Վարչապետը հանձնարարել է իրավական տեսանկյունից ուսումնասիրել գետերի վրա ջրամբարներ կառուցելու Թուրքիայի միակողմանի որոշումը


Վարչապետը հանձնարարել է իրավական տեսանկյունից ուսումնասիրել գետերի վրա ջրամբարներ կառուցելու Թուրքիայի միակողմանի որոշումը

  • 21-12-2013 12:48:33   | Հայաստան  |  Տնտեսություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Միջազգային համեմատական իրավունքի հայկական անդրանիկ տարեգրքի, www.karabakhfacts.am տեղեկատվական կայքի շնորհադեսին և ամենամյա-գիտաժողով քննարկմանը՝ նվիրված ՀՀ արտաքին քաղաքականության իրավական հիմնախնդիրներին: 
Տիգրան Սարգսյանը ողջունել է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի կողմից նշված աշխատանքների իրականացումը և կարևորել միջազգային իրավունքի տեսակետից մեր երկրին առնչվող տարբեր հիմնախնդիրների ուղղությամբ ուսումնասիրությունների իրականացումը: 
«Այս խնդիրն առավել արդիական է մեզ համար, եթե հաշվի առնենք այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած է մեր երիտասարդ պետությունը: Այսօր միայն Լեռնային Ղարաբաղի հարցը չէ, որ պետք էհամեմատական իրավունքի տեսակետից գտնվի ուշադրության կենտրոնում, քանի որ այսօր առնչվում ենք բազմաթիվ այլ հարցերի ևս: Այսօր կարևոր է նաև ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, հաշվի առնելով, որ այդ ռեսուրսների մի զգալի մասը ձևավորվում են ժամանակակից Թուրքիայի տարածքում: Այդ երկրի կառավարությունը միակողմանիորեն որոշում է ընդունել, մասնավորապես, 20 մլրդ դոլար է հատկացրել Արարատյան դաշտավայրում ձևավորվող ջրային պաշարների վրա մեծ ազդեցություն ունեցող գետերի վրա ջրամբարների կառուցման համար: Ըստ մասնագետների՝ տարիներ հետո լրջագույն խնդիր ենք ունենալու Արարատյան դաշտավայրում ոռոգման համակարգերի հետ կապված»,- ասել է ՀՀ վարչապետը: Այդ առումով, Տիգրան Սարգսյանի խոսքով, կան որոշակի իրավական հիմքեր, որոնք հնարավորություն պետք է ընձեռեն, որպեսզի Հայաստանը պաշտպանի իր ազգային շահերը: Մասնավորապես, վարչապետի դիտարկմամբ. պետք է բացահայտել միջազգային պայմանագրեր, կոնվենցիաներ, փաստաթղթեր, որոնք հնարավորություն կտան միջազգային ատյաններում պաշտպանել մեր շահերը: Կառավարության ղեկավարի տեղեկացվամբ՝ հիշատակվում են նաև պայմանագրեր, որոնք կնքվել են դեռևս Խորհրդային միության տարիներին: 
«Երկրորդ խնդիրը, որը նույնպես գտնվում է իրավաբանական հետազոտությունների ոլորտում, ատոմային նոր էներգաբլոկի կառուցումն է, որի շուրջ պարտավոր ենք հաշվի առնել հարևան պետությունների դիտարկումները` մինչ շինարարական աշխատանքների սկիզբը: Մասնավորապես, պետք է լուրջ իրավաբանական սպասարկում, որպեսզի հետագայում խոչընդոտներ չունենանք նոր բլոկի կառուցման գործում»,- նշել է Տիգրան Սարգսյանը: 
Վարչապետի խոսքով՝ նմանատիպ խնդիրները, որոնք ունեն տարածաշրջանային նշանակություն՝ բազմազան են: Կառավարության ղեկավարի կարծիքով՝ լուրջ ուսումնասիրության առարկա պետք է հանդիսանա նաև հարևան պետության կողմից սպառազինության բնագավառում միջազգային պարտավորությունների խախտման հարցը:
Տիգրան Սարգսյանը ողջունել է երիտասարդ հետազոտողների գործունեությունը և կոչ արել շարունակել այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները; 
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, միջազգային համեմատական իրավունքի հայկական անդրանիկ տարեգրքում ներկայացված են այդ բնավագառում Հայաստանին առնչվող հիմնախդիրների իրավական ասպեկտները, իսկ www.karabakhfacts.am տեղեկատվական կայքը հնարավորություն կտա բոլորին օբյեկտիվորեն ծանոթանալ ԼՂ հիմնախնդրին:

 

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play