Հայ մարզիկները պետք է մասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին մարզական խաղերին.ՀԱՕԿ


Հայ մարզիկները պետք է մասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին մարզական խաղերին.ՀԱՕԿ

  • 24-11-2014 14:38:39   | Հայաստան  |  Սպորտ

Նոյեմբերի 21-22-ին Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը` ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ Բաքվում մասնակցեց Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 43-րդ գլխավոր համաժողովին, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում` հաջորդ տարի Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական առաջին խաղերի հետ կապված հարցը:
Համաժողովի պատվիրակները բարձր են գնահատել ՀԱՕԿ-ի որոշումը` մասնակցել Բաքվի համաժողովի աշխատանքներին: Նրանք շեշտել են, որ հայկական կողմի քայլը կարեւոր ներդրում է խաղաղության հաստատման ու մարզաշխարհում համերաշխության կայացման գործում,  ինչպես նաեւ մի նոր մակարդակի վրա է բարձրացնում օլիմպիական շարժման գաղափարները:
Բաքվում կայացած նիստի շրջանակներում ՀԱՕԿ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել աշխարհի տարբեր երկրների ազգային օլիմպիական կոմիտեների պատվիրակությունների հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Եվրոպական երկրների ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչների հետ կայացած առանձին հանդիպումների ժամանակ քննարկվել է Հայաստանի մասնակցության հարցը 2015 թվականին կայանալիք Եվրոպական մարզական առաջին խաղերին: Հայկական կողմի բոլոր հարցադրումներին տրվել են բավարար եւ սպառիչ  պատասխաններ, իսկ Եվրոպական մարզական առաջին խաղերի կազմակերպիչ կողմը մեկ անգամ եւս շեշտել է, որ կապահովի հայկական պատվիրակության անվտանգությունը: 
Եվրոպական օլիմպիական կոմիտեի 43-րդ համաժողովի ընթացքում  նաեւ որոշում է կայացվել հոբելյանական 45-րդ համաժողովն անցկացնել Հայաստանի մայրաքաղաք Երեւանում:
Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեն գտնում է,  որ հայ մարզիկները պետք է մասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին մարզական խաղերին` մեկ անգամ եւս ապացուցելով, որ Հայաստանի մարզիկներն ամենուր կարող են բարձր պահել մեր երկրի պատիվն ու հեղինակությունը: Այսուհանդերձ, հաշվի առնելով հարցի նրբությունը եւ կարեւորությունը ՀԱՕԿ-ը վերջնական որոշում կկայացնի միայն մարզաշխարհի ներկայացուցիչների հետ հանդիպումներից հետո:
Դեռ այս տարվա հոկտեմբերին Երեւանում ՄՕԿ նախագահ Թոմաս Բախի եւ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի ղեկավար Պատրիկ Հիկեի հետ հանդիպման ժամանակ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ այս հարցում վերջնական որոշում կկայացվի բացառապես մարզաշխարհի ներկայացուցիչների հետ կայանալիք հանդիպումներից  հետո, ինչը բարձր է գնահատվել հյուրերի  կողմից: Այնպես որ, ՀԱՕԿ-ը Բաքվում կայանալիք Եվրոպական մարզական խաղերի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի հաշվի առնելով մարզաշխարհի ներկայացուցիչների  կարծիքը:
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play