Մայրաքաղաքում հայտնաբերվել են պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքեր


Մայրաքաղաքում հայտնաբերվել են պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքեր

  • 22-09-2014 13:39:05   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առևտրի և հանրային սննդի օբյեկտներում պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու, կանխարգելելու և արգելելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության հետ համատեղ, 2014 թվականի սեպտեմբերի 2-ից մինչև սեպտեմբերի 19-ը կազմակերպվել են  շրջայցեր: Հսկողության արդյունքում 554  օբյեկտներից 34-ում հայտնաբերվել են պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքեր: Հայտնաբերված ժամկետանց ապրանքը տեղում խոտանվել է: Օրենսդրական խախտումներ թույլ տալու համար ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 158-րդ հոդվածի առաջին մասի համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմվել են 34 արձանագրություններ: Վերջին երկու տարիների ընթացքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության կողմից պարբերաբար իրականացված հսկողության և ձեռնարկված միջոցառումների արդյունքում Երևան քաղաքի առևտրի և հանրային սննդի ոլորտում կտրուկ նվազել են ժամկետանց ապրանքների վաճառքի դեպքերը: Այսպես, եթե 2012 թվականին ժամկետանց ապրանքների վաճառքի վերաբերյալ կազմվել է 233 արձանագրություն, ապա 2013 թվականին `41 արձանագրություն, իսկ 2014 թվականի սկզբից մինչ օրս `34 արձանագրություն: Պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի նկատմամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության կողմից  հսկողական աշխատանքները պարբերական բնույթ կկրեն:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն