ԿԲ-ին կփոխանցվի հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրության վարման գործառույթը.ՀՀ Կառավարություն


ԿԲ-ին կփոխանցվի հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրության վարման գործառույթը.ՀՀ Կառավարություն

  • 05-12-2013 13:03:57   | Հայաստան  |  Տնտեսություն
ԿԲ-ն կվարի հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրությունը
 
 
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթին, որի ընդունման դեպքում ԿԲ-ին կփոխանցվի հաշվեկշռի, միջազգային ներդրումային դիրքի և արտաքին պարտքի վիճակագրության վարման գործառույթը:
Կառավարության հավանությունն է ստացել «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունումը թելադրված է ՀՀ կառավարության գործունեության ծրագրում կարևորված բնակելի շինարարության խթանման և գործարար միջավայրի բարելավման պահանջով: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կտրվի տնտեսական եղանակով կառուցել անհատական բնակելի տներ, օժանդակ կառույցներ, ՓՄՁ գործունեության օբյեկտներ` տնտեսելով նախահաշվային արժեքի 35 տոկոսը և նպաստելով քաղաքաշինության բնագավառի տնտեսության էական աճին: «Սա այն կարևորագույն նախաձեռնություններից է, որը բարելավելու է բիզնես միջավայրը, - շեշտել է վարչապետը: - Քանի որ մենք շինարարության ոլորտում հետընթաց ունեցանք, շինարարական գործընթացները մեզ մոտ երկար են տևում և ծախսատար են: Մի օրենսդրական նախաձեռնություն էլ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն է ներկայացրել, որն Ազգային ժողովում է, և մենք նաև ներառեցինք արտահերթ նիստի օրակարգ. այն նույնպես ոլորտի շինթույլտվությունների հետ կապված ժամկետների կրճատում և պարզեցում է բերելու, ինչպես այս նախաձեռնությունը»: 
Նիստում քննարկվել է «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արտակ Դավթյանը: Նա առաջադեմ է 50 և ավելի տարի գործող ստեղծագործական միությունները գրանցելիս պահպանել «ստեղծագործական միություն» անվանումը և իրավահաջորդությունը: Կառավարությունը նպատակահարմար է համարել նշված կազմակերպությունների անվանումներում սահմանել «ստեղծագործական միություն» բառերի օգտագործումը` պահպանելով «հասարակական կազմակերպություն» իրավական ձևը (օրինակ` «Հայաստանի գրողների ստեղծագործական միություն» հասարակական կազմակերպություն): Մատնանշվել են նաև օրենսդրական տեխնիկայի կանոնները չպահպանելու օրինակներ: Գործադիրը նախագիծն ընդունելի կհամարի իր ներկայացրած առաջարկության ընդունման դեպքում:
Քննության է առնվել «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու իրավունքը տարածել նաև չաշխատող ծնողներից մեկի կամ միակ ծնողի, որդեգրողի, խնամակալի վրա` մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը (ներկայումս նպաստ ստանալու իրավունքը տարածվում է միայն աշխատող ծնողների վրա): Կառավարությունը նպատակահարմար չի համարել նախագծի ընդունումը, քանի որ փոփոխությունը կառաջացնի մոտ 16 միլիարդ դրամի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, որը նախատեսված չէ ինչպես ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծով, այնպես էլ ՀՀ 2014-2016թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
 
 
Հաշվի են առնվում պարտադիր կուտակային բաղադրիչի հաշվարկման առանձնահատկությունները
 
 
2014թ. հունվարի 1-ից սկսում է գործել կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը, որի հաշվարկման հիմքում դրված են «բազային եկամուտ» և «պայմանագրային եկամուտ» հասկացությունները: Հաշվի առնելով պարտադիր կուտակային վճարների հաշվարկման առանձնահատկությունները, անհրաժեշտ է հստակեցնել դրա բազայի որոշ մեխանիզմներ: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացում` սահմանելով իրավական այն հիմքը, որով հարկային մարմինները կհաշվարկեն բազային և պայմանագրային եկամուտները, ինչպես նաև պարտադիր կուտակային վճարները:
Հաջորդ որոշմամբ սահմանվել է առաքվող կամ տեղափոխվող արտադրանքը, ապրանքն ուղեկցող հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով դուրս գրման կարգը, որը կգործի 2014թ. հունվարի 1-ից:
Կառավարության որոշմամբ կիրառության մեջ են դրվել Հայաստանում արտադրվող և Հայաստան ներմուծվող ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքի դրոշմավորման համար «2014» թվագրմամբ «Ծխախոտ» և «Ալկոհոլային խմիչք» տեսակների ակցիզային դրոշմանիշները: Սահմանվել է, որ «2011», «2012» և «2013» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշների առկայության դեպքում ծխախոտի արտադրանք և ալկոհոլային խմիչք արտադրողներին և ներկրողներին կարող են տրամադրվել նաև «2011», «2012» և «2013» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշներ:
 
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, գործադիրը 2013թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ` իր նախկին որոշումներից մեկում և ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել մոտ 11.5 մլն դրամ` Երևանի Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի տանիքի վերակառուցման և ներքին հարդարման, ինչպես նաև շուրջ 20 կրթական, մարզական և մշակութային օբյեկտների տեխնիկական վիճակի ուսումնասիրման աշխատանքի իրականացման նպատակով:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play