Հայկական ընկերությունները մասնակցում են «Ոսկե աշուն-2014» ագրոպարենային ապրանքների միջազգային ցուցահանդեսին


Հայկական ընկերությունները մասնակցում են «Ոսկե աշուն-2014» ագրոպարենային ապրանքների միջազգային ցուցահանդեսին

  • 08-10-2014 17:32:56   | Ռուսաստան  |  Տնտեսություն

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում այսօր  պաշտոնապես մեկնարկել է «Ոսկե աշուն-2014» ագրոպարենային ապրանքների տասնվեցերորդ միջազգային ցուցահանդեսը,  որին ներկայացված է  նաև հայկական 15 ընկերությունների արտադրանքը: 
Հանդիսավոր բացմանը մասնակցել է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Ռուսաստանի Դաշնության վարչապետը ՌԴ գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի ուղեկցությամբ այցելել է նաև հայկական տաղավարներ, որտեղ նրան հյուրընկալել են  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը  և ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր  դեսպան  Օլեգ  Եսայանը:
 Դմիտրի Մեդվեդևը Սերգո Կարապետյանի ուղեկցութամբ շրջել է հայկական տաղավարներով, որտեղ ներկայացված են    մսամթերք,   հյութեր,  թարմ պտուղ-բանջարեղենից  պատրաստված պահածոներ, թթու կաթնամթերք, պանիր, ալկոհոլային խմիչքներ, այդ թվում ռուսական շուկայում մեծ պահանջարկ վայելող  հայկական կոնյակ:
Համտեսելով հայկական կոնյակը՝ ՌԴ վարչապետը նշել  է, որ այն բարձրորակ է և մեծ պահանջարկ է վայելում: ՌԴ վարչապետը բարձր է գնահատել նաև   հայկական պանրի որակը, ընդգծելով , որ  կցանկանար ռուսական շուկայում տեսնել հայկական արտադրության  այլ կաթնամթերք ևս:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է  «Վերին Լարս» սահմանային անցակետի ոչ արդյունավետ աշխատանքի խնդիրը, քանի որ նրա  շուրջօրյա չգործելու  պատճառով  հնարավոր չի լինում բավարար քանակով արտահանումներ իրականացնել:  ՌԴ վարչապետը նշել է, որ բարձրացված հարցին կաշխատեն հնարավորինս սեղմ ժամկետում լուծում տալ:
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ցուցահանդեսի շրջանակներում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպումներ է ունեցել  Բելառուսի, Ղրղզստանի,  Թուրքմենստանի Հանրապետությունների գյուղատնտեսության նախարարների հետ:
Հայաստանի Հանրապետության   և Սերբիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարները պայմանավորվել են  առաջիկայում ստորագրել համագործակցության համաձայնագիր:
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play