Արագածավանի երեխաները ստացել են նվերներ


Արագածավանի երեխաները ստացել են նվերներ

  • 12-11-2014 12:34:40   | Արագածոտնի մարզ  |  Բարեգործություն

Նոյեմբերի 11-ին Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF), Ուան Արմենիա կազմակերպության (ONEArmenia) և ՀՀ Արագածոտնի մարզպետարանի համագործակցության արդյունքում տեղի ունեցավ ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի թիվ 2 դպրոցի նորովի կառուցված դպրոցական ճաշարանի և ատամների մաքրման կայանի, ինչպես նաև հիմնանորոգված հանդիսությունների դահլիճի բացման պաշտոնական արարողությունը:
 
Արագածավանի թիվ 2 դպրոցը դարձավ թվով յոթերորդը, որտեղ COAF-ն իրականացնում է իր «Առողջ սնունդ» և «Ատամների համապարփակ խնամք» ծրագրերը: Դպրոցի առաջիկա բարեփոխումների կտրվածքով նախատեսվում է նաև դպրոցն ընդգրկել «Դպրոցները՝ հանուն առողջության» ՀՀ պետական ծրագրում և այն անդամագրել «Առողջությունը խրախուսող դպրոցների եվրոպական ցանց»-ին: Դպրոցականների շրջանում ստեղծագործելու հմտությունները զարգացնելու ու արվեստի նկատմամբ սեր սերմանելու նպատակով՝ Հիմնադրամը նաև խթանում է մշակութային միջոցառումների կազմակերպումն ու դրանց անցկացման համար պատշաճ տարածք ապահովելու հիմնախնդիրը:
 
Եռակողմ գործընկերության շնորհիվ COAF-ի և ONEArmenia-ի ֆինանսական աջակցությամբ ու առցանց կազմակերպված դրամահավաքի միջոցով նորովի կառուցվեց դպրոցական ճաշարանն ու ատամների մաքրման կայանը, իսկ Հիմնադրամի ամառային երեկույթի ընթացքում հանգանակած նվիրատվությունների շնորհիվ հիմնանորոգվեց նաև դպրոցի հանդիսությունների սրահը: Արագածոտնի մարզպետարանի ջանքերով հաջողվեց ապահովել հանդիսությունների սրահի կահավորումը:
 
Այսպիսով, 2014-2015 ուսումնական տարվա սկզբից ամեն օր տաք և առողջ սնունդ է մատուցվում տարրական դպրոցի երեխաներին, իսկ տարրական դպրոցի ուսուցիչների և բուժքույրերի համար կազմակերպվում են դասընթացներ` առամների մաքրման և պատշաճ խնամքի թեմայով: Արագածավանի երեխաները այժմ ունեն նաև մեծ ու լուսավոր հանդիսությունների սրահ, որը նպաստելու է հայ բազմատաղանդ մանուկների բացահայտմանը, զարգացմանն ու առաջխաղացմանը:
 
Իր ելույթում Հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը նշել է. «Այսօր մենք տոնում ենք COAF-ի մի քանի ենթածրագրերի հավաքական ձեռքբերումները և ուրախ ենք, որ մեր կողքին են մեր գործընկերներ՝ Ուան Արմենիան և Արագածոտնի մարզպետարանը, որոնց շնորհիվ Հիմնադրամի այս մեծ նախաձեռնությունը ավելի ամբողջական դարձավ: Մեր «Առողջ սնունդ» ծրագիրը դպրոցներում ձևավորում է առողջ սովորույթներ, երեխաների համար հասանելի է դարձնում առողջ սնունդն ու առողջապահական կրթական միջոցառումները, իսկ առողջ սնուցման ու հիգիենայի թեմաներով երեխաների ուսուցումը հանդիսանում է ծրագրի մեկ այլ կարևոր ու անբաժանելի մասը: Հիմնադրամի կողմից նախաձեռնած ատամների մաքրման հատուկ կայանների՝ Բրաշադրոմների կառուցումը դպրոցնեում ատամների խնամքը խրախուսելու նորարարական լուծումներից է, ինչը նպատակաուղղված է նաև պայքարելու ատամնափուտի տարածվածության դեմ՝ հատկապես նախադպրոցական և տարրական դպրոցի տարիքի երեխաների շրջանում»:
 
Ուան Արմենիա կազմակերպության ներկայացուցիչ Նորա Կայսերյանի խոսքերով «Առողջությունն ու սնունդը երևույթներ են, որ մտահոգում են մարդկությանը, և նրանք արժանի են ունենալ դրանք: Մենք հպարտ ենք, որ համախմբելով համաշխարհային հանրությանը՝ կարողացանք իրականացնել այս նախաձեռնությունը»:
 
Ներկաներին ողջունել է նաև ՀՀ Արագածոտնի փոխմարզպետ Նունե Մովսիսյանը: Նա շնորհավորել է արագածավանցիներին՝ նախագծի իրականացման համար և կարևորել այն իբրև աշակերտների առողջ ապրելակերպի և ճիշտ սննդակարգին ուղղորդող գրավական: Փոխմարզպետը նշել է, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ իրենց համագործակցությունը լավ ավանդույթներ ունի, և առաջիկայում համատեղ իրականացված ծրագրերին ավելանալու են նորերը:
 
«Առողջ սնունդ» և «Ատամների համապարփակ խնամք» ծրագրերը Հայաստանի մանուկներ հիմնադրամի ամենահաջողված նախաձեռնություններից են: Սկսած 2013թ.-ից՝ Հիմնադրամը գործարկել է մի շարք դպրոցական ճաշարաններ և առողջ ու տաք սնունդ մատուցել ավելի քան 600 գյուղաբնակ երեխայի: Ծրագրերի նկատմամբ հետաքրքրվածությունն ու աշխուժությունն այնքան մեծ են եղել, որ շահառու երեխաների ծնողներն ու գյուղաբնակ ֆերմերները, գործարարները նվիրաբերել են միրգ ու բանջարեղեն՝ ի նշան երախտագիտության և ծրագրի բարձր գնահատականի:
 
* * * * * * *
 
Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը՝ երեխայակենտրոն զարգացման ծրագրերի միջոցով: Մենք աշխատում ենք՝ ապահովելու առողջ, կրթված, սոցիալապես պատասխանատու և տնտեսապես աշխույժ գյուղաբնակ համայնքների զարգացումը: Հիմնադրամի համայնքային զարգացման ծրագրի շահառուներն են Հայաստանի Արմավիր և Արագածոտն մարզերի Բաղրամյանի և Թալինի շրջանների 22 գյուղական համայնքների ավելի քան 30,000 բնակիչները: Զարգացման համալիր միջամտություններ են իրականացվել ութ և ընտրովի ծրագրեր վերոնշյալ մարզերի այլ համայնքներում: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել am.coafkids.org և www.coafkids.org:
Նոյյան տապան  -   Բարեգործություն