ԴԼԷ ՅԱՄԱՆ.Սասունցի Դավթի եւ Խանդութի Խանումի սիրո պատմության երգը


ԴԼԷ ՅԱՄԱՆ.Սասունցի Դավթի եւ Խանդութի Խանումի սիրո պատմության երգը

  • 25-03-2014 22:25:32   | Հայաստան  |  Մշակույթ
Մաս 1-ին
 
Ծիրանափողի մեղեդու հնչյունների ուղեկցությամբ, ժողովրդական դարձած, Դլէ Յաման երգը գրառել է հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկը, երաժշտագետ, հոգեւորական եւ դասատու, հայ դասական երաժշտության հիմնադիրներից մեկը Կոմիտաս Վարդապետը։ Երգի ծագման, լեզվական եւ բառակազմական ինչպես նաեւ գաղափարական խնդիրների ուսումնասիրության արդյունքում հանգեցինք այն եզրակացության, որ Դլէ Յաման երգը Խանդութ Խանումի եւ Սասունցի Դավթի սիրո պատմության երգն է եւ այն հայ էպիկական երգարվեստի եւ «Սասնա Ծռեր» էպոսի բաղկացուցիչ մասն է հանդիսանում: Ուստի, նախքան Դլէ Յաման երգի բովանդակությանը անդրադառնալը, եւս մեկ անգամ ներկայացնեմ Սասունցի Դավթի եւ Կապուտկողցի Գեղեցկուհի Խանդութի սիրո պատմությունը:
 
Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չինաստանի Սուլթանի աղջկա հետ, ով Սասնա Ծռեր էպոսում հայտնի է որպես Չմշկիկ Սուլթան: Սակայն Դավիթը լսելով Կապուտկողցի Արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին, հրաժարվում է Չմշկիկ Սուլթանի հետ ամուսնանալուց, թողնելով Չմշկիկ Սուլթանին հուսախաբ:
էպոսում Խանդութը սիրահարվում է Դավթի հերոսությանը, Դավթի սիրտը գերելու համար երգասացներ է ուղարկում Դավթի մոտ, իր սերն ու գեղեցկությունը գովերգելու: Երգասացների կողմից գովերգված Խանդութը գերում է Դավթին եւ Դավիթը գնում է Խանդութի հետեւից:
Խանդութի մեծ սերը պահապան է Դավթին, նա հեռվից հետեւում է Դավթին, երբ գինովցած Դավիթը կորցնում էիր զգոնությունը, Խանդութը Դավթի քունը վանելու եւ զգոնությունը վերականգնելու համար կաղիններ է նետում Դավթի դիմաց դրված արծաթյա սկուտեղի մեջ: Խանդութը վազում է, խռոված եւ վիրավորված ձիով հեռացող Դավթի հետեւից, աղերսելով, որ Դավիթը ետ դառնա: Խանդութի մեծ սերը Խանդութին տարավ ռազմի դաշտ՝ կռվում ընկած դիակների մեջ որոնելու իր սիրեցիալ Դավթին:
Խանդութը մենամարտի է կանչում հանդունգն քաջին, չկասկածելով անգամ, որ մարտահրավեր է նետում իր Դավթին, իսկ հաղթանակած Դավիթը խաղ էր անում Խանդութի հետ։
Դավիթը գետնում է Խանդութին, եւ միայն այդ ժամանակ Խանդութը խոստովանում է, որ ինքը կին է. իրականանում է Խանդութի երդումը՝ ամուսնանալ միայն այն տղամարդու հետ, ով կկարողանա իրեն զ՛գետնել։
Խանդութի եւ Դավթի սիրուց ծնվում է Մհերը, չափահաս դառնալով՝ Մհերը որոշում է գնալ եւ գտնել իր հորը: Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են եւ իրար չճանաչելով մենամարտում: Կռվին վերջ է դնում Խանդութ Խանումը։ Թվում է սրանով հաղթանակում է Խանդութի մեծ սերը եւ ավարտվում Դավթի կռիվը, եւ Դավիթը վերջապես կարող է վերադառնալ Խանդութի մոտ, սակայն Դավիթը նորից փորձության է ենթարկում Խանդութի մեծ սերը, վերադառնում է Չմշկիկ Սուլթանի մոտ եւ սպանվում իր հարազատ աղջկա արձակած նետից։ Եւ երբ Կապուտկողի Արքայադուստր Խանդութը «հասկացավ, որ Դավիթ մեռած է»` ցած նետվեց բերդից:
...Էն հասկացավ, որ Դավիթ մեռած է.
Ըստուց ետեւ Արեւ-Լուս ինձի հարամ ըլնի,
Ետեւ Դավթին ես աշխարք չեմ մնա....։
Էս անգամ Խանդութ էլավ բերդի գլուխ,
Ու էնտեղեն իրեն թալեց.
Գլուխն առավ վեր քարին, քար ծակեց, էղավ փոս..։
Էնոր ծծերի տեղ հիմի էլ էրկու աղբուր կը թալի։
Յոթ ճուղ ծամի տեղ էլ հիմի կ’էրեւա,
Քանց յոթ սուն կը սեւ կըտի....։
 
