված ԵրՊԻ-ՀՊՃՀ 80-ամյա հոբելյանին։ Այն հարուստ ավանդույթներ ունեցող մեր համալսարանի հյուրընկալ հարկի ներքո համախմբել էր պոլիտեխնիկցի շատ մարզասերների ու մարզիկների, նաև տարբեր տարիների շրջանավարտների, ովքեր ակտիվորեն մասնակցել և մեծ հաջողություններ են ունեցել ոչ միայն Պոլիտեխնիկի, այլև մեր հանրապետության մարզական կյանքում։  
ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը հանդես եկավ ողջույնի խոսքով։ Նա, մասնավորաբար, ասաց. «Այսօր հպարտանալու մեծ առիթ ունենք, քանի հզոր ավանդույթներով մասնագիտական մեր բուհում կազմակերպվում է նմանատիպ միջոցառում։ Պոլիտեխնիկցիները սպորտի տարբեր բնագավառներում նվաճել են մեծ բարձունքներ։ Միանալով բոլոր շնորհավորանքներին, կարող եմ հավաստել, որ միայն առողջ մարմնով և առողջ հոգով է հնարավոր հասնել մասնագիտական մեծ հաջողությունների»։
Հանդիպումը վարող ՀՊՃՀ շրջանավարտ, բոլորին հայտնի սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը մեծ ոգևորությամբ ներկայացրեց տարբեր տարիների պոլիտեխնիկցի հայտնի մարզիկների վաստակը և սպորտային նվաճումները։
Ելույթներով հանդես եկան ՀԽՍՀ շախմատի չեմպիոն, 1994-2000 թթ ՖԻԴԵ-ի փոխնախագահ, ՀՊՃՀ Կիրառական մաթեմատիկայի և ֆիզիկայի ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Վանիկ Զաքարյանը, ՀՀ հանդբոլի բազմակի չեմպիոն, 2006թ. ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ, ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս և նախագահ Սերգեյ Մինասյանը, «Վինդսերֆինգ» բազայի տնօրեն, սպորտի վարպետ Մհեր Թովմասյանը, բազկամարտի աշխարհի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Վրեժ Սեդրակյանը, ԽՍՀՄ բռնցքամարտի հավաքականի անդամ, միջազգային կարգի սպորտի վարպետ Հուսիկ Արիստակեսյանը, ՀՀ սուսերամարտի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վարպետ Գուրգեն Մուշեղյանը, Մարմնակրթության և սպորտի գիտակրթական կենտրոնի տնօրեն, ՀՀ հնգամարտի բազմակի չեմպիոն Սամվել Մեհրաբյանը, որոնք ներկայացրին իրենց ներդրումը հայկական և միջազգային սպորտի զարգացման բնագավառում։
ՀՀ պաուէրլիֆտինգի 2013թ. գավաթի առաջնությունում մրցանակային տեղեր գրաված ՀՊՃՀ վեց ուսանողներ պարգևատրվեցին ՀՊՃՀ Շնորհակալագրով, իսկ նրանց մարզիչներ՝ ՀՊՃՀ Մարմնակրթության և սպորտի գիտակրթական կենտրոնի տնօրեն, առաջնության գլխավոր մրցավար Ս. Մեհրաբյանը, ՀՊՃՀ Մ և Ս գիտակրթական կենտրոնի դոցենտ Գ. Սարոյանը, ծանրամարտի սպորտի վարպետ, հանրապետական կարգի մրցավար Գ. Զաքարյանը՝ ՀՊՃՀ Վաստակագրով:
ՀՊՃՀ Մարմնակրթության և սպորտի գիտակրթական կենտրոնի տնօրեն Ս. Մեհրաբյանը կենտրոնի ութ աշխատակիցներին շնորհավորեց ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից շնորհված «Ֆիզկուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատողի» կոչմանն արժանանալու առթիվ և հանձնեց նախարարության Ոսկե մեդալներ։
Ելույթները ընդմիջվում էին գեղեցիկ սպորտային հնարքներով հարուստ համարներով։
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play