Վերաբացվեց Հայ կրթական հիմնարակության շնորհիվ վերանորոգված 182-րդ դպրոցը (Տեսանյութեր եւ ֆոտոշարք)


Վերաբացվեց Հայ կրթական հիմնարակության շնորհիվ վերանորոգված 182-րդ դպրոցը (Տեսանյութեր եւ ֆոտոշարք)

  • 07-10-2014 17:37:29   |   |  Բարեգործություն

Հոկտեմբերի 7-ին բացվեց  ԱՄՆ Հայ կրթական հիմնարակության կողմից Հայաստանում, Արցախում եւ Ջավախքում 182 նորոգված դպրոցներից մեկը՝ Լոռու մարզի Դարպաս գյուղի միջնակարգ դպրոցը: 
 
Դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցավ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով շնորհակալություն հայտնեց այն բոլոր բարերարներին, որոնց շնորհիվ հնարավոր դարձավ վերանորոգել դպրոցը: «21-րդ դարում կան շատ մարդիկ, ովքեր ունեն մեծ ֆինանսական հնարավորություններ, բայց ոչ բոլորն են պատրաստ հրաժարվել իրենց գումարներից եւ նվիրատվություն անել: Ու թեեւ այս մարդիկ միլիոնատերեր չեն ու չունեն մեծ միջոցներ,  բայց իրենց փոքրիկ լումայով կարողացել են մեզ սատարել  ու այսօր շնորհիվ նրանց բարերարության Դարպասի դպրոցը վերանորոգված է»,- ասաց Լոռու մարզպետը:
 
Լոռու մարզի դպրոցաշինության գործում ունեցած մեծ ավանդի համար Հայ կրթական հիմնարկությունը պարգևատրվեց Լոռու մարզպետի հուշամեդալով, որը շնորհվեց հիմնարկության խորհրդի նախագահ Ալ Քաբրալովին: 
«Մենք շատ հպարտ ենք այս դպրոցի աշակերտներով, որովհետև նրանք եք Հայաստանի ապագան: Մենք միշտ ձեզ հետ ենք ու վստահ ենք, որ դուք ամուր Հայաստան կառուցելու գործում հաջողության կհասնեք»,- ասաց Ալ Քաբրալովը:
 
Ինչպես տեղեկացրեց դպրոցի տնօրեն Սերյոժա Գուրջանյանը, դպրոցն ունի ավելի քան  100 տարվա պատմություն: «Դարպասի դպրոցը հիմնադրվել է 1912 թվականին: 1984-ին դպրոցում սովորում էր 390 աշակերտ, այժմ ունենք 203 աշակերտ: Իհարկե, այս թիվը մեզ չի գոհացնում, և մենք ձգտելու ենք հասցնել աշակերտների թիվը նախկին թվաքանակին»,- ասաց Ս. Գյուրջանյանը:
 
Հայ կրթական հիմնարկության հայաստանյան գործերով տնօրեն Նշան Փիրումյանը համառոտ ներկայացրեց կազմակերպության  գործունեությունը. «2000 թվականին` մեր հիմնարկության հիմնադրման 50-ամյակին, որոշեցինք 50 դպրոց վերանորոգել Հայաստանի սահմանամերձ շրջաններում: Պետք է ուրախությամբ փաստեմ, որ այս դպրոցն արդեն 182-րդն է, որ վերանորոգվում է: Մինչ այժմ վերանորոգել ենք 60 դպրոց Արցախում, 10-ը` Ջավախքում, 112-ն էլ Հայաստանի Հանրապետության տարածքում, որից 31-ը Լոռու մարզում»,- տեղեկացրեց նա, միաժամանակ նշելով, որ նորոգված դպրոցներին նաև համակարգիչներ են նվիրում, իսկ աշակերտներին գրենական պիտույքներ ու պայուսակներ: «Բացի դպրոցաշինությունից, մենք նաև կրթաթոշակ ենք տրամադրում Հայաստանի և Արցախի համալսարանների ուսանողներին: Այս տարի ունենք 80 կրթաթոշակառու, ում բոլոր տարիների ուսման վարձը տրամադրում ենք»,- նշեց Նշան Փիրումյանը:
 
Հանդիսավոր արարողության սկզբում հյուրերին դիմավորեցին աղ ու հացով, իսկ արարողության ավարտին դպրոցի աշակետները հանդես եկան փոքրիկ համերգային ծրագրով:
 
 
 
 
 
 
 
 
Միջոցառման լուսանկարներն այստեղ
Նոյյան տապան  -   Բարեգործություն