Օհանավան եւ Կարբի գյուղերի այգիների ոռոգման հետ կապված խնդիրը փոխվարչապետի ուշադրության կենտրոնում է


Օհանավան եւ Կարբի գյուղերի այգիների ոռոգման հետ կապված խնդիրը փոխվարչապետի ուշադրության կենտրոնում է

  • 25-02-2014 13:52:17   | Արագածոտնի մարզ  |  Տնտեսություն

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը Արագածոտնի մարզի Օհանավան եւ Կարբի գյուղերի խնձորի այգիների ոռոգման հետ կապված խնդիրը քննարկել է ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ: Նշված համայնքների բնակիչները լրատվամիջոցներով մտահոգություն էին հայտնել իրենց խնձորի այգիները սնուցող ոռոգման ջրանցքի վրա նոր ՀԷԿ-ի  կառուցման առնչությամբ: 
Ա. Անդրեասյանը  տեղեկացրել է, որ էներգետիկ ծրագիրը  նախատեսվում է  իրականացնել  Արզնի-Շամիրամի դոտացիոն ջրանցքի վրա, եւ այն այգիների տարածքն սպասարկող  «Քասախ» ՋՕԸ-ի կողմից  ոռոգման նպատակով վերցվող ջրի հետ կապ չունի: Ծրագրի իրականացմանը համաձայնություն է տրվել միայն այն պայմանով, որ ՀԷԿ-ը պետք է գործի  բացառապես ոռոգման ռեժիմով եւ անխափան ոռոգման ապահովման առումով որեւէ դժվարություն չառաջացնի: Բացի այդ, ծրագրի իրականացումը ենթադրում է , որ շահագործումից ի վեր չվերանորոգված ոռոգման արագահոս համակարգը կփոխարինվի փակ համակարգով, ինչը կբարձրացնի ջրի կառավարման արդյունավետությունը: Ա. Անդրեասյանը հավաստիացրել է, որ  նախագծային բոլոր լուծումները համաձայնեցվում են համապատասխան կառույցների հետ` հիմքում ունենալով ոռոգման շրջանում ջուրն առաջնահերթ ոռոգմանն ուղղելու պահանջը: 
Արագածոտնի մարզպետը տեղեկացրել է, որ հողօգտագործման  եւ շինարարական աշխատանքների փաստաթղթերը ձեւակերպված են այնպես, որպեսզի համապատասխան աշխատանքներն ավարտվեն մինչեւ գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը, եւ գյուղացիական տնտեսությունների  համար դժվարություններ ու նոր խնդիրներ չառաջանան:
Փոխվարչապետը մարզպետին առաջարկել է անձամբ հանդիպել համայնքների բնակիչների հետ, տեղում քննարկել բարձրացված խնդիրները եւ անհրաժեշտ պարզաբանումներ ներկայացնել:
Արձանագրվել է, որ չեն կարող իրականացվել այնպիսի ծրագրեր, որոնք թեկուզ նվազագույն վնաս կհասցնեն  գյուղացիական տնտեսություններին: Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ կառավարությունը  ներկայումս քննարկում է  նույն այդ տարածքում նոր հակակարկտային կայանքներ տեղադրելու հարցը` նախորդ տարիներին գրանցված կարկտահարությունից բերքը պաշտպանելու համար, հետեւաբար` այդ համայնքներում ոռոգման ջրի ապահովման եւ գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից  որեւէ դժվարություն չի կարող ստեղծվել:
Խնդրի հետ կապված զարգացումները կգտնվեն  Տարածքային կառավարման նախարարության ուշադրության կենտրոնում:
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play