Մաքսային միությանն անդամակցելու հետևանքով հնարավոր ինֆլացիոն ճնշումը չի գերազանցի 1.5 տոկոսը


Մաքսային միությանն անդամակցելու հետևանքով հնարավոր ինֆլացիոն ճնշումը չի գերազանցի 1.5 տոկոսը

  • 06-02-2014 15:41:00   | Հայաստան  |  Տնտեսություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Բացելով նիստը, Տիգրան Սարգսյանն անդրադարձել է հանրությանը հուզող մի շարք հարցերի: Վանաձոր քաղաքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկություն է տվել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը. «Մի քանի օր առաջ Վանաձորում, գազի հիմնական մայրուղու վրա, խոշոր վթար է տեղի ունեցել, և սպասարկող ընկերությունը բնակչության անվտանգությունն ապահովելու համար քաղաքի գազամատակարարումը դադարեցրել է: Որպես դրա հետևանք հատկապես ջեռուցման հետ կապված խնդիրներ են սկսել առաջանալ ոչ միայն բազմաբնակարան շենքերում, այլ նաև տարբեր ձեռնարկություններում և հիմնարկներում: Նույն օրը հայտնաբերվել է վթարի հիմնական տեղը. բավական բարդ վթար է եղել և իր էությամբ, և´ հետևանքներով: Երեքշաբթի օրվանից մասամբ սկսել է վերականգնվել գազամատակարարումը: Երեկ մի քանի անգամ ես առիթ եմ ունեցել նաև զրուցելու «Հայռուսգազարդ»-ի գլխավոր ինժեների հետ, և երեկոյան ժամը 23:30-ի կողմերը վթարն, ըստ էության, վերացվել է: Հաշվի առնելով տեխնոլոգիական սպասարկմանն անհրաժեշտ ռեժիմները՝ գիշերվանից գազն սկսել է բաշխվել արդեն ամբողջ համայնքում՝ Վանաձոր քաղաքում: Հուսով ենք, որ այսօր օրվա ընթացքում գազի բոլոր սպառողները, ովքեր դրա անհրաժեշտությունը կունենան, կկարողանան գազն ստանալ: Որպես հետևանք նաև բավական ցուրտ եղանակային պայմաններում բնակչության զգալի մասն սկսեց ավելի շատ էլեկտրաէներգիա սպառել՝ տաքացուցիչ սարքավորումներ օգտագործելով: Լարվածության և մեծ ճնշումների հետևանքով սկսեցին խափանումներ առաջանալ նաև էներգամատակարարման համակարգերում: 
Դրանք էլ աստիճանաբար վերացվում են, առավոտյան մարզպետը տեղեկացրեց, որ հիմա աշխատանքներ են տարվում, որպեսզի համայնքային և պետական հիմնարկությունները առողջապահական և կրթական նորմալ աշխատանքային հուն վերադառնան ջեռուցումը ապահովելով: Այս պահի դրությամբ ջեռուցման խնդիր կար Վանաձորի ծննդատանը, այնտեղ հիմա աշխատանքներ են կատարվում փոխարինելու ջեռուցման համակարգի որոշ հատվածներ: Հայջրմուղը այդ խնդրին տեղյակ է, մարզպետարանը, համայնքի ղեկավարը և համատիրությունները այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տանում: Հուսով եմ, որ նմանատիպ խնդիր այլևս մենք չենք ունենա և առաջիկա 1-2 օրվա ընթացքում արդեն բոլոր հիմնարկները կվերադառնան բնականոն հուն»:
Վարչապետը Արմեն Գևորգյանին հանձնարարել է հարցը պահել անձնական հսկողության տակ և իրականացնել օպերատիվ բոլոր միջոցառումները, որպեսզի բնակչության համար կարճ ժամկետում ստեղծվեն նորմալ պայմաններ: «Եթե խնդիրներ կլինեն, ինձ անձամբ զեկուցեք», - եզրափակել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության ղեկավարի շոշափած երկրորդ հարցը Մաքսային միությանն էր առնչվում: «ԶԼՄ-ները փորձում են այնպիսի տեղեկություն տարածել, որն, իմ կարծիքով, չի համապատասխանում իրականությանը», - նշել է վարչապետը: - Իբր Մաքսային միությանն անդամակցելը հանգեցնելու է աննախադեպ գնաճի»: 
Այդ առթիվ պարզաբանում է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը. «Մենք ունենք որոշ ԶԼՄ-ների կողմից ներկայացված նման գնահատականներ, որոնք որևէ ձևով իրականությանը չեն համապատասխանում, ներկայացված ամբողջ տեղեկությունը հանգում է նրան, որ իբր Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում հսկայական ինֆլացիա է լինելու: Ընդհանրապես այդպես չի կարող լինել, մեր գնահատականները շատ հստակ են, դրանք արվել են շատ վաղուց` շուրջ 6-7 ամիս առաջ, առավելագույն ինֆլացիոն ճնշումը կարող է հասնել 1.5 տոկոսի, և դրանից ավելի բարձր ինֆլացիա մենք չենք կարող ունենալ: Մենք ունենք ապրանքախմբեր, որոնց հարցով ՀՀ-ն դիմելու է Մաքսային միությանը, որպեսզի մեզ բացառություն արվի, մենք փորձում ենք առավելագույնս լուսաբանել այդ հարցը, կարծում ենք, որ ճիշտ է, որպեսզի հասարակության բոլոր խավերը ծանոթ լինեն դրան, հատկապես գործարարները: Այս իրարանցումն առաջացել է հենց դրանից, որ մենք անընդհատ շատ ավելի բաց ինֆորմացիա ենք ներկայացնում, գործարարների հետ մանրամասն քննարկում ենք բոլոր ապրանքախմբերը: Այդ տեղեկությունն օգտագործվում է, փաստորեն, որպեսզի ուղղակի սրվի իրավիճակը: Դա ավելի շատ, կարծում եմ, մամուլի ուղղակի սենսացիա ներկայացնելու խնդիր է: Կարծում եմ, ճիշտ է, որ մենք շարունակենք մեր աշխատանքը և հասարակությանը հրապարակային ներկայացնենք ամբողջ ցանկը: Հույս ունեմ, որ մենք արդեն վաղը այդ բացառությունների ցանկը կավարտենք և կուղարկենք Մաքսային միություն, որպեսզի սկսենք բանակցությունները»:
Անհրաժեշտ համարելով, որ նախարարը մեկ անգամ ևս նիստից հետո ԶԼՄ-ներին պարզաբանում տա, Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին հանձնարարել է կազմել ժամանակացույց, որպեսզի Մաքսային միության խնդիրներով զբաղվող 22 աշխատանքային խմբերը հրապարակային հաշվետվություն տան իրենց կատարած աշխատանքի մասին, խմբերի ղեկավարները հանդիպեն ԶԼՄ-ների հետ և պատասխանեն նրանց հարցերին, տան պարզաբանումներ: «Մենք պետք է լինենք առավելագույնս բաց ու թափանցիկ: Եթե նույնիսկ այսպիսի թյուրիմացություններ են լինում, ապա դրանց հաղթահարման ձևը ճշգրիտ տեղեկության տրամադրումն է առաջին աղբյուրներին, որպեսզի այդ տեղեկությունը չխեղաթյուրվի», - հավելել է վարչապետը:
Իբրև երրորդ հարց կառավարության ղեկավարը հայտարարել է նոր ծրագրի մեկնարկը: «Հիշում եք, մենք միասին բավական երկար աշխատեցինք պետական ծառայողներին բնակարանով ապահովելու խնդրի շուրջ, - ասել է Տիգրան Սարգսյանը: -Այդ նախապատրաստական աշխատանքները մենք հասցրել ենք ավարտին և այսօր հայտարարում ենք այդ ծրագրի մեկնարկը: Այս պահի դրությամբ 3500 պետական ծառայող ցանկություն է հայտնել մասնակցել ծրագրին և մեր օրակարգում, պարոն Գաբրիելյան, առաջարկում եմ ներառել այդ հարցը և այդ ծրագիրը մանրամասն ներկայացնել, որպեսզի Երևան քաղաքում կարողանանք կարճ ժամանակում կառուցել շուրջ 1000 բնակարան ունեցող շենքեր և մեր աշխատողներին ապահովել բնակարանով, նաև դրան կցելով հիփոթեքային ապահովվածությունը: Կարծում եմ, որ սա կարևոր ազդակ կլինի պետական ծառայողներին»:

Նիստում կառավարությունը հավանություն է տվել պետական ծառայողների համար բնակարանային ապահովման ծրագրին, որին մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. մարտի 10-ը էլեկտրոնային կամ փաստաթղթային տարբերակով առաջարկ պետք է ներկայացնեն Կառավարական տուն 1 հասցեով:Հարցի քննարկումն ամփոփել է կառավարության ղեկավարը` նշելով, որ եթե վճարունակ պահանջարկն ավելանա, ապա կարվի ծրագրի երկրորդ փուլը: «Մեկ քառակուսի մետրի առավելագույն գինը կլինի 300 հազար դրամ, առավելագույն ժամկետը` 30 ամիս, գումարած հիպոթեքից օգտվելու հնարավորություն պետական ծառայողների համար, - մանրամասնել է վարչապետը: - Հանձնաժողովի նախագահը կլինի Վաչե Գաբրիելյանը, ում պետական ծառայողները կարող են դիմել բոլոր հարցերով: Սկսում ենք 1000 բնակարանով ծրագրից, եթե տեսնենք, որ հետաքրքրությունը մեծ է, կանենք երկրորդ քայլը»:
Հիմք ընդունելով «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցի» 167-րդ, 193-րդ և 199-րդ կետերը` ՀՀ կառավարությունը որոշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցող պետական լիազոր մարմիններ ճանաչել`պետական (համայնքային) գնումների կարգավորման և վերահսկման ոլորտում` ՀՀ ֆինանսների նախարարությունը, բնական մենաշնորհների կարգավորման ոլորտում` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, մրցակցային քաղաքականության կարգավորման և վերահսկման ոլորտում` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, ղՂեկավարվելով նշված ժամանակացույցի 208.1 կետով` ՀՀ կառավարությունը որոշել է Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային գրանցամատյանի վարման հարցերի` Մաքսային միության անդամ պետությունների լիազոր մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցության լիազոր մարմին ճանաչել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն:

 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play