Նվեր - քանդակներ՝ Ստեփանակերտին


Նվեր - քանդակներ՝ Ստեփանակերտին

  • 21-03-2014 14:41:10   | Հայաստան  |  Մշակույթ

Երևանի քաղաքապետարանը և Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջը համատեղ նվեր են պատրաստում ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի համար։ Մայիսյան տոներից հետո Ստեփանակերտ  են տեղափոխվելու 4 քանդակները, որոնք այս օրերին քանդակում են քոլեջի ավագ կուրսերի ուսանողները։ Քանդակները տեղադրվելու են Ստեփանակերտի պուրակներում։
«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին առաջարկեցինք Երևանի քաղաքապետարանի կողմից քանդակներ նվիրել Ստեփանակերտին։ Քաղաքապետը հաճույքով ստանձնեց այդ պատասխանատվությունը, ապահովեց քարերով։ Քանի որ Ստեփանակերտը սպիտակ քաղաք է, որպես գունային լուծում ընտրեցինք կարմիր տուֆը։ Ներկայացված 10 էսքիզներից ընտրել ենք 4 լավագույնները՝ քաղաքային միջավայրին, մասնավորապես՝ Ստեփանակերտին բովանդակային առումով լրացնող թեմատիկայով»,- ներկայացրել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյան-Առուշանյանը։ Քանդակները կնոջ ֆիգուրներ են՝ ազգային նախշազարդ լուծումներով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ուսանող քանդակագործների խոսքով՝ գործն սկսել են մեծ սիրով, քանի որ մեծ պատիվ է, որ իրենց ստեղծագործությունները տեղադրվելու են Արցախի մայրաքաղաքում։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play