Կառավարության աշխատակազմում ստեղծվում է հակակոռուպցիոն ծրագրերի մոնիտորինգի բաժին


Կառավարության աշխատակազմում ստեղծվում է հակակոռուպցիոն ծրագրերի մոնիտորինգի բաժին

  • 05-12-2013 13:06:08   | Հայաստան  |  Տնտեսություն
Եվրամիությունը կաջակցի միջուկային անվտանգության արդյունավետ մշակույթի ձևավորմանը
 
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ կառավարության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնին (ՄԿՀՄ)» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ծրագրի հիմնական նպատակներից է ՄԿՀՄ-ի, վերջինիս տեխնիկական աջակցություն տրամադրող կազմակերպության (ՏԱԿ) և միջուկային և ռադիացիոն անվտանգության աջակցության կենտրոնի (ՄՌԱԱԿ) հզորացումը: Ակնկալվում է, որ ծրագրի արդյունքով հավելյալ արևմտյան մեթոդաբանություն և գործելակերպ կներմուծվի նախանշված բնագավառները: Ծրագրի ընդհանուր արժեքն է 1 մլն եվրո, իրականացման ժամկետը` 96 ամիս:
Կառավարությունն իր նիստում հաստատել է «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` ՀՀ տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություն սահմանելու մասին» օրենքով սահմանված արտոնության կիրառման կարգը: Մինչ օրս արտոնության կիրառության համապատասխան ընթացակարգ սահմանված չէր:
Գործադիրը հաստատել է ՀՀ հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումների ծրագիրը: Դրա իրականացումը հնարավորություն կտա ունենալ երկրի 170 համայնքի հողերի սննդատարրերով ապահովածությունն արտացոլող ագրոքիմիական քարտեզներ և մշակաբույսերի պարարտացման գիտականորեն հիմնավորված երաշխավորագրեր, որոնց միջոցով պարարտանյութը խնայողաբար և նպատակային կօգտագործվի, կբարձրանան հողի բերրիությունը և մշակաբույսերի բերքատվությունը:
Կառավարությունն ընդունել է «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր ակունք» ՓԲԸ-ների մասնավոր կառավարման գործընթացի շարունակությունն ապահովելու որոշում: Դրա իրականացմամբ կբարելավվեն բաժանորդներին մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները, կարդիականացվեն ջրատեխնիկական կառուցվածքները, ավելի արդյունավետ կօգտագործվի խմելու ջուրը:
 
 
Կառավարության աշխատակազմում ստեղծվում է հակակոռուպցիոն ծրագրերի մոնիտորինգի բաժին
 
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն և լրացումներ և ՀՀ կառավարության աշխատակազմում ստեղծել հակակոռուպցիոն ծրագրերի մոնիտորինգի բաժին: Դրա անհրաժեշտությունը բխում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի 2011թ. արդյունքի մոնիտորինգի առաջին կիսամյակի հաշվետվությունից: Բաժինը կհամալրվի կառավարության աշխատակազմի թափուր հաստիքային միավորների հաշվին` առանց ֆինանսական լրացուցիչ միջոցների ներգրավման: Նույն որոշմամբ աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչությունը վերակազմակերպվել է բաժնի:
Նիստում լրացում է կատարվել կառավարության նախկին որոշումներից մեկում և ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմում ստեղծվել զորահավաքային նախապատրաստության բաժին: Հաստիքները համալրվում են նախարարության աշխատողների թվաքանակի սահմանում:
Կառավարությունը «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ին թույլատրել է «Glob Education (GB) LTD» ՍՊԸ-ի և Հայաստանի Հանրապետության հետ մասնակցելու «Հայաստանի բրիտանական բիզնես դպրոց» ՓԲԸ հիմնադրմանը: Վերը նշված ՍՊԸ-ի գործընկերները բրիտանական չորս բուհեր են, որոնցից Քարդիֆի Մետրոպոլիտեն համալսարանը համագործակցելու է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ: Համատեղ բիզնես դպրոցի մագիստրոսական ծրագիրն իրականացվելու է անգլերեն: Ծրագիրն հաջողությամբ ավարտած ուսանողներին կտրվի Քարդիֆի Մետրոպոլիտեն համալսարանի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրոսի դիպլոմ:
Կառավարության որոշմամբ Վեդի քաղաքում համապատասխան տարածք է հատկացվել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Արարատի մարզային բաժնի աշխատակիցների աշխատանքային պայմանների բարելավման համար:
Լսողության խնդիր ունեցող անձանց պետական հավաստագիր տրամադրելու միջոցով եվրոպական արտադրության լսողական սարքեր ձեռք բերելու նպատակով կառավարությունը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրել է 8 մլն դրամ:
 
 
Այլ հարցեր
 
 
ՀՀ կառավարության որոշմամբ «Ապառաժ» ՍՊԸ-ին թույլատրվել է մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել սահմանված տեսակների և քանակի պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ, որոնք երկրում չեն արտադրվում և կիրառվելու են ընդերքօգտագործման ոլորտում:
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանը հանրապետության բոլոր սոցիալական աշխատողներին շնորհավորել է իրենց մասնագիտական տոնի առթիվ, մաղթել նոր հաջողություններ:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
 
More Sharing ServicesՏարածել| Share on facebookShare on livejournalShare on myspaceShare on googleShare on twitter
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play