Դրամական և հոգևոր աջակցություն՝ հաշմանդամ զինվորին


Դրամական և հոգևոր աջակցություն՝ հաշմանդամ զինվորին

  • 23-12-2014 17:24:36   | Հայաստան  |  Բարեգործություն

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի առաջնորդությամբ Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը և երիտասարդաց միության անդամները այցելեցին առաջին կարգի հաշմանդամ Գևորգ Եղիազարյանին: Վերջինս երեք տարի առաջ ՀՀ ԶՈՒ ծառայության ընթացքում թշնամու կողմից ստացած հրազենային վնասվածքի պատճառով առաջին կարգի հաշմանդամ է դարձել: Այցելության նպատակը «Նվիրիր հույս» բարեգործական երկրորդ համերգից ստացված ողջ հասույթը Գևորգ Եղիազարյանին փոխանցելն էր:
Այդ համերգը դեկտեմբերի 19-ին Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ կազմակերպել էր Զորավոր ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը:  
«Դու միայնակ չես, բոլորս աղոթում ենք քեզ համար՝ հոգով և սրտով քեզ հետ լինելով: Քո առողջությունը խաթարվել է հայրենիքի ծառայության սուրբ գործի ճանապարհին: Հուսանք, որ Տերը կզորացնի, կդարմանի քո ցավերը՝ լիարժեք կյանքի վերադարձնելով»,- ասաց Նավասարդ սրբազանը հաշմանդամ զինվորին: Սրբազան հայրը Քրիստոսի հետ կենդանի հաղորդակցություն ունենալու համար Գևորգին նվիրեց Նոր Կտակարան:
Գևորգ Եղիազարյանի ծնողներն իրենց երախտագիտությունը հայտնեցին Սրբազան Հորը: Մեծ ուրախությամբ նշեցին, որ արդեն չորս ամիս է, ինչ ձեռք են բերել նոր բարեկամներ և ընկերներ, հանձինս՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի, համայնքի և երիտասարդաց միության անդամների: Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից հայտնում են,  որ Գևորգը ներառված էր թեմի կողմից նախաձեռնած «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրում:
 
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն