ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում


ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում

  • 10-12-2013 15:25:29   | Հայաստան  |  Տնտեսություն
 
1 / 1

Դեկտեմբերի 10-ին ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկեց «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծով առաջարկվում է ՝ օրենքն ընդունել նոր խմբագրությամբ, քանի որ գործող օրենքում նախատեսվում են ծավալուն փոփոխություններ եւ լրացումներ: Օրենքի նախագծով սահմանվում են պետական նպաստների նոր տեսակներ՝ դրանք համապատասխանեցնելով սոցիալական ապահովության եվրոպական օրենսգրքի պահանջներին:

Պետական նպաստների նշանակման եւ վճարման կազմակերպման գործառույթները վերապահվում են մեկ միասնական պետական մարմնին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության իրականացման ժամանակ կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված` հետմահու «Հայաստանի ազգային հերոս» ՀՀ բարձրագույն կոչում ստացած կամ Մարտական խաչ շքանշանով պարգեւատրված անձի ընտանիքի նպաստի տրամադրման հետ կապված հարաբերությունների կարգավորումը տեղափոխվում է «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենք:

Պատգամավորները երրորդ ընթերցմամբ քննարկեցին «Զբաղվածության մասին» ,«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը, իսկ երկրորդ ընթերցմամբ՝ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերը:

Օրենքի նախագծերը ստացան դրական եզրակացություն՝ ընդգրկվելու դեկտեմբերի 10-ի արտահերթ նստաշրջանի օրակարգ:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: 


 

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play