Վահրամ Հովյան. Արտերկրի հայագիտական կենտրոնների արդի խնդիրները


Վահրամ Հովյան. Արտերկրի հայագիտական կենտրոնների արդի խնդիրները

  • 08-04-2014 13:44:31   | Հայաստան  |  Վերլուծություն

Հայագիտական կենտրոններն այն կառույցներն են, որոնք հայոց լեզվի, հայոց պատմության, հայկական մշակույթի, քաղաքականության և ընդհանրապես Հայաստանին ու հայությանը վերաբերող թեմաներով իրականացնում են գիտահետազոտական և/կամ բարձրագույն ուսումնական գործունեություն։ Ներկայումս արտերկրում կան 7-8 տասնյակ այդպիսի կառույցներ։
 
Հայագիտական կենտրոնները կամ առանձին հաստատություններ են, կամ էլ ավելի մեծ հաստատությունների ստորաբաժանումներ։ Առանձին կառույցները հիմնականում պատկանում են հայկական սփյուռքին։ Այդպիսիք են Զորյան ինստիտուտը (ԱՄՆ), Մխիթարյան միաբանությունը (Վիեննա, Վենետիկ) և այլն։
 
Ինչ վերաբերում է ավելի մեծ կառույցների մաս կազմող հայագիտական կենտրոններին, ապա դրանք, ըստ պատկանելության, կարելի է բաժանել երկու մասի։ Առաջին խմբի մեջ մտնում են հայկական ավելի մեծ կառույցների մաս կազմողները։ Այդպիսին է, օրինակ, Բեյրութի Հայկազյան համալսարանի Հայագիտության ամբիոնը։ Երկրորդ խումբը կազմում են այն հայագիտական կենտրոնները, որոնք հայկական կառույցների մաս չեն կազմում։ Այդպիսի կառույցներ են հիմնականում տարբեր համալսարանների հայագիտական ամբիոնները (օրինակ՝ ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտության ինստիտուտը, Բոստոնի համալսարանի Հայոց նոր պատմության և գրականության ամբիոնը, Երուսաղեմի եբրայական համալսարանի հայագիտական ծրագիրը)։ Դրանք ստեղծվում և գործում են տարբեր ֆակուլտետների կազմում։ Օրինակ, Երուսաղեմի եբրայական համալսարանի հայագիտական ծրագիրը գործում է արևելագիտության ֆակուլտետի կազմում, Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի հայագիտության կենտրոնը՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կազմում, Կահիրեի համալսարանինը՝ արվեստի ֆակուլտետի կազմում և այլն։ Հատկանշական է, որ արտերկրի բուհերի հայագիտական ստորաբաժանումները հաճախ սաղմնավորվում են որպես դասընթացներ, որոնք ժամանակի ընթացքում զարգացում ապրելով՝ վերածվում են լուրջ կենտրոնների։
 
Արտերկրում հայագիտական կենտրոններ բացելուն նպաստում են հետևյալ հանգամանքները.
 
1. Օտար երկրներում հայագիտության նկատմամբ հետաքրքրությունը1։
 
2. Հայկական սփյուռքի ջանքերը՝ ուղղված արտերկրում հայ ինքնության պահպանմանը։
 
3. Հայաստանի ջանքերը՝ ուղղված ինչպես սփյուռքում հայ ինքնության պահպանմանը, այնպես էլ ամբողջ աշխարհում հայագիտության զարգացմանը և հայկական մշակույթի ու քաղաքակրթության տարածմանը։
 
Վերջին շրջանում ՀՀ դիվանագիտական շփումների, ինչպես նաև Հայաստանի գիտակրթական հաստատությունների արտաքին կապերի արդյունքում արտերկրի բուհերում հայագիտական ամբիոններ են ստեղծվում։ Օրինակ՝ 2011թ. հոկտեմբերին ԵՊՀ և Թեհրանի համալսարանի ռեկտորների հանդիպման ժամանակ որոշում կայացվեց հայագիտական ամբիոն բացել Թեհրանի համալսարանում2։ ՀՀ-ում Ուկրաինայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան, հայագետ Ա.Բոժկոն 2010թ. սեպտեմբերին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելիս խոստացավ ջանքեր գործադրել Կիևի համալսարանում հայագիտական ամբիոն բացելու ուղղությամբ3։ Մեկ այլ կարևոր օրինակ է բարձրագույն կրթության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության շրջանակներում ԱՄՆ Քոնեկթիկուտի համալսարանում հայագիտական ամբիոնի բացման նախաձեռնությունը4։ Այսպիսով, ՀՀ դիվանագիտական հարաբերությունները, ինչպես նաև միջբուհական համագործակցությունը ՀՀ և արտասահմանյան բուհերի միջև կարևոր նշանակություն ունեն մեր օրերում աշխարհում հայագիտական կենտրոնների թվաքանակի աճի և հայագիտության տարածման համար։
 
