Փետրվարի 19-ին` Գիրք նվիրելու օրը, կմեկնարկի Մանկապատանեկան գրքի երևանյան 11-րդ տոնավաճառը


Փետրվարի 19-ին` Գիրք նվիրելու օրը, կմեկնարկի Մանկապատանեկան գրքի երևանյան 11-րդ տոնավաճառը

  • 18-02-2015 19:32:36   |   |  Մշակույթ

Փետրվարի 19-ը 2008 թվականից ի վեր  Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր: Ինչպես փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, այս տոնը սահմանվել է Հայաստանի գրողների միության նախագահ, երջանկահիշատակ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ: 
Ըստ Ռ.Տոնոյանի` փետրվարի 19-ը պատահական չէ ընտրված, քանի որ 1869 թվականի նույն այս օրը ծնվել է Ամենայն հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: Մինչ այս, ըստ Ռ.Տոնոյանի, արդեն 11 տարի է Երևանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փետրվարի 19-21-ը  կազմակերպվում և անցկացվում է Մանկապատանեկան գրքի ցուցահանդես-վաճառք, որը նվիրվում է Հովհաննես Թումանայանի ծննդյան և ապա՝ գիրք նվիրելու օրվան: Նշվեց նաև, որ եռօրյա տոնավաճառի ընթացքում նախատեսվում են անհատական և խմբային այցելություններ, բազմաբնույթ միջոցառումներ` գրքի ցուցահանդես-վաճառք գրադարանի ճեմասրահներում, բարձրաձայն ընթերցանությունների շարքեր, փետրվարի 19-ին գրքերի նվիրատվություններ, թումանյանական մոտիվներով երաժշտական վիկտորինա, գրական խաղ, մուլտֆիլմերի դահլիճային դիտումներ և այլ միջոցառումներ: Երեւանյան 11-րդ տոնավաճառը անցացվելու է Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի եւ Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: 
Ռ.Տոնոյանի տեղեկացմամբ` ավանդական դարձած ցուցահանդես-տոնավաճառը նպատակ ունի ոչ միայն ամրապնդելու գիրք-ընթերցող կապը, հանրությանը ծանոթացնելու ՀՀ հրատարակիչների վերջին տարիների լավագույն հրատարակություններին, այլև արթնացնել սեր և հետաքրքրություն մանուկների և պատանիների շրջանում գրքի և ընթերցանության նկատմամբ:
Եռօրյա տոնավաճառին անդրադարձավ «Էդիտ Պրինտ» հրատարակչության տնօրեն, Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանը և նշեց, որ գիրք նվիրելու օրվա հիմնական գաղափարը մարդկանց դեպի գիրքը եւ ընթերցանությունը մղելն է:
«Գիրք նվիրելու օրն իսկապես ընդունվեց հայ հասարակության կողմից, անգամ մեծացավ հետաքրքրությունը մանուկների և պատանիների շրջանում»,- ասաց Մ. Կարապետյանը` հավելելով, որ երեխանները սիրով են միմյանց գիրք նվիրում:
«Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանն էլ հավելեց, որ տոնի հանրայնացման գործում մեծ կարևորություն ունեն ոլորտի մասնակիցների գործառույթները: Նրա տեղեկացմամբ, վերջին երեք տարիներին «Զանգակ» հրատարակչությունը Գիրք նվիրելու օրը վերածել է տոնի. նախաձեռնել է մի շարք միջոցառումներ` «Գիրք անծանոթին», «Ընծայագրիր գիրքը» եւ այլն:
«Երեք տարի առաջ սոցցանցերի միջոցով մարդիկ տարածում էին գրքերը և հավանության արժանանալու քանակով նվիրվում էին այդ գրքերը»,- ասաց Է. Մկրտչյանը:
Նրա տեղեկացմամբ` այս տարի փետրվարի 19-ից մինչև մարտի 12-ը «Զանգակ» հրատարակչության պաշտոնական կայքում այցելուները հնարավորություն կունենան գիրք ընծայագրել որևէ  հասցեատիրոջ, իսկ կայքի աշխատակիցները, ընտրելով ամենայուրօրինակ ընծայագրերը, հեղինակներին կնվիվրեն գրքեր: 
Մ. Կարապետյանի գնահատմամբ, ակնհայտ փոփոխություններ կան ընթերցողների թվի աճի հետ կապված և կարևոր չէ թե որ տարբերակով են կարդում` գրքային  թե էլեկտրոնային: «Մեզ համար կարևոր է, որ ընթերցանությունը զարգանա, իսկ տարբերակը` էական չէ»,- նշեց Մ. Կարապետյանը և հավելեց, որ գրագետ հասարակություն ունենալու համար անհրաժեշտ է մարզային, համայնքային գրադարանները պարբերաբար համալրել  նոր գրքերով:
 
  
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Մշակույթ