Դրամի կտրուկ արժեզրկումը չի կարող չհանգեցնել գազի ու էլեկտրաէներգիայի թանկացմանը.Տնտեսագետներ


Դրամի կտրուկ արժեզրկումը չի կարող չհանգեցնել գազի ու էլեկտրաէներգիայի թանկացմանը.Տնտեսագետներ

  • 17-12-2014 16:43:01   | Հայաստան  |  Տնտեսություն

Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանի խոսքով, դրամի արժեզրկումը միանշանակ ազդեցություն կունենա էլեկտրաէներգիայի սակագնի վրա:
 
Նոյեմբերի սկզբին ամերիկյան 1 դոլարը վաճառվում էր 410 դրամով, այսօր կեսօրին մոտ տարադրամի փոխանակման որոշ կետերում արդեն պահանջում էին 620 դրամ:
 
Տնտեսագետների համոզմամբ՝ դրամի նման կտրուկ արժեզրկումը չի կարող չհանգեցնել գազի ու էլեկտրաէներգիայի թանկացմանը:
 
«Եվ այս երևույթը, որ մենք ունեցանք վերջին մեկ ամսվա ընթացքում, իհարկե, ինքն իր արտացոլումը ունի։ Միանշանակ դա մեր հաշվարկների և մեր մոտեցումների վրա իր ազդեցությունը կտա։ Ի՞նչ պետք է անենք, ո՞նց պետք է անենք, առավել ևս թվային արժեքներով, ոչ մեկը հիմա չի կարող պատասխանել միանշանակ, բայց որ ազդեցություն կլինի, միանշանակ, դա կլինի»,- հայտարարեց Գալստյանը այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ:
 
«Ազատության» հարցին՝ էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա՞ այնքան, որքան դրամն է արժեզրկվել, Գալստյանը պատասխանեց. - «Չէ, ես այդպիսի բան չասեցի, ի սեր Աստծո, ես տենց բան չէի կարող ասել»։
 
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը երկու օր առաջ «Ազատությանը» փոխանցեց, որ «այս պահին որևէ որոշում չկա՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դիմելու վերաբերյալ», սակայն միաժամանակ նշեց՝ «ուսումնասիրում ենք ընկերության ֆինանսական կայունության հարցը»։ 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play