ՀՀ վարչապետի հանձնարարությամբ տեխնոլոգիական կենտրոն կստեղծգի Վանաձոր քաղաքում


ՀՀ վարչապետի հանձնարարությամբ տեխնոլոգիական կենտրոն կստեղծգի Վանաձոր քաղաքում

  • 13-02-2014 13:33:58   | Հայաստան  |  Տնտեսություն

 










Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշմամբ «Արարատ» սննդի կոմբինատ» ՍՊԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը երկարաձգել է մինչև 2014թ. սեպտեմբերի 1-ը, լրացրել ներմուծվող սարքավորումների ցանկը, ինչը հնարավորություն կտա ավելացնել ընկերության արտադրական հզորությունը, ստանալ մրգահյութի արտադրության որակյալ հումք: Այժմ ընկերությունը մտադիր է սկսել ծրագրի երկրորդ փուլը, ներդրումները 1.6 մլրդ դրամից հասցնել 2.2 մլրդ դրամի և ձեռք բերել նոր, արդիական սարքավորումներ: Ընկերությունն արդեն իսկ ստեղծել է 102 աշխատատեղ:
Կառավարությունը մինչև 2017թ. փետրվարի 15-ը երկարաձգել է Հայաստանի պատմության թանգարանի կողմից արտահանված Լոռի-Բերդի խաչքարի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմի ժամկետը: 2008 թվականից այդ խաչքարը ընդարձակ բացատրագրով ցուցադրվում է Նյու Յորք քաղաքի Մետրոպոլիտեն թանգարանի X-XIII դդ. համաքրիստոնեական մշակույթը ներկայացնող սրահում: Խաչքարի ցուցադրումը կարող է էական դեր խաղալ հայկական մշակույթի հանրահռչակման գործում: 
Հաշվի առնելով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հիմնման հաջողված օրինակը, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ավելի վաղ ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսվում է համանման տեխնոլոգիական կենտրոն ստեղծել նաև Վանաձոր քաղաքում: Կառավարության որոշմամբ նպատակահարմար է համարվել կենտրոնի ստեղծման ծրագրի իրականացման գլխավոր օպերատոր ճանաչել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, որին էլ փոխանցվել են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի առաջին մասնաշենքի երեք եռահարկ հատվածները: «Սա լավ լուր է ոչ միայն երիտասարդ վանաձորցիների, այլև քաղաքի բոլոր բնակիչների համար», - նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը սահմանել է հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների կողմից վկայականների և անցագրերի տրամադրման, դրանց գրանցման մատյանների օրինակելի կարգերը, վկայականների և անցագրերի նկարագրերը: «Անհրաժեշտ է, որպեսզի ոստիկանության ծառայողները, ովքեր այդ ծառայությունները մատուցում են, մանրակրկիտ իմանան սահմանվող կարգը, - այս առնչությամբ ասել է վարչապետը: - Նպատակահարմար կլինի ոստիկանությունում դասընթացներ կազմակերպել, որպեսզի բոլոր աշխատակիցները տեղեկացված լինեն ծառայողական վկայականների նոր չափորոշիչներին և պայմաններին»:
Դիլիջանի քաղաքային համայնքի տարածքում Աղստև գետի ձախափնյա ափապաշտպան հենապատի վերականգնման հետազոտական-նախագծային և շինարարական աշխատանքների ֆինանսավորման նպատակով գործադիրը «Դիս փրոփերթիս» բարեգործական հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար հատկացրել է 250 մլն դրամ: Դրա շնորհիվ գարնանային վարարման ժամանակ կկանխվեն գետի ափապաշտպան արգելաթմբի քայքայումն ու փլուզումը:


Ճշտվել է պետական ավտոճանապարհների անվանացանկը
Ստեղծվել է ճանապարհային ոլորտը կարգավորող միջգերատեսչական խորհուրդ
Մշտադիտարկման միջոցով կգնահատվի ճանապարհային ցանցի առկա վիճակը

ՀՀ կառավարությունը իր փետրվարի 13-ի նիստում հաստատել է ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների դասակարգված և ճշտված անվանումներով ու երկարություններով անվանացանկը: Դրանց պետական կառավարման մարմիններ են սահմանվել` կառավարման և կարգավորման մասով` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը, տնօրինման մասով` ինչպես նախարարությունը, այնպես էլ համապատասխան մարզպետարանները (Երևանի քաղաքապետարանը): Հաջորդ որոշմամբ գործադիրն ստեղծել է ճանապարհային ոլորտը կարգավորող խորհուրդ` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի գլխավորությամբ, հաստատել խորհրդի կազմը և աշխատակարգը: Խորհուրդը յուրաքանչյուր կիսամյակ իր աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացնելու ՀՀ կառավարություն: Խորհուրդը միջգերատեսչական խորհրդակցական մարմին է, որի հիմնական նպատակն է ՀՀ ճանապարհային ոլորտի կարգավորման առաջարկությունների ներկայացումը համապատասխան մարմիններին: Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, որի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև անցյալ տարեվերջին ստորագրված «Ենթակառուցվածքների կայունության աջակցության ծրագրի փոխըմբռնման հուշագրով նախատեսված միջոցառումների կատարումը, այն է` ճանապարհների ծածկի անհարթության միջազգային ինդեքսի ամենամյա մշտադիտարկման միջոցով գնահատել ճանապարհային ցանցի առկա վիճակը:

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play