Ըստ ՀՀ վարչապետի, հայ-թուրքմենական բարիդրացիական քաղաքական հարաբերությունները պահանջում են նաեւ տնտեսական հիմք


Ըստ ՀՀ վարչապետի, հայ-թուրքմենական բարիդրացիական քաղաքական հարաբերությունները պահանջում են նաեւ տնտեսական հիմք

  • 08-04-2010 14:48:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ապրիլի 8-ին ներկա է գտնվել Հայաստանի եւ Թուրքմենստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստի շրջանակներում կազմակերպված ցուցահանդես-վաճառքի բացման արարողությանը: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, մինչ այդ վարչապետը առանձնազրույց է ունեցել հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Խըդըր Սափարալիեւի հետ: Իր ողջույնի խոսքում Տ.Սարգսյանը մասնավորապես նշել է. «Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում մեր փոխհարաբերությունները դինամիկ զարգանում են: Դրանք հիմնված են ավանդույթների վրա, որոնք մենք պարտավոր ենք պահպանել, զարգացնել եւ խորացնել: Դրան նպաստում է նաեւ միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը մենք անցկացնում ենք Երեւանում, ինչպես նաեւ այսօրվա ցուցահանդեսի բացումը: Դա հնարավորություն է, որպեսզի հայ սպառողը եւս ծանոթանա այն ապրանքներին, որոնք այսօր լայն տարածում ունեն ողջ աշխարհում եւ որոնք արտահանում են մեր թուրքմեն բարեկամները: Վերջին տարիներին Թուրքմենստանի տնտեսությունը զարգանում է բավական բարձր տեմպերով, եւ նկատվում է կայուն աճ, հատկապես թեթեւ եւ տեքստիլ արդյունաբերությունում: Այդ փորձն, իհարկե, հետաքրքիր է մեզ համար: Նաեւ շատ կարեւոր է հասկանալ` ինչպիսի ապրանքներ, ինչպիսի որակ են ապահովում այդ ձեռնարկությունները: Այստեղ փոխադարձ շահագրգռվածություն կա: Մենք պարոն Սափարալիեւի հետ քննարկել ենք հարցեր, որոնք կարող են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնել: Արձանագրեցինք նաեւ, որ ակնհայտ է, որ բարիդրացիական քաղաքական հարաբերությունները, որոնք ձեւավորվել են մեր երկրների միջեւ, պահանջում են նաեւ տնտեսական հիմք, տնտեսական ամրապնդում: Այստեղ գոյություն ունի բավականին լուրջ չօգտագործված ներուժ, եւ մեր կառավարությունները պետք է գործադրեն բոլոր անհրաժեշտ ջանքերը, որպեսզի տնտեսական փոխհարաբերությունները մեր երկրների միջեւ խորանան եւ ընդլայնվեն: Դրա վառ վկայությունն այսօրվա ցուցահանդեսն է, որտեղ կարելի է տեսնել ապրանքների մի ամբողջ հավաքածու, որոնք կարող են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնել»: Տ.Սարգսյանը վստահություն է հայտնել, որ այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք կբերվեն միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում, կնպաստեն երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը»:
Նոյյան տապան  -   Տնտեսություն