Բանաձև՝ Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների հաշվետվության վերաբերյալ


Բանաձև՝ Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների հաշվետվության վերաբերյալ

  • 03-04-2014 15:58:09   | ԱՄՆ  |  Քաղաքական

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և այդ հանձնաժողովի բարձրաստիճան անդամ Էլիոտ Էնգելը ներկայացրել են Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների վերաբերյալ հաշվետվության բանաձև

4347 բանաձևը Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունից պահանջում է տարեկան զեկույց Թուրքիայում քրիստոնեական ունեցվածքները կողոպտելու, բռնագրավելու կամ չվերադարձնելու կարգավիճակի վերաբերյալ

 

Վաշինգտոն- Անցած շաբաթ, երբ Հայկական հարցերով զբաղվող հանձնախումբը կարծիք ներկայացրեց այն հավաստի զեկույցների վերաբերյալ, որոնք ներկայացնում են Թուրքիայի դերը իսլամական ծայրահեղականներին` իր սահմանից Սիրիա մտնելու ու արդյունքում Քեսաբում վնասներ պատճառելու գործում, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և այդ հանձնաժողովի բարձրաստիճան անդամ Էլիոտ Էնգելը ներկայացրեցին Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների վերաբերյալ հաշվետվության 4347 բանաձևը,- հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումարը): 4347 բանաձևը Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունից պահանջում է տարեկան զեկույց Թուրքիայի ղեկավարած տարածքներում քրիստոնեական ունեցվածքները կողոպտելու, բռնագրավելու կամ չվերադարձնելու կարգավիճակի վերաբերյալ:

 

«Այս օրենսդրական քայլը Թուրքիային հաշվետու է դարձնում իր` մարդու իրավունքները պաշտպանելու միջազգային պարտավորությունների համար, և այն կոչ է անում ուշադրությունը հրավիրել թուրք առաջնորդների կողմից խախտված խոստումներին, թե իբր եկեղեցիների ունեցվածքները կվերադարձվեն իրենց իրական սեփականատերերին»,- հայտնեց Ռոյսը` հավելելով. «Տասնամյակներից ավել քրիստոնեական եկեղեցու ունեցվածքները, հատկապես նրանք, որոնք պատկանում էին հայկական, սիրիական և հունական ուղղափառ համայնքներին, կամ բռնի ուժով վերցվում էին, կամ տարբեր պատճառաբանություններով ապօրինաբար բռնագրավվում թուրքական իշխանությունների կողմից: Թուրքիայի վերահսկողության տակ այս եկեղեցիները կողոպտվեցին, վերածվեցին մզկիթների, խանութների, խաղատների, պղծվեցին և հաճախ անդառնալիորեն վնասվեցին»:

 

Ռոյսը` շարունակելով իր խոսքը, ասաց. «Խոցելի կրոնական փոքրամասնությունները արժանի են ավելիին, քան պարզապես իրենց կրոնական կողոպտված ունեցվածքի մաս-մաս վերադարձը»: Համաձայն Ռոյսի. «Կարևոր է, որ Միացյալ Նահանգները շարունակեն քաջալերել թուրք առաջնորդներին կատարել իրենց պարտավորությունները և վերադարձնել մնացած բոլոր ունեցվածքը առանց ավելորդ հետաձգման: Այս օրինագիծը Միացյալ Նահանգների դիվանագիտական առաջնահերթության ցանկում կներառի Թուրքիայում կրոնական ազատությանը և հանդուրժողականությանը նպաստելը»:

 

Իր հերթին Էնգելն ասաց.  «Թուրքիայի հանրապետությունը և, իհարկե, բոլոր ազգությունները պատասխանատու են պաշտպանելու, վերականգնելու և վերադարձնելու այն կրոնական ունեցվածքները, որոնք պետական իշխանությունների կողմից ապօրինաբար բռնագրավվել են իրենց համայնքներից և օրինական սեփականատերերից: Տարիներ շարունակ, հայկական, սիրիական և հունական ուղղափառ համայնքները Թուրքիայում ձգտում են վերադարձնել իրենց բռնագրավված ունեցվածքները: Այս համայնքների պահանջները պետք է հարգվեն և բավարարվեն համապարփակ կերպով և ժամանակին: Այս օրենսդրությունը կոչ է անում Թուրքիայի հանրապետությանը հաշվի առնել իր միջազգային պարտավորությունները, և հորդորում է Միացյալ Նահանգներին ապօրինաբար բռնագրավված կրոնական ունեցվածքների վերադարձի հարցը դարձնել առաջնահերթ, որպեսզի սկսեն լուծել այս համայնքների օրինական պահանջները»:

 

Նմանատիպ բանաձև (306 բանաձևը) ընդունվեց 2011թ. Ներկայացուցիչների Պալատի կողմից: Համագումարը ԱՄՆ-ի Հայկական Եկեղեցու Արևելյան և Արևմտյան թեմերի հետ մեկտեղ լոբբիստական ջանքեր գործադրեց այն ընդունելու 112-րդ Կոնգրեսում: Սենատում նույն բանաձևը սենատորներ Սքոթ Բարունի, Դայան Ֆայնշթայնի ու Մարք Քիրքի կողմից դրվել էր քվեարկության 392 բանաձև անվան տակ, սակայն այն կասեցվեց հանձնաժողովում: Ռոյս-Էնգելի` Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների վերաբերյալ հաշվետվության բանաձևի հայելային տարբերակը Սենատում դեռ չի ներկայացվել:

 

«Մենք ողջունում ենք Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի և այդ հանձնախմբի բարձրաստիճան անդամ Էլիոտ Էնգելի` այս կարևոր նախաձեռնությունը ներկայացնելու համարձակությունը: Հույս ունենք, որ այն Թուրքիային հաշվետու կդարձնի իր միջազգային պարտավորության համար` պաշտպանելու քրիստոնյա հայ փոքրամասնության իրավունքները, պատմությունը, մշակույթը և պաշտամունքի վայրերը»,- հայտնեց ԱՄՆ-ի Հայկական Եկեղեցու Արևելյան թեմի ներկայացուցիչ, արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյանը:

 

Նոյյան տապան  -   Քաղաքական