Մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցերն ուշադրության կենտրոնում են


Մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցերն ուշադրության կենտրոնում են

  • 06-12-2013 17:36:28   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հանդիպման ընթացքում, որին մասնակցել է նաև Հարավային Կովկասի հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության գործակալության  նորանշանակ ղեկավար Էրվե Սարնելին, քննարկվել են մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր: 


Ողջունելով հյուրերին՝ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է Էրվե Սարնելիին Հարավային Կովկասի հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության գործակալության  ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել նրան գործնական հաջողություններ: Ներկայացնելով ֆրանսիական քաղաքների և ընկերությունների հետ Երևանի քաղաքապետարանի համագործակցության ծրագրերը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երկուստեք հաջողված փոխգործակցության արդյունքում այսօր Երևանում մի շարք արդյունավետ ծրագրեր են իրականացվում քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում. <<Պետք է հետևողականորեն շարունակենք մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները, որպեսզի կարողանանք ապահովել անխափան և որակյալ ջրամատակարարում>>,- ընդգծել է Երևանի քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Անրի Ռենոն նախ կարևորել է ֆրանսիական քաղաքների հետ փոխգործակցության ընդլայմանն ուղղված Երևանի քաղաքապետի ակտիվ գործունեությունը, ապա ընդգծել, որ անցնող տարին իսկապես հաջողված ու հագեցած էր նաև փոխայցելությունների առումով: 


Հարավային Կովկասի հարցերով Ֆրանսիայի տնտեսական ծառայության գործակալության  նորանշանակ ղեկավարն էլ իր հերթին վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի այսուհետ ևս համագործակցությունը լինի հաջողված ու արդյունավետ. <<Ծանոթանալով կատարած աշխատանքին՝ արդեն իսկ կարող եմ վստահորեն ասել, որ Երևանի քաղաքապետարանն  իսկապես վստահելի գործընկեր է մեզ համար, և մենք մեծ պատրաստակամությամբ կշարունակենք համատեղ փոխգործակցությունը>>,- ընդգծել է Էրվե Սարնելին:
Հանդիպման շրջանակում կողմերը քննարկել են նաև Ֆրանսիայի  Հանրապետության  կառավարության  աջակցությամբ իրականացվող Երևանի  ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրին տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագրի ընթացքի հետ կապված հարցեր: Ըստ այդմ, կիրականացվեն <<Աէրացիա>> կայանի  վերակառուցման նախագծում, ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի արդիականացման, ջրամիացումների առանձնացման և մայր ջրատարների վերակառուցման նախագծման և շինարարական աշխատանքներ: Կիրականացվի նաև ջրամատակարարման ամբողջ ցանցի հեռակառավարման ՍԿԱԴԱ ծրագրի նախագծում: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play