Սերժ Սարգսյան. «Ուզում եմ դիմել Ադրբեջանին` կոչ անելով<br /> նրան ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիր»<br />


Սերժ Սարգսյան. «Ուզում եմ դիմել Ադրբեջանին` կոչ անելով
նրան ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիր»

  • 20-03-2010 18:30:00   | Ֆրանսիա  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Թուրքիան մեզ մեղադրելու եւ պահանջ ներկայացնելու բարոյական իրավունք չունի: Այսօր մենք Թուրքիայի հետ քննարկում ենք հարաբերությունների վերականգնման հեռանկարները, իսկ դա պետք է տեղի ունենա առանց նախապայմանի,- Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ վերջին 10 տարիներին ԱՄՆ-ի Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց Ցեղասպանությանն անդրադարձող բանաձեւեր մի քանի անգամ արդեն ներկայացվել են եւ «մարտի 4-ի բանաձեւը մեզ համար ոչ անակնկալ էր, ոչ էլ նորություն»: Լրագրողի այն դիտարկմանը, թե բանաձեւն ընդունվում է այն ժամանակ, երբ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ մեկնարկել է հարաբերությունների կարգավորման գործընթացը, Սերժ Սարգսյանը նշել է. «Օրինակ` պատկերացնենք` Թուրքիայի խորհրդարանը հրաշքով վավերացնում է Արձանագրությունները, նույնն է անում նաեւ Հայաստանի խորհրդարանը: Եվ ահա, մենք վերականգնում ենք հարաբերությունները, իսկ որեւէ 3-րդ կողմ, որը չի ցանկանում դա, հատուկ հենց այդ ժամանակ բարձրացնում է Ցեղասպանության հարցը: Եվ ինչ, Թուրքիան դա օգտագործում է որպես շարժառիթ մեր երկխոսությունը կրկին դադարեցնելու համար»: Լրագրողի այն հայտարարության կապակցությամբ, թե «միջազգային հանրությունը համաձայն չէ փետրվարին Լոնդոն կատարած այցի ընթացքում ՀՀ նախագահի արած այն հայտարարությանը, որ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել», երկրի ղեկավարը նշել է. «Պատմությունը հայտնի է. Լեռնային Ղարաբաղն անկախ Ադրբեջանի կազմում չի եղել: Այն կցել է Ադրբեջանին Կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոն: Չեմ կարծում, թե միջազգային հանրությունն այլ տեսակետ ունի: Ինչու միջազգային հանրությունը բուռն կերպով ողջունեց ԽՍՀՄ-ի փլուզումը եւ չհայտարարեց, թե Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը ԽՍՀՄ-ի մասն են: Իսկ Լեռնային Ղարաբաղի դեպքում միջազգային հանրությունը, չգիտես ինչու, պնդում է, թե այն Ադրբեջանի մաս է կազմում: Ձեզ չի՞ թվում, որ դա տրամաբանական չէ»: Այն հարցին, թե ինչ զիջումների է պատրաստ գնալ Հայաստանը ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար, ՀՀ նախագահը նշել է. «Մենք չենք կարող վերացնել հակամարտության հետեւանքները, եթե նախ չպարզենք դրա պատճառները: Մենք նախ եւ առաջ խոսում ենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Երբ այդ հարցը որոշվի, մյուս խնդիրների կարգավորումը կլինի հեշտ եւ արագ»: Այն դիտարկման կապակցությամբ, թե Ադրբեջանը շատ հստակ հայտարարել է, որ երբեք չի համաձայնի Լեռնային Ղարաբաղի անկախությանը եւ թույլ չի տա, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Միջազգային հանրությունը մեզ առաջարկում է այդ խնդիրը կարգավորել միջազգային իրավունքների երեք սկզբունքների հիման վրա` ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման: Օգտվելով առիթից` ուզում եմ դիմել Ադրբեջանին` կոչ անելով նրան ստորագրել ուժի չկիրառման մասին համաձայնագիր: Դա վստահության հիմք կդառնար ինչպես Հայաստանում, այնպես էլ Ղարաբաղում: Մենք` հայերս, շատ լավ ենք հասկանում, թե ինչ է նշանակում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իսկ ադրբեջանցիները կարող են ասել, թե ինչպես են նրանք հասկանում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ադրբեջանը չի խոսում հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, բայց խոսում է հակամարտության գլխավոր մասնակիցներից մեկի` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին»: Ըստ «Երկիրմեդիա» հեռուստաընկերության կայքէջի, Հայաստանի նախագահի հետ հարցազրույցը անցկացրած համաեվրոպական հեռուստաալիքի թղթակիցը շաբաթներ առաջ հարցազրույց էր ունեցել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
Նոյյան տապան  -   Քաղաքական