«Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչին եւ փոխնախագահ Բայբարս Օրսեկին առաջարկվել է լքել Հայաստանի տարածքը


«Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչին եւ փոխնախագահ Բայբարս Օրսեկին առաջարկվել է լքել Հայաստանի տարածքը

  • 29-10-2010 21:40:52   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության եւ Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության կողմից ձեռնարկված միջոցառումներով չեն հաստատվել «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլեւիչի եւ փոխնախագահ Բայբարս Օրսեկի կողմից արված հայտարարությունները հայ-թուրքական սահմանը անօրինական հատելու մասին։ Այս մասին հոկտեմբերի 29-ին «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեցին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Հոկտեմբերի 28-ին Թունա Բեքլեւիչը եւ Բայբարս Օրսեկը օրինական ճանապարհով, Բագրատաշենի անցակետով, ժամանել են Հայաստան եւ հաջորդ օրը, «Հայացք» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում, Բեքլեւիչը վերահաստատել է, որ իրենք հոկտեմբերի 11-ին ոտքով հատել են հայ-թուրքական սահմանը՝ նպատակ ունենալով իշխանությունների ուշադրությունը հրավիրել հայ-թուրքական սահմանի բացման խնդրին: Վերոհիշյալ հայտարարությունների առնչությամբ պարզաբանումներ ստանալու համար հոկտեմբերի 29-ին Թ. Բեքլեւիչը եւ Բ. Օրսեկը հրավիրվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենք, ուր հայ- թուրքական սահմանը հատելու վերաբերյալ որեւէ հիմնավոր փաստարկ չեն կարողացել ներկայացնել: Թ. Բեքլեւիչը եւ Բ. Օրսեկը նախազգուշացվել են, որ նման վարքագիծը եւ անպատասխանատու հայտարարություններն անընդունելի են, եւ նրանց առաջարկվել է լքել Հայաստանի տարածքը:
Նոյյան տապան  -   Քաղաքական