Վրաստանից Հայաստանի տարածքով Իրան ինտերնետի տարանցիկ փոխադրման ծառայությունը կազատվի ԱԱՀ-ից


Վրաստանից Հայաստանի տարածքով Իրան ինտերնետի տարանցիկ փոխադրման ծառայությունը կազատվի ԱԱՀ-ից

  • 30-01-2014 13:20:49   | Հայաստան  |  Տնտեսություն
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացում կատարելու նախագծին, որով առաջարկվում է Վրաստանից Հայաստանի տարածքով Իրան ինտերնետի տարանցիկ փոխադրման ծառայությունն ազատել ԱԱՀ-ից: Ակնկալվում է, որ դա կապահովի Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի հետագա արդյունավետ զարգացումը:
Կառավարության հավանությանն է արժանացել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է, մասնավորապես, ժամանակավոր` մինչև 2019թ. հունվարի 1-ը Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակը ներկայիս 170 մլն խորանարդ մետրի փոխարեն սահմանել առավելագույնը 240 մլն խորանարդ մետր` կախված լճից սնվող Հրազդան գետի, Ապարանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարների ջրատվության աստիճանից: Հարցը, ըստ վարչապետի, պետք է պատշաճ ձևով ներկայացնել զանգվածային լրատվամիջոցներին: «Սա նուրբ թեմա է և հասկանալի է, որ հետաքրքրելու է բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, - շեշտել է Տիգրան Սարգսյանը: - Անհրաժեշտ է մանրակրկիտ այդ ամենը բացատրել»:
Նիստում հավանություն է տրվել Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունմամբ կապահովվի «Փրկարար ծառայության մասին» օրենքի պահանջը:
Գործադիրը քննարկել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Ենթադրվում է, որ նախագծի ընդունմամբ կմեծանան «Սնանկության մասին» օրենքով սահմանված կարգով գույքի օտարման դեպքերը, ավելի լավ կպաշտպանվեն գնորդների իրավունքները: Կառավարության եզրակացության համաձայն օրինագիծը համապատասխանում է սնանկության կառավարման ոլորտում մշակվող քաղաքականությանը, սակայն վերախմբագրման կարիք ունի: Բացի այդ, անհրաժեշտ կլինի փոփոխություններ կատարել նաև մի շարք հարակից իրավական ակտերում: Այս առաջարկություններն ընդունելու դեպքում կառավարությունն ընդունելի կհամարի ներկայացված նախագիծը:
Քննության է առնվել ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Կառավարությունը դեմ է արտահայտվել օրինագծին և հանգամանորեն շարադրել իր նկատառումները:
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
 
 
Այլ որոշումներ
 
 
ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի զեկուցումը ՀՀ կառավարության 2013թ. հուլիսի 18-ի «ՀՀ կառավարության 2013թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» որոշման (18.07.2013 - 31.12.2013թ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման տեղեկանքը, որի համաձայն կատարման ենթակա 95 կետից 2014թ. հունվարի 29-ի դրությամբ կատարվել է 94-ը կամ 98.9 տոկոսը:
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում արխիվային գործի բարեփոխման հայեցակարգին և «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նյութատեխնիկական հագեցվածության արդիականացման 2014-2016թթ. ծրագրին: Ակնկալվում է, որ որոշման իրականացումը կնպաստի միջազգային չափորոշիչներին համարժեք արխիվային ծառայության ստեղծմանը, կբարձրացնի մատուցվող ծառայությունների որակը:
Գործադիրը մինչև 2014թ. ամառային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել քոլեջի ավարտական կուրսում սովորող չորս անձի:
Մեկ այլ որոշմամբ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես եկող 13 ֆուտբոլիստ մինչև 2016թ. ամառային զորակոչը տարկետում է ստացել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից, մեկ ֆուտբոլիստ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
Այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, սեփական դիմումների համաձայն, զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Մասիս Բաղդասարյանը և ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Ավետիսյանը:
 
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play