Տեառնընդառաջի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Տեառնընդառաջի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

  • 14-02-2015 18:38:42   | Հայաստան  |  Հասարակություն

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց 40-օրյա մանուկ Հիսուսի` տաճարին ընծայման տոնը: 
Տոնի սկիզբն ազդարարվել էր երեկ` փետրվարի 13-ի Երեկոյան ժամերգությանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում կատարվեց նախատոնակ, տեղի ունեցավ նաև այս տարվա անդրանիկ  անդաստանի կարգը, որի ժամանակ օրհնվեցին աշխարհի չորս կողմերը: Այնուհետև հոգեզմայլ «Քրիստոս փառաց» տաղի ներքո Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանից Ամենայն Հայոց Հայրապետի ձեռամբ վառված մոմը հանդիսավոր թափորով առաջնորդվեց դեպի Գևորգյան հոգևոր ճեմարանի շրջափակ, ուր վառվեց աստվածային լույսը խորհրդանշող մեծ խարույկը: Մայր Աթոռի միաբանների և Գևորգյան Հոգևոր ճեմարանի սաների կողմից կատարվեցին տոնին նվիրված շարականներ ու ազգային երգեր, իսկ արարողությանը ներկա հավատավոր ժողովուրդը խարույկից վառված ճրագները տարան իրենց օջախները:
Իսկ փետրվարի 14-ին Մայր Տաճարում մատուցվեց սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը: 
Հայր Սուրբն իր քարոզում հանգամանորեն անդրադարձավ Տեառնընդառաջի խորհրդին` մասնավորապես ընդգծելով, որ այն յուրաքանչյուրի համար ներքին վերափոխման ու այլակերպման առիթ պետք է դառնա: «Առաքելահաստատ այս տոնը լույսի, հույսի և Աստծուն ընդառաջ գնալու հրավեր է, որը մեր սրտերն ու հոգիները լցնում է սիրով և ջերմությամբ` ևս մեկ անգամ մեզ հիշեցնելով Տիրոջ հետ հանդիպման, Նրանով մեր կյանքն արժևորելու և Տիրոջ անմար լույսը մեր մեջ ունենալու անհրաժեշտությունը: Այսօր առավել քան երբևէ կարիքն ունենք Աստծու այդ լույսի, որպեսզի ցրվի անգիտության խավարը, և մեր կյանքը պայծառակերպվի և իմաստավորվի Քրիստոսով: Հետևաբար, կրողը լինենք ոչ միայն Տիրոջ լույսի, այլև ինքներս լույս լինենք մեր շրջապատում` մեր օրինակով ցույց տալով քրիստոնյա և Եկեղեցու անդամ լինելու քաղցրությունը», - նշեց Զաքարիա վարդապետը:
Սուրբ Պատարագի ավարտին Մայր Տաճարում Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի նախագահությամբ կատարվեց նորապսակ զույգերի օրհնության արարողություն, որին մասնակցեցին նաև նորապսակ միաբան սարկավագները: 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն