ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին պարգևատրվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հոբելյանական մեդալով


ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին պարգևատրվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հոբելյանական մեդալով

  • 07-03-2014 15:00:38   | Հայաստան  |  Մշակույթ

Մարտի 6-ին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրեն 
Հարություն Խաչատրյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության 
արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին հանձնեց կինոփառատոնի՝ 
2013թ. նշված տասնամյակի հոբելյանական մեդալը: «Ոսկե ծիրան»-ի 
ներկայացուցիչները՝ ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը և 
գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը Հարություն 
Խաչատրյանի հետ միասին գերմանական կողմին շնորհակալություն հայտնեցին 
կինոփառատոնին ցուցաբերած աջակցության համար: 
 
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Գերմանիայի միջև 
համագործակցությունը սկսվել է դեռևս 2004թ.՝ փառատոնի մեկնարկային 
տարում, և շարունակվել է ամեն տարի: Գերմանիայի դեսպանությանն այս 
գործում մեծապես աջակցել է Գյոթեի անվան ինստիտուտը, որի հայաստանյան 
ներկայացուցիչ Յուլիա Կրամերը նույնպես ներկա էր մեդալի հանձնման 
արարողությանը: 
 
«Ոսկե ծիրան»-ին մինչ օրս մասնակցել են տարբեր ժանրերի ավելի քան 120 
գերմանական ֆիլմեր, այդ թվում՝ Մարգարեթ ֆոն Թրոտտայի «Հաննա Արենդթը», 
Վիմ Վենդերսի «Պինան» և Ֆաթիհ Աքինի “Soul Kitchen”-ը: Այս երեք ռեժիսորները, 
ինչպես նաև գերմանական կինոյի շատ այլ գործիչներ տարբեր տարիներին 
հյուրընկալվել են «Ոսկե ծիրան»-ին: 2014թ. նույնպես ակնկալվում է 
գերմանական մասնակցություն կինոփառատոնին: 
 
Գերմանիայի դեսպանությունը մեծ ուրախությամբ է նպաստում «Ոսկե ծիրան» 
միջազգային կինոփառատոնի կայացմանը և նրա անձնակազմին մաղթում է 2014 
թվականի հերթական փառատոնի հաջող անցկացում: 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