Հայաստանում խոսքի ազատության ոլորտում առկա իրավիճակը մտահոգիչ է,- հայտարարում է Մարդու իրավունքների պաշտպանը<br />


Հայաստանում խոսքի ազատության ոլորտում առկա իրավիճակը մտահոգիչ է,- հայտարարում է Մարդու իրավունքների պաշտպանը

  • 07-07-2010 15:32:00   | Հայաստան  |  Իրավունք

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ներկայացնելով հուլիսի 7-ին «Խոսքի ազատության իրավունքը Հայաստանի Հանրապետությունում» իր արտահերթ հրապարակային զեկույցը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հայտարարեց, որ այդ ոլորտում իրավիճակը մտահոգիչ է, առկա են բազմաթիվ խնդիրներ եւ բարեփոխումների ընթացքը պետք է արագացնել: Խոսքի ազատության սահմանափանկումների դրսեւորումները տարբեր են` ուղղակի բռնություն կամ բռնություն գործադրելու սպառնալիքներ, թերթերին ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից թերթերի համար արհեստական խոչընդոտների ստեղծումը, թերթի ամբողջ տպաքանակը կրպակներից գնելը: Ա.Հարությունյանը նշեց նաեւ, որ լրագրողները ենթարկվում են բռնության իրենց մասնագիտական պարտականությունների կատարման համար, իսկ մեղավորները, որպես կանոն, դրա համար պատասխանատվության չեն ենթարկվում: Բազմաթիվ լրատվամիջոցների կարծիքով, 2008թ.-ի մարտի 1-20-ին երկրում գործող արտակարգ իրավիճակի պայմաններում ԶԼՄ-ները ուղղակի ենթարկվեցին օրենքով արգելված գրաքննության: Իր թվով 10-րդ արտահերթ զեկույցում Պաշտպանը նշում է, որ լրագրողների գործունեության ազատության սահմանափակումները շատ դեպքերում ունեն քաղաքական ենթատեքստ. խախտումների մեծամասնությունը արձանագրվում է նախընտրական քարոզչության կամ հենց ընտրությունների փուլում` այս կամ այն թեկնածուի կամ նրա ներկայացուցիչների կողմից: «Սա խոսում է այն մասին, որ երկրում դեռեւս չի զարգացել ողջամիտ քաղաքական պայքար վարելու մշակույթ. շատ հաճախ թեկնածուները ընտրողների ձայները շահելու կամ դրանք չկորցնելու համար դիմում են ծայրահեղ քայլերի»,- ասաց Ա.Հարությունյանը: Առկա իրավիճակը շտկելու համար որպես կարճաժամկետ միջոցառում Պաշտպանն առաջարկում է մշակել խոսքի ազատության եւ հատկապես լրատվության ոլորտում օրենսդրական փոփոխությունների փաթեթ, իսկ որպես երկարաժամկետ միջոցառում` համակարգային պայքար մղել ոլորտում տիրող արատավոր երեւույթների դեմ:
Նոյյան տապան  -   Իրավունք