ՀՀ ութ մարզերում ուսումնասիրվել է 78 թունաքիմիկատի պահեստ


ՀՀ ութ մարզերում ուսումնասիրվել է 78 թունաքիմիկատի պահեստ

  • 04-04-2014 18:15:29   | Հայաստան  |  Տնտեսություն

 ՀՀ բնապահպանության նախարարությունում այսօր կայացել է «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով /ԿՕԱ/ վարակված տարածքների աղտազերծում» ծրագրի Ղեկավար կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվեցին ծրագրի շրջանակներում կատարված հետազոտությունների արդյունքները, ծախսերի գնահատականն ըստ արդյունքների և գործողությունների ընթացակարգը:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը իր ներածական  խոսքում նկատել է, որ խնդրի կարգավորման ուղղությամբ կատարվել է մեծ ծավալի ծրագրային աշխատանք, բայց այն դեռ բավարար չէ աշխատանքների գործնական փուլին անցնելու համար: ՀՀ ութ մարզերում ուսումնասիրվել է  78 թունաքիմիկատի պահեստ իսկ աշխատանքների առաջին փուլում առաջնայնությունը տրվելու է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրի լուծմանը: 
Ծրագրի ղեկավար կոմիտեի ներկայացուցիչները իրենց զեկույցներում շեշտել են, որ  Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում ուղղակի ազդեցության էլեմենտներ չեն գրանցվել, սակայն տարածքը կայուն չէ, հետևաբար պետք է առաջնային լուծվեն տեղում առկա թունաքիմիկատների ոչնչացման և աղտազերծման աշխատանքները:
Այս նպատակով առաջարկվել է երկու սցենար:
Առաջին՝ նախատեսվում է 1050 տոննա մաքուր ԿՕԱ պեստիցիդների (1-ին կատեգորիա) ոչնչացում և 7100 տոննա բարձր խտության ԿՕԱ-ներ պարունակող  թափոնների (2-րդ կատեգորիայի ԿՕԱ-ներ պարունակող թափոնների) վնասազերծում երկրի ներսում և ցածր խտության ԿՕԱ-ներ պարունակող  թափոնների (3-րդ կատեգորիայի ԿՕԱ-ներ պարունակող թափոնների) պարփակում Նուբարաշենում: Այս նպատակով նախատեսվում է ներգրավել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի և ՀՀ պետական ֆինանսական միջոցները: 
Երկրորդ տարբերակով նախատեսվում է1050 տոննա մաքուր ԿՕԱ պեստիցիդների (1-ին կատեգորիայի ԿՕԱ-ներ պարունակող թափոնների)  արտահանում և ոչնչացում այլ երկրում,  7100 տոննա բարձր խտության ԿՕԱ-ներ պարունակող  թափոնների (2-րդ կատեգորիայի ԿՕԱ-ներ պարունակող թափոնների) վնասազերծում երկրի ներսում և ցածր խտության ԿՕԱ-ներ պարունակող  թափոնների (3-րդ կատեգորիայի ԿՕԱ-ներ պարունակող թափոնների) պարփակում Նուբարաշենում: 
ՀՀ բնապահպանության նախարար, Ծրագրի ղեկավար կոմիտեի համանախագահ Արամ Հարությունյանը լսելով ներկայացված տարբերակները՝ առաջարկել է դիտարկել և գնահատել ծրագրի իրագործման բոլոր ռիսկերը և ներկայացնել խնդրի կարգավորման հստակ երաշխավորված փուլային տարբերակ:
          Աշխատանքային քննարկման արդյունքում նախանշվեցին աշխատանքների հաջորդ փուլի հիմնական սկզբունքները և Ղեկավար կոմիտեի հաջորդ հանդիպման օրակարգը:
 
 
 
                                  
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play