Իր մահվամբ Խանդութը կյանք է տալիս երկու աղբյուրի, որոնք բխում են այն ժայռից, որին զարնվում է Խանդութի մարմինը: Խանդութ Խանումը, Դլե Յաման երգով Սասնա Բերդից, կարծես վերջին անգամ, դիմում է Դավթին, աշխարհին ներկայացնելով Դավթի եւ իր սիրո պատմությունը, ներկայացնում է Դավթի զորավոր էությունը, «անիմաց» մնացած կիսատ սերը: Ահա, այս պատմության եւ հենց այս դրվագի համար է ձոնված «Դլէ Յաման» երգը, այն նվիրված է Սասունցի Դավթի եւ Կապուտկողցի Խանդութի երկրային կյանքին եւ սիրուն: Խանդութ Խանումը «Սասնա Ծռեր» էպոսում մարմնավորում է նվիրված եւ սիրասուն կնոջ աստվածային կերպարը:
Մինչեւ «Դլէ Յաման» երգի բովանդակության անցնելը, ներկայացնենք Դավիթ եւ Խանդութ Խանում անունների ծագումնաբանական եւ լեզվաբանական բացատրութիւնը.
 
Դավիթ-Հայկական Դավիթ-Տավիտ -Տիվաց անունը առնչվում է հայկական՝
Տի-ՏԻՎ-ԴԻ – ԴԻՑ-լույս, Աստված բառերի ստուգաբանման հետ:
Տի-իտ- տուենջեան- ցերեկ, օրվա լույս մասը,առավոտ (ՆՀԲ):
տի-դի- օր, sanskrit -divedive օր-աւուր, օր ըստ օրե», Աստված բնիկ հայերեն բառ, (Հր. Աճառյան-Հայերենի Արմատական Բառարան)
Էպոսի պատումներում կան հատվածներ, որտեղ Տավիթը -ՏԱՎ- ՏԻՎ նշանակում է՝ երկինք, լույս, ցերեկ: Դավիթը Խանդութին ազատելու համար գնում է Անդրաշխարհ:
Տաւ- աղերսվում է հայկական լեռնաշխարհի հայկական Տավրոսի -տավար-ցուլ լեռներ իմաստի հետ:
Տաւաղել- հավաքել զցրուեալ բազմութիւն (ՆՀԲ)
 
Խանդութ Խանում- բուն հայկական բառ- Խանախանա‘ -Ḫannaḫanna-h/խ զուգորդում
հանա-խանա- Մայր դիցուհի
հանում- խանում- տիկին
«հանա-հանա» սքողում է բնիկ հայ. Հան` հնխ. *Han-_մեծ մայրը, շում. Ան-երկինք աղերսով Ան-երկնքի Աստված իմաստը /Ալեքսանդր Վարպետյան/
Խանդութ -Մայր դիցուհի– Ութ Աստվածների Մայր: Չորս զույգերից էր կազմված Հայոց ութ Աստվածների Դիցարանը.
 
Այժմ անդրադարնանք «Դլէ Յաման» երգի բովանդակությանը, որի միջոցով Խանդութը պատմում է աշխարհին իր եւ Դավթի սիրո պատմությունը: Դլե Յաման երգի մեջ կան կենտրոնական բառեր, որոնց իմացությամբ, լեզվաբանական, բառակազմական եւ ծագումնաբանական վերլուծությամբ, կարողանում ենք պատկերացում կազմել այս էպիկական երգի արարման ժամանակի եւ նպատակի մասին:
«Դլէ Յաման» երգի բովանդակության եւ բառակազմական վերլուծությունը ներկայացնելու համար մենք կօգտվենք «Սասնա Ծռեր» էպոսից, «Սասունցի Դավիթ» գրքի համար Հովսեփ Օրբելու գրած նախաբանից, Նոր Հայկազեան Բառարանի, Հր. Աճառեանի Արմատական բառարանի, Հայերէն Գաւառական Բառարանի մեջ տրված, մեր քննախուզության համար կենտրոնական համարվող, բառերի բացատրութիւն ներից, Հ.Մարտիրոսյանի «Սյունիքի ժայռապատկերներ» եւ այլ հայագիտական ուսումնա սիրություններից:
Առաջինը անդրադառնանք «Դէ-լէ Յաման» բառերի կապակցության իմաստին եւ քննարկենք յուրաքանչյուր բառը՝ առանձին վերցրած:
«դե լե- ձայնարկությունը կապված է լեզվի, լսողության, ձայնի հետ, արտաhայտում է ձայն, կանչ, ասելիք, խոսք՝ լե-լսել, լե- զու, լուր- լե արմատ, լե՛ր – գրաբարում՝ եղի՛ր, լինել): (Հրաչյա Աճառյան-Հայերենի Արմատական Բառարան, ՆՀԲ):
«յաման» բառը բուն հայկական բառ է, յ-ամ- ան, յ- նախդիր՝ որպես ի տրական հոլով,
յամոյր- վայրի այծ, այծքաղ, արու եղջերու( Նոր Հայկազեան բառարան)
ամ- am--բնիկ հայերեն բառ- sama- սանսկրիտ sama-amaš-( տարի, եղանակ, ժամանակ )
ամ-այծ = ած, էծ, դիգ, ազ, նոխազ, քաղ, քոշ, արտի......(ՆՀԲ, Հր. Աճառյան)
ամ- տարի, ե(յ)աշ, ժամանակ (ՆՀԲ)
ամբ-ամպ – անպ - մ/ն զուգորդումով, ունի երկինք իմաստը (Հայկազեան, Աճառյան, գրաբար,) շում. Ան-երկինք աղերսով Ան-երկնքի Աստված իմաստը(Ալեքսանդր Վարպետյան)
Ամ-Ան – Ժամանակի -Երկնքի Աստված:
Հայերենում -ամ-արմատով կազմված բառերը հիմնականում արտահայտում են երկինք, ժամանակ, Աստուած եւ համանման իմաստներ:
Ար-ամ-ազդ,
Սանդար-ամ-ետ,
Մարի-ամ,
Ար-ամ նահապետ,
Ամի- հորեղբայր, նահապետ(Խոյի բարբառ),
Ագաթանգեղոս «զ-առ-ամ – խիստ ծեր մարդ, թվարկաված անունների մեջ, կենտրոնական է ամ արմատը:
Մեր ասածը հիմնավորելու համար ներկայացնենք Հայոց Արեւապաշտական ժամանակա շրջանի Հայոց գերագույն Աստված՝ երկնքի ու երկրի արարիչ Արամազդի անունի մեկնաբանումը:
Շումերերենում ՝ mašd-ara= նշանակում է «վայրի այծ», որը նույն Ար-ամ-ազդ Աստծո անունն է, mašd-ara = ara-mašd= ar-am-ašd- ար- ամ- ազդ-
ար-Ար- արեգակնային Աստվածությունը ՝ Լույսը
ամ- Աստված- եւ Ժամանակ,
ազդ- ազդարարել-կայծակ՝ Թուր Կեծակին
Ար - արեգակնային Ամ- աստծո Ազդ-ը- ազդարարումը,
ամպրոպ- շանթ, կայծակ, հրածին, լուսարփի, մակդիր՝ Արամազդ, որը կոչվել է ամ-պրոպային Ար-ամ-ազդ (ՆՀԲ, Հրաչյա Աճառյան-Հայերենի Արմատական բառարան)
Այսպիսով, հենվելով ներկայացրած նյութի վրա կարող ենք հանգել այն եզրակացության, որ «Դլէ Յաման» բառակապակցությունը ճիշտ է ներկայացնել, ապա ընկալել, որպես՝ « ժամանակի եւ երկնքի Աստծուն ուղղված խոսք» կամ «Խոսք Ժամանակի եւ Երկնքի Աստծուն».
 
Դլե յաման
Գյամին էկավ կրակի պես,
Վա՜յ, դլե յաման,
Էկավ, հասավ չուր ծովու կես,
Յաման, յաման:
 
«Գյամին», եկավ կրակի պես, Էկավ, հասավ չուր ծովու կես», Երգի մեջ Գյամին Կարմիր Առագաստն է, կամ Աստվածային Նավը, որ գալիս է «կրակի պես», սակայն, նա, ով գալիս էր, հաղթահարեց միայն կես ճանապարհը «ծովու կես» եւ տեղ չհասավ: Ավանդաբանությունից գիտենք, որ հայոց հերոսները ոչ միայն Արեւածին են, այլեւ Ծովածին, Ծովազն: Ծով մտնելով եւ Ծովից դուրս գալով հերոսները ինքնակազմակերպվում են եւ հաղթահարում են ժամանակի եւ տարածության խնդիրը, այս մոտեցումը առկա է նաեւ երգի մեջ: Թե երգի եւ թե Էպոսի մեջ «Ծովը» դիցական իմաստ ունի. Հերոսը, տվյալ դեպքում՝ Դավիթը կապված է ջրի, ծովի հետ «Ծովից է ուժ առնում, Ծովի մեջ է ապաքինվում, Ծովի խորքերից սուրում մինչեւ Արեւը՝ «Գյամին եկավ կրակի պես»:
Կարեւոր ենք համարում մատնանշել Միհրի եւ Դավթի մենամարտի երեւույթը, մենամարտից հետո, կարծես թե Դավիթը պետք է վերադառնար Խանդութի մոտ, սակայն, «Էկավ, հասավ չուր ծովու կես», այսինքն կիսատ թողած խնդիր ուներ, ուստի եւ վերադառնում է Չմշկիկ -սուլթանի մոտ:
Գյամի-Կյամի-Քյամի բառի մեջ նույնպես կենտրոնական է «ամ»-ժամանակ կամ ժամանակ-տարածություն իմաստը, «Գյամի»բառի մեջ առկա է նաեւ -«Աստված-Նավ,Աստվածային նավ, Երկնային նավ, Կարմիր Առագաստ» գաղափաը: Մեր կողմից ներկայացրած «Գյամի» բառի իմաստը ամրագրելու համար բերենք մեկ հատված հայ ազգագրական մեկ այլ երգից՝
Գյամին վըր ծովուն
Յուշիկ մ ' երերաց,
Կանաչ էր փարդեն,
Կարմիր էրեւաց....
Այսպիսով «Գյամի» բառը, որպես Կարմիր Առագաստանավ, հայ ժողովրդական բանահյուսության մեջ գոյություն ունի եւ այն պահպանված է ազգագրական երգերում:
 
2. Դլե յաման,
Մեր տուն, ձեր տուն իրար դիմաց,
Վա՜յ, դլե յաման,
Մենք սիրեցինք առանց իմաց
Յաման, յաման:
Խանդութը, իր ամուսին Դավթին, ով կրում է Ժամանակի եւ Երկնքի աստվածային գաղափարը եւ ներկայանում է մեզ որպես Ժամանակ- Երկինք՝ Ամ-Ան, հիշեցնում եւ պատմում է. «Մեր տուն, Ձեր տուն իրար դիմաց» այսինքն մեկ տուն Սասունն է, մյուս տունը՝ Կապուտկողն է:
Խանդութը հիշեցնում, պատմում է Երկնքի եւ Ժամանակի Աստծուն, որ իրար սիրեցին, սակայն այդ Մեծ սերը մնաց «առանց իմաց»: Քանի որ, Դավիթը Խանդութին մենակ թողեց Սասնա էրգրի մեջ, որպես Տեր ու Տիրուհի եւ ինքը առաջնային համարեց տարբեր աշխարհներում 40 փահլեւանների գործը ավարտին հասցնելու խնդիրը:
 
3. Դլե յաման,
Արեւ դիպավ Մասիս սարին,
Վա՜յ, դլե յաման,
Կարոտ մնացի ես իմ յարին,
Յաման, յաման։
 
Շատ խորհրդանշական է «Արեւ դիպավ Մասիս սարին» տողը, այս տողի մեջ ամրագրված է հայոց հոգեւոր բյուրեղացման երկու գլխավոր արտահայտինչները ՝Արեւը եւ Մասիսը: Մասիսի լեռնագագաթներից է ծագում Արեւը ու Արեւը մայր է մտնում Մասիսի լեռնագագաթին: Մասիսի լեռնագագաթին են իջնում Հայոց Աստվածները եւ այնտեղից երկինք բարձրանում: Հայոց էպոսի բյուրեղացումներից է Դավթի եւ Խանդութի կյանքի պատմությունը, խորհրդանշա կան է Արեւ դիպավ Մասիս սարին եւ Խանդութը կարոտ մնաց իր յարից, ամուսնուց իր կողակցից:
Այժմ մեկնաբանենք եւ ներկայացնենք «յար» բառի իմաստը հայերենում: Հր.Աճառյանը իր Հայերենի Արմատական Բառարանում «յար»- «եար»բառը այսպես է բացատրում.
1) յ-ար՝ ի ար- հետը կցած, զույգ, կից, կողակից՝ ամուսին, բուն հայկական բառ է:
2) յար- շարունակեալ, յավիտեան (բուն հայկական բառ ):
 
4. Դլե յաման,
Քամին էկավ երան-երան,
Վա՛յ, դլե յաման,
Գյամին հասավ ծովու բերան,
Յաման, յաման։
 
«Քամին էկավ երան-երան» նախադասության մեջ նույնպես ակնհայտ է որոշակի թաքնագիտություն, եթե Քամի բառը մենք կարող ենք ընկալել ուղղակիորեն, որպես հողմ Երկնքի եւ Երկրի միջեւ շարժում առաջացնող երեւույթ, ապա երան-երան բառը առանց օգնության հնարավոր չէ հասկանալ, այս խնդրին պարզաբանում է տալիս Նոր Հայկազյան Բառարանը .
Երան-էրան նշանակում է արիաց, այսինքն՝ արիաց ոգի, ուժ, զորություն, հողմ: Երգի մեջ երան-երան - կամ արիաց քամին հանդիսանում է այն ուժը, որը Ծովի վրա տեղաշարժում է Գյամին, որի մեջ առկա է «Աստվածային նավ, Երկնային նավ, Կարմիր Առագաստ» գաղափարը:
 
Դլե յաման`
Քամին էկավ առավ բերդին`
Վայ դլե յաման,
Քո սեր կաթավ մեջ իմ սրտին
Յաման յաման:
 
Խորհրդանշական, գաղափարական նույնական ավարտ ունի «Սասունցի Դավիթ» Էպոսի եւ «Դլէ Յաման» երգի մեջ Դավթի եւ Խանդութի սիրո պատումը:
Էպոսի մեջ սպասումով լի, անհամբեր Խանդութ Խանումը երբ զգաց,հասկացավ, որ «Իմ կանաչ կտրիճ Դավիթ չէկավ, Դավիթ մեռած է», բարձրացավ Բերդի գլուխ «Ու էնտեղեն իրեն թալեց.»: «Դլե Յաման» երգի մեջ նույնպես,Աստվածային սիրո ուժի խորհուրդ, Դավթի ոգին ու զորություն հանդիսացող Քամին գալիս առնում է Բերդին, ուր վճռական եւ հպարտ Խանդութն էր բարձրացել: Սպասումով լի Խանդութը Բերդի գլխին կանգնած, Դավթի կիսատ թողած Սերը իր սրտի մեջ է առնում «Քո սեր կաթավ մեջ իմ սրտին» եւ հար ու շարունակեալ միանում Դավթին՝ Լույս- ժամանակ-Երկնքին:
 
Մինչեւ այժմ մեր հարեւանները՝ քրդերը, արաբները եւ այլեր փորձում են Դլե յաման երգը ներկայացնել որպէս իրենց ազգային սեփականություն, հենվելով «ԴԼԵ Յաման» երգի վերնագրի վրա, որը քրդերեն թարգմանվում է «տանջված սիրտ», բայց զարմանալին այն է, որ քրդերը կամ արաբները կարողացել են միայն ինչ-որ կերպ թարգմանել- հարմարեցնել «Դլե Յաման» երգի վերնագիրը, որը չի համապատասխանում երգի բովանդակությանը, իսկ երգի բովանդակության մասին չեն խոսում, կամ չեն կարողացել այն հարմարեցնել: Այսպիսով մեր ծագումնաբանական եւ լեզվաբանական վերլուծությունները ցույց տվեցին, որ ոչ «Դլե Յաման» երգն ունի քրդական ծագում եւ ոչ էլ հատկապես «Դլե Յաման» վերնագիրը:
«Սասնա ծռեր»- էպոսի արարման պատմությունը հասնում է հազարամյակների խորքը, այն իր մեջ կրում է Հայոց Արեւպաշտական ժամանակաշրջանի Աստվածների պատմությունը: Եւ, քանի որ, Դլե Յաման երգը իր բովանդակությամբ, ոգով ուղղակիորեն առնչվում է Հայոց էպոսի գաղափարական բովանդակության հետ, էպոսի մի մասունք է հանդիսանում, այն նույնքան հին պատմություն ունի: Սասնա Ծռեր էպոսի գլխավոր կերպարներից է Միհրը, Միհր-Միթրա-Մհերի մասին հնագույն հիշատակությունը բացահայտվել է խեթական եւ միտանական գրավոր բանակցություններում՝ Միտանիի արքա KUR-ti-ú -a(z)-za-ի եւ խեթերի արքա Շուպպիլյուլմա 1-ինի միջեւ հաստատված դաշինքի մեջ (մ.թ.ա. մոտ 1380թ.): Միհր-Միթրա-Մհեր աստվածությունը ծնվել է Հայկական լեռնաշխարհում դեռ մ.թ.ա 4-րդ հազարամյակին:
 
Կարինէ Հայրապետեան
Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութեան
Կրթութեան եւ գիտութեան նախարար
 
16.01.2014 թ.
 
ԿՈՄԻՏԱՍ
ԴԼԵ ՅԱՄԱՆ
 
1 ... Դլե յաման
Գյամին էկավ կրակի պես,
Վա՜յ, դլե յաման,
Էկավ, հասավ չուր ծովու կես,
Յաման, յաման:
2... Դլե յաման,
Մեր տուն, ձեր տուն իրար դիմաց,
Վա՜յ, դլե յաման,
Մենք սիրեցինք առանց իմաց
Յաման, յաման:
3....Դլե յաման,
Արեւ դիպավ Մասիս սարին,
Վա՜յ, դլե յաման,
Կարոտ մնացի ես իմ յարին,
Յաման, յաման:
4... Դլե յաման,
Քամին էկավ երան-երան,
Վա՜յ, դլե յաման,
Գյամին հասավ ծովու բերան,
Յաման, յաման:
5....Դլե յաման,
Քամին էկավ, առավ բերդին,
Վա՜յ, դլե յաման,
Քո սեր կաթավ մեջ իմ սրտին,
Յաման, յաման:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play