Ա. Աշոտյան. ՀԲ-ն Հայաստանի կրթական համակարգի ամենակարևոր գործընկերներից է


Ա. Աշոտյան. ՀԲ-ն Հայաստանի կրթական համակարգի ամենակարևոր գործընկերներից է

  • 12-12-2013 18:12:41   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է  «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակում Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական և Օուլուի համալսարանների կողմից կազմակերպված գիտաժողովին: Ողջունելով մասնակիցներին` ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ  Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակում Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում մի շարք բարեփոխումներ են իրականացվել: 

 

«Մանկավարժական համալսարանի և Օուլուի համալսարանների միջև իրականցվող համագործակցային ծրագիրը, այդ շարքում հաջողվածներից է: Սակայն մենք ակնկալում ենք, որ մշակված ծրագիրը  պետք է կյանքի կոչվի և դառնա կրթական ոլորտի յուրաքանչյուր մասնակցի սեփականությունը և ոչ թե սոսկ ՀԲ-ի վարկային ծրագրի հաշվետվությունը: Սա նոր բովանադկություն է, որը պետք է սկիզբ դնի եվրոպական կրթության որակի և չափանիշների, դասավանդման ժամանակակից  մեթոդաբանության ու գործիքների ներդրմանը Հայաստանի բուհերում»,- իր խոսքում նշել է նախարարը` հույս հայտնելով, որ հայ-ֆիննական համագործակցությունը կրթության ոլորտում կլինի շարունակական: Նախարար Ա. Աշոտյանը նաև հատուկ շեշտել է, որ Համաշխարհային բանկը վերջին 20 տարվա ընթացքում լուրջ աջակցություն է  ցուցաբերել ՀՀ կրթական համակարգում սկիզբ առած փոփոխություններին: «ՀԲ-ն Հայաստանի կրթական համակարգի ամենակարևոր գործընկերներից է, որի հետ աշխատանքն արդյունավետ է եղել:  Մեզ հաջողվել է համատեղ գտնել խնդիրները, տալ համապատասխան ախտորոշում և ներգրավել  համաշխարհային լավագույն մասնագետներին` լուծման համար: Ես կարծում եմ, որ ՀԲ-ի հետ համագործակցության այս ձևաչափը շարունակելու ենք նաև հետագա տարիներին»,- նշել է նախարարը` հավելելով, որ նախապատրաստվում է ՀԲ-ի հետ նոր վարկային ծրագիր: Նախարարը նշել է, որ նոր վարկային ծրագիրը կյանքի կկոչվի 2014-18 թվականներին, նախնական բանակցային աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:
 Համաժողովի մասնակիցներին  ողջունել են նաև ՀԲ ներկակայացուցիչ Քրիստիան Այդեն և Օուլուի համալսարանի ռեկտոր Լաուրի Լայյունեն: Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն իր խոսքում նշել է, որ   համագործակցությունը շահեկան է եղել  ինչպես մանկավարժական, այնպես էլ Օուլուի  համալսարանի համար: Եռամյա ծրագրի արդյունքում մանկավարժական համալսարանում ներդրվել է   ուսանողական մասնագիտական պրակտիկայի կազմակերպման  նոր մոդել: 
Համաժողովի ընթացքում Օուլուի համալսարանի ռեկտոր Լ. Լայյունեն` կրթական արդյունավետ համագործակցության համար  ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանին և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռ. Միրզախանյանին հանձնել է Օուլուի համալսարանի շքանաշան:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play