Կալչիյանների ընտանիքը շարունակում է աջակցել Խաչարձան համայնքին


Կալչիյանների ընտանիքը շարունակում է աջակցել Խաչարձան համայնքին

  • 22-10-2014 13:44:19   | Հայաստան  |  Բարեգործություն
 
Երեւան, 22 հոկտեմբերի, 2014թ.: «Հայաստան» համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարներ Արտո եւ Հիլդա Կալչիյանները շարունակում են հովանավորել Տավուշի մարզի Խաչարձան գյուղը: Համայնքի նորակառույց բուժկետն ու հանդիսությունների սրահը շահագործման հանձնելուց հետո բարերար ամուսինները ստանձնել են գյուղի դպրոցի հիմնանորոգումը:
            Շինաշխատանքներով պայմանավորված`  66 աշակերտ ունեցող դպրոցին այսօր ժամանակավորապես փոխարինում է գյուղապետարանի շենքը:
 
            Ամուսինների գործունեությունը շուրջ 400 բնակիչ ունեցող Խաչարձանում այսքանով չի սահմանափակվում: Դեռ հունիսին նրանք գյուղի դպրոցականներին նվիրեցին պայուսակներ եւ գրենական պիտույքներ, իսկ գյուղի նորածին ունեցող չորս ընտանիք օրերս ֆինանսական աջակցություն ստացան նրանցից: Կալչիյանները խոստացան առաջիկայում շարունակել օգնությունը նորածին ունեցող ընտանիքներին:
 
«Հայաստանում հարյուրավոր գյուղեր մեր հոգածության եւ աջակցության կարիքն ունեն: Այդ համայնքների կարիքներին ու հույսերին մենք, հավանաբար, լուռ անտարբերությամբ ենք վերաբերվում: Նրանց կյանքը շատ դժվար է եղել եւ այժմ էլ խնդիրներով լի է: Վերջերս լույս աշխարհ եկած երեխաները մեր երկրի մանուկներն են, մեզ պես հայեր:  Արդյո՞ք ժամանակը չէ համախմբվելու եւ մեր ջանքերն ու զգացմունքները միավորելու, որպես մեկ ընդհանուր ազգ»,- արգենտինահայ համայնքին կոչով դիմել է Արտո Կալչիյանը: 
 
            Խաչարձան համայնքի ղեկավար Գագիկ Շահնազարյանի խոսքով` Կալչիյան ամուսինները պատրաստակամություն են հայտնել նաեւ ներդրումներ կատարել գյուղում մեղվաբուծությունը զարգացնելու նպատակով:
 
«Տեր եւ Տիկին Կալչիյանները նոր են միացել Հիմնադրամի մեծ ընտանիքին, բայց արդեն մի շարք ծրագրեր են կյանքի կոչել սահմանամերձ այս գյուղում: Նրանց արժանիորեն շնորհվել է Խաչարձանի պատվավոր քաղաքացու կոչում»,- ասում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:  
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն