Համերգ Լոնդոնում՝ նվիրված Կոմիտասի 145 ամյանկին


Համերգ Լոնդոնում՝ նվիրված Կոմիտասի 145 ամյանկին

  • 28-10-2014 14:02:53   | Մեծ Բրիտանիա  |  Մշակույթ

 Հոկտեմբերի 18-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ: Լոնդոնի Թեքեյան հիմնադրամը կազմակերպել էր հայ երաժշտության երեկոն` Մեծ Բրիտանիայում առաջին հայկական` «Կոմիտաս» երգչախմբի մասնակցությամբ` տոնելու Մեծն Կոմիտասի 145 ամյակը: 
 
Թեքեյան հիմնադրամը, որը 1979 թ.-ից գործում է որպես բարեգործական կազմակերպություն եւ հանդիսանում է Լոնդոնի Թեքեյան մշակութային միության եւ Երեւանի «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հիմնասյունը, մեծ նվիրումով ծառայում է ազգային ինքնության պահպանմանն ու տարածմանը: Ստեղծումից ի վեր, այն կազմակերպել է մի շարք համերգներ, ցուցահանդեսներ, հանրային բանախոսություններ, դասախոսություններ, մշակութային այլ ձեռնարկներ, որոնք նպաստում են Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ կապերի ամրապնդմանը:
 
Հայկական երգչախմբի ստեղծման գաղափարը, որը պատկանում էր Թեքեյան հիմնադրամի պատվավոր քարտուղար Վ. Ուզունյանին եւ տենոր Ս. Հակոբյանին, մեծ խանդավառությամբ ողջունվեց հիմնադրամի կողմից, եւ 2013թ. նոյեմբերին պաշտոնապես ստեղծվեց «Կոմիտաս» երգչախումբը` Վարդան Ուզունյանի նախագահությամբ եւ գեղարվեդտական ղեկավար ու դիրիժոր, տենոր Սիփան Հակոբյանի գլխավորությամբ, որոնց դերն ու աջակցությունը նշանակալից են երգչախմբի ստեղծման օրվանից: 
 
Դիրիժոր Ս. Հակոբյանը, ինչպես նաեւ երգչախմբին նվագակցող Էլլա Բաբայանը ամիսներ շարունակ ջանք չխնայեցին եւ անգնահատելի աշխատանք կատարեցին երգչախմբի 30 երգիչներին մարզելու երգային վարպետության մեջ եւ նախապատրաստելու այս աշնանային կարեւոր ելույթին, որին ներկա էին Բրիտանահայ համայնքի բոլոր կազմակերպությունների նեկայացուցիչներ, Լորդերի Պալատի Խոսնակ Բարոնուհի Քարոլայն Քոքսը, երաժիշտներ, քննադատներ եւ երաժշտասեր հանրությունը:
 
Համերգը բացվեց Թեքեյան հիմնադրամի պատվավոր քարտուղար եւ «Կոմիտաս» երգչախմբի նախագահ Վարդան Ուզունյանի ողջույնի խոսքով, որը հավելվեց հիմնադրամի 39-ամյա մշակութային եւ մարդասիրական գործունեության ակնարկով: Նախագահը նաեւ անդրադարձավ երգչախմբի հայապահպան նշանակությանը, այն է` պահպանել եւ ողջ աշխարհով տարածել հայ երաժշտության անգնահատելի ժառանգությունը:
 
Համերգը հագեցած էր կոմիտասյան լավագույն եւ հանրահայտ ստեղծագործություններով: Բացի «Կոմիտաս» երգչախմբի ելույթներից, հանդիսատեսը վայելեց նաեւ տաղանդավոր անգլիաբնակ հայ երաժիշտներ` Անի Բատիկյանի, Թերեզա Գեւորգյանի, Քրիստինա Առաքելյանի կատարումները:
 
Առաջին կոմիտասյան երկու ստեղծագործությունները՝ դաշանմուրային պարեր, կատարեց խոստումնալից դաշանակահարուհի եւ կոմպոզիտոր Քրիստինա Առաքելյանը: Հաջորդ ելույթը մատուցվեց տենոր Սիփան Հակոբյանի կողմից, ով իր թավշյա ձայնով կատարեց Կոմիտասի «Հայաստան», «Ես առուն», «Ալագյազ» եւ «Խնկի Ծառ» երգերը: Այնուհետեւ կոմիտասյան «Կռունկ» եւ «Քելեր-Ցոլեր» ստեղծագործությունները վարպետորեն կատարեց ջութակակհարուհի Անի Բատիկյանը: Տպավորիչ էր Թերեզա Գեւորգյանի հնչեղ սոպրանոն Կոմիտասի «Ծիրանի ծառ» եւ «Ծիծեռնակ” ստեղծագերծություններում: Մենակատարների ելույթը եզրափակվեց Կոմիտասի «Հաբրբան» ստեղծագործությունով, որի ժամանակ այս չորս տաղանդաշատ երաժիշտները իրենց վարպետորեն մատուցումով հմայեցին հանդիսատեսին՝ համահունչ, լիրիկական կատարումով եւ գեր զգացմունքայնությամբ, ինչպես նաեւ բարձրաճաշակ արտիստիզմով: 
 
Համերգի հաջորդ հատվածը «Կոմիտաս» երգչախմբի ելույթն էր: Ստեղծման օրվանից դեռ մեկ տարին անգամ չբոլորած երգչախումբն իր առաջին լայնամասշտաբ ելույթը ցուցաբերեց, հանդես գալով 9 հայրենասիրական երգերով, որոնց թվում նաեւ կոմիտասյան երեք երգեր՝ «Անձրեւն եկավ», «Էս գիշեր», «Իմ չինարի յարը»: Բարձր ուշադրության արժանացավ Արփի Քասաբյանի մենակատար ելույթը երգչախմբի եւ դաշնամուրի նվագակցությամբ «Ծաղկած բալենի» երգում: 
 
Համերգի վերջում ողջույնի խոսքերով հանդես եկան Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչ Արա Մարգարյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Վարդապետ Արեն Շահինյանը` բարձր գնահատանքի արժանացնելով երգչախմբին եւ մաղթելով նրան նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ:
 
Թեքեյան հիմնադրամի պատվավոր քարտուղար եւ «Կոմիտաս» երգչախմբի նախագահ Վարդան Ուզունյանն եզրափակեց մշակութային այս ձեռնարկը` խրախուսական պատվոգրեր եւ երախտիքի խոսք ուղղելով համերգի բոլոր մասնակիցներին իրենց նվիրումի եւ ջանքերի համար: Նախագահը շնորհակալություն հայտնեց նաեւ երգչախմբի բոլոր նվիրատուներին, աջակիցներին` հայ երգի արվեստի զարգացմանն նպաստելու համար, եւ բոլոր հյուրերին այս հրաշալի համերգին ներկա գտնվելու համար:
 
 
Հասմիկ Հարությունյան-Սեյմուր  /Լոնդոն/
Սեդա Խաչատուրյան /Երեւան/
 
Նոյյան տապան  -   Մշակույթ