Կնքվել է հուշագիր՝ ՆԱՍԴԱՔ Արմենիայի և ՀՊՏՀ-ի միջև


Կնքվել է հուշագիր՝ ՆԱՍԴԱՔ Արմենիայի և ՀՊՏՀ-ի միջև

  • 26-12-2014 14:13:03   | Հայաստան  |  Տնտեսություն

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) և ՆԱՍԴԱՔ Արմենիան (ՆԱ) կնքեցին Համագործակցության հուշագիր` միտված արժեթղթերի շուկայի մասնագիտացման կրթական ծրագրերի կատարելագործման իրականացմանը:
Համաձայն հուշագրի ՆԱ-ն և ՀՊՏՀ-ն նախատեսում են համատեղ կազմակերպել և իրականացնել գիտաժողովներ, սեմինարներ և քննարկումներ, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքներ: Նախատեսվում է համատեղ մշակել և կազմել արժեթղթերի շուկայի վերաբերյալ ուսումնական պլաններ, առարկայական ծրագրեր, ինչպես նաև ընտրել մագիստրոսական թեզերի թեմաներ, որոնք պետք է համապատասխանեն ՆԱ-ի կողմից շրջանավարտներին առաջարկվող աշխատանքի բնույթին:   
ՀՊՏՀ-ի ռեկտոր պրն Կորյուն Աթոյանն հուշագրի կնքման հետ կապված իր բացման խոսքում նշեց. «Մեր  բուհի հիմնական առաքելությունը որակյալ  կրթության ապահովումն է, և բազմիցս ասվել է, որ առանց գործատուների հետ համագործակցելու բուհը պարզապես որակյալ կրթություն ապահովել չի կարող»: ՆԱ-ի գլխավոր տնօրեն պրն Կոնստանտին Սարոյաննն իր հերթին հավելեց, որ հուշագրի պաշտոնական ստորագրումն, ըստ էության, ամփոփում է այն համագործակցությունը, որն արդեն առկա էր երկու կողմերի միջև: 
Նշենք, որ ՆԱ-ն անչափ կաևորում է ֆինանսական գրագիտության բարձրացումը և ուսանողների կրթումը, ինչի ապացույցն են ՆԱ-ում և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայում պարբերաբար կազմակերպվող բաց դռների օրերն ինչպես ՀՊՏՀ, այնպես էլ այլ համալսարանների ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար, ինչպես նաև տարբեր բուհերի ուսանողների համար ուսումնական պրակտիկաների անցկացումը: 
 
ՀՊՏՀ-ի մասին
ՀՊՏՀ-ի հիմնադրման ակունքները գալիս են 1930 թ.-ից` դեռևս կոոպերատիվ-տնտեսագիտական ինստիտուտից: ՀՀ Կառավարության 1999 թ. նոյեմբերի 30-ի որոշմամբ բուհը վերանվանվել է որպես Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ, իսկ 2006 թ. հունիսի 6-ին ստացել է համալսարանի կարգավիճակ և կոչվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան պետական ոչ առևտրային կազմակերպություն:
Բուհն իր գոյության ընթացքում տվել է ավելի քան 30.000 շրջանավարտ: Ներկայումս համալսարանի մասնագիտական և ոչ մասնագիտական  ամբիոններում դասախոսում են  տասնյակ  գիտության դոկտորներ,  պրոֆեսորներ, գիտության թեկնածուներ, դոցենտներ, ասիստենտներ, ինչպես նաև դասավանդում են համատեղությամբ աշխատող բարձրակարգ մասնագետներ:  
 
 
 
Nasdaq-ի մասին
Nasdaq (NASDAQ: NDAQ) առևտրային, բորսայական տեխնոլոգիաների, տեղեկատվական և բաժնետիրական ընկերությունների համար հատուկ ծառայությունների առաջատար մատուցողն է աշխարհի վեց մայրցամաքներում: Իր բազմազան լուծումների միջոցով Nasdaq-ն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում պլանավորել, օպտիմիզացնել և վստահաբար իրագործել իրենց բիզնես տեսլականը՝ օգտագործելով այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք ապահովում են թափանցիկություն և ուղղորդում են ներկայիս գլոբալ կապիտալի շուկաներում: Լինելով էլեկտրոնային բորսայական հարթակի հիմնադիր՝ Nasdaq-ի տեխնոլոգիաները սպասարկում են ավելի քան 80 շուկաներ աշխարհի 50 երկրներում. ողջ աշխարհում արժեթղթերով 10 գործարքներից 1-ը իրականացվում է Nasdaq-ի միջոցով: Nasdaq-ի հարթակում ցուցակված են ավելի քան 8,5 տրլն ԱՄՆ դոլար կապիտալացում ունեցող ավելի քան 3,400 ընկերություններ, իսկ ծառայություններից օգտվող կորպորատիվ հաճախորդների թիվը գերազանցում է 10,000: Ավելին իմանալու համար այցելեք www.nasdaqomx.com:
26.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն դարձավ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի 100% բաժնետերը: 2014թ. հոկտեմբերի 1-ից «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն և «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ն Հայաստանում գործունեություն են ծավալում «Նասդաք Արմենիա» բրենդի ներքո:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play