Հայագիտական կենտրոնների դերն արտերկրում
 
Արտերկրի հայագիտական կենտրոնները, իրականացնելով կրթական և հետազոտական գործառույթներ, ունեն որոշակի դեր և նշանակություն հայության կյանքում։ Հատկապես, կարելի է առանձնացնել այդպիսի դերերից չորսը։
 
Նախ՝ դրանք իրենց գործառնությամբ նպաստում են հայապահպանությանը Սփյուռքում։ Եկեղեցիների, դպրոցների, մամուլի և այլ կառույցների կողքին հայագիտական կենտրոններն այն հաստատություններն են, որոնք համախմբում են հայերին արտերկրի համայնքներում և նրանց հաղորդում ազգային նկարագրին համապատասխան գիտելիքներ։ Արտերկրի բազմաթիվ համալսարանների շրջանակներում գործող հայագիտական ստորաբաժանումներում ուսանում են մեծ թվով հայ երիտասարդներ, որոնք այդ կերպ սովորում են հայոց լեզու, ծանոթանում են հայոց պատմությանը, գրականությանը, մշակույթին։ Իսկ դա ամրապնդում է սփյուռքահայերի ազգային ինքնագիտակցությունը և նպաստում հայապահպանությանը։ Ժամանակակից գլոբալիզացիայի դարաշրջանում, երբ արագ տեմպերով են ընթանում ձուլման գործընթացները, սփյուռքում «...ազգային ինքնության, ավանդույթների պահպանման համար անհրաժեշտ է, որ ոչ միայն մշակույթը, այլև գիտությունը նպաստի դրան»5։
 
Երկրորդ կարևոր նշանակությունը, որ ունեն արտերկրի հայագիտական կենտրոնները հայության կյանքում, աշխարհում հայկական քաղաքակրթության տարածումն է։ Դրանք, այսպես ասենք՝ արտերկրում հայոց լեզվի, հայկական մշակույթի, հայության ու Հայաստանի մասին գիտելիքների ստեղծման ու տարածման գործակալներն են։ Նաև նրանց գործունեության միջոցով են արտասահմանում օտարերկրացիներին հասու դառնում հայկական քաղաքակրթական արժեքները, ինչպես նաև Հայաստանին ու հայությանը հուզող խնդիրները։ Չէ՞ որ, օրինակ, արտերկրի համալսարանների հայագիտական ամբիոններում ուսանում են ոչ միայն հայեր, այլև այլազգիներ։
 
Երրորդ կարևոր դերը հայագիտության զարգացումն է։ Ունենալով հստակ հայագիտական ուղղվածություն՝ այդ կենտրոններն իրենց գործունեությամբ կամա թե ակամա իրենց լուման են ներդնում աշխարհում հայագիտության զարգացման գործում։ Այս առումով անուրանալի է Մխիթարյան միաբանության, Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտության ամբիոնի և այլ հայագիտական կառույցների դերը։
 
Չորրորդ կարևոր նշանակությունը ժամանակակից տեղեկատվական պատերազմների պայմաններում հայոց պատմության, մշակույթի և այլնի նկատմամբ թուրք-ադրբեջանական ոտնձգություններին դիմագրավելն ու հակազդելն է։ Համեմատաբար նոր այս ուղղությունն արդի հայագիտության կարևորագույն խնդիրներից է6։
 
Հայագիտական կենտրոնների խնդիրները
 
Այսօր արտերկրի հայագիտական կենտրոնների առջև կանգնած են լրջագույն խնդիրներ և մարտահրավերներ, որոնք ոչ միայն խոչընդոտում են նրանցից շատերի նորմալ գործունեությանը, այլև սպառնալիքի տակ են դնում անգամ նրանց գոյությունը։ Առաջին լուրջ մարտահրավերն այս առումով ֆինանսական խնդիրներն են։ Արտերկրի հայագիտական կենտրոնները ֆինանսավորվում են գլխավորապես հայկական աղբյուրներից՝ սփյուռքից և Հայաստանից։ Իսկ սփյուռքի միջոցները (ՀՀ-ինը նույնպես) անսահմանափակ չեն, հատկապես եթե հաշվի առնենք, որ սփյուռքը, հայագիտական կենտրոններ պահելուց զատ, ունի բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք նույնպես զգալի միջոցներ են պահանջում (դպրոցների, մշակութային հաստատությունների, եկեղեցու, մամուլի ֆինանսավորում, լոբբիստական աշխատանք և այլն)։ Արդ, ֆինանսական սղության պատճառով արտերկրի շատ հայագիտական կենտրոններ հայտնվել են անգամ փակման սպառնալիքի առջև7։
 
Հաջորդ կարևոր մարտահրավերն արտերկրի հայագիտական կենտրոնների համար կապված է կադրային խնդիրների հետ։ Հաճախ անհրաժեշտ կադրերի բացակայության պատճառով հայագիտական կենտրոնները չեն կարողանում լիարժեք իրականացնել իրենց գործառույթները, երբեմն մատնվում են անգործության, իսկ երբեմն էլ կանգնում փակման սպառնալիքի առջև։
 
Հաջորդ կարևոր խնդիրը գիտահետազոտական և ուսումնական նյութերի անբավարարությունն է։ Գտնվելով Հայաստանից հեռու՝ արտերկրի հայագիտական կենտրոնները հաճախ բախվում են դասագրքերի, անհրաժեշտ գրականության, փաստաթղթերի, արխիվային և այլ նյութերի պակասի հետ։
 
Հասկանալի է, որ վերոհիշյալ մարտահրավերներից գլխավորը ֆինանսականն է։ Մյուս խնդիրները հաճախ ծագում են դրանից։ Ֆինանսական միջոցների անբավարարության հետևանքով է, որ հաճախ հայագիտական կենտրոնները լուրջ խնդիրներ են ունենում իրենց կադրերին պահելու, նոր կադրեր ներգրավելու, անհրաժեշտ գրականության և նյութերի ձեռքբերման հարցերում։
 
Համագործակցության հնարավորություններ
 
Ակնհայտ է, որ առանց Հայաստանի հետ համագործակցության, արտերկրի հայագիտական կենտրոնների համար խիստ դժվար կլինի բարձրացնել իրենց գործունեության արդյունավետությունը։ Արտերկրի հայագիտական կենտրոնների հետ համագործակցող հայաստանյան կառույցներն են հիմնականում պետական գերատեսչությունները (Սփյուռքի նախարարություն, Կրթության և գիտության նախարարություն և այլն) և գիտակրթական հաստատությունները (ԵՊՀ, ԳԱԱ և այլն)։
 
Հայաստանի Հանրապետությունն իր սուղ հնարավորություններով առայսօր հնարավորին չափով ֆինանսապես աջակցել է արտերկրի հայագիտական կենտրոններին։ Սակայն ակնհայտ է, որ այդ խնդրի լուծումը մեծապես կապված է Հայաստանի տնտեսական զարգացման և, հետևաբար, ֆինանսական հնարավորությունների մեծացման հետ։
 
Հայաստանի տնտեսական զարգացման հարցը դուրս է սույն հոդվածի թեմատիկայից։ Հետևաբար, հակիրճ նշենք ներկայումս հնարավոր համագործակցության այլ եղանակները։ Այդպիսիք են հիմնականում մեթոդաբանական աջակցությունը, ուսումնական և հետազոտական նյութերի տրամադրումը, համատեղ հետազոտությունները, համատեղ գիտաժողովները և այլն։
 
1 Սա առավել ակնհայտ է այն երկրներում, որոնք ունեն զարգացած գիտություն և Հայաստանի ու հայության հետ առնչվող շահեր։ Դրանք աշխարհում և մեր տարածաշրջանում առաջատար երկրներն են (ԱՄՆ, Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Իսրայել և այլն)։ Այս հիմքով հայագիտական կենտրոնները հիմնականում ստեղծվում են որպես համալսարանական ստորաբաժանումներ։ 
 
2 В университете Тегерана откроется кафедра арменоведения, http://www.yerkramas.org/2011/10/19/v-universitete-tegerana-otkroetsya-kafedra-armenovedeniya/ 
 
3 В Государственном университете Киева будет открыта кафедра арменоведения, http://www.panarmenian.net/rus/society/news/53666/ 
 
4 Университет Коннектикута откроет кафедру арменоведения, http://news.mail.ru/society/arc676658/ 
 
5 В Нижнем Новгороде открылся Центр арменоведения, http://mediagid.am/ru/news/v-nizhnem-novgorode-otkrilsya-centr-armenovedeniya-503054 
 
6 Սուվարյան Յ., Հայագիտության արդի վիճակը Հայաստանում և զարգացման հիմնախնդիրները, Հայագիտական միջազգային երկրորդ համաժողով. «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները»։ Լիագումար նիստի զեկուցումներ, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն, 2013, էջ 29։ 
 
7 Տե՛ս, օրինակ, Вопрос существования отдела арменоведения германского "Freie Universitat Berlin" никак не удается решить, http://www.panarmenian.net/rus/details/44753/
 
Վահրամ Հովյան 
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ
«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 3, 2014
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